Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արտագաղթը դատարկում է Սիզավետ համայնքը

Արտագաղթը դատարկում է Սիզավետ համայնքը
19.07.2019 | 02:18

Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրի համար արտագաղթը սերնդեսերունդ փոխանցվող կյանքի բնականոն ընթացք է. թոռը սովորել է հորն ու պապին տարիներով չտեսնել: Սիզավետը պատմություն ունեցող համայնքներից է:


1830-ական թվերին Լոռու մարզի Տաշիրի շրջանի Մեծավան գյուղից Սոկրատ անունով մեկն իր ընկերոջ հետ գալիս է այս տարածք և, բնության գեղեցկությամբ տարված, որոշում է տեղում հիմնել գյուղ, որը հետո բնակեցվում է տարբեր վայրերից եկած ընտանիքներով: Գյուղի առաջին շինությունը եղել է եկեղեցին, որի կառուցումն ավարտվել է 1852 թվականին: Հիմնադրման օրից մինչև 1939 թիվը գյուղը կոչվել է Քոռաղբյուր, որն այդ ժամանակ համարվել է շրջանի ամենամեծ գյուղը՝ 300-400 տնտեսությամբ: Ժամանակ անց գյուղն անվանվել է նաև Ծաղկաշեն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հատուկենտ ընտանիքներ լքել են գյուղը, իսկ 1960-ականներին արտագաղթը կրել է համատարած բնույթ: Մարդիկ արտագաղթել են հիմնականում սովի պատճառով, տները լքել են դատարկաձեռն՝ առանց հացի փշուր ունենալու: Արտագաղթը շարունակվում է նաև այսօր, ընտանիքներով տեղափոխվում են Երևան, Վրաստան և Ռուսաստան:


Սիզավետ բնակավայրի վարչական ղեկավար ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով` արտագնա աշխատանքի մեկնածներն աշխատում, գումար են հավաքում, դրսում տներ առնում ու անվերադարձ հեռանում ընտանիքներով: Դռները մնում են փակ, հողերը՝ անմշակ, թեև որոշ հողամասեր հանձնվում են բարեխիղճ ու աշխատասեր հարևանների մշակմանը:

ՍԻԶԱՎԵՏԻ ԿՅԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ
Սիզավետում այսօր ապրում է 320 մարդ, թեև փաստացի գրանցված են 392-ը: Գյուղում 30 տարեկան չամուսնացած 25 երիտասարդ կա, այդ թվում` վարչական ղեկավարը, աղջիկները հիմնականում ամուսնանում են գյուղից դուրս, դրսի աղջիկները դժվարությամբ են համաձայնում հարս գալու:
Գյուղի փողոցներն ամխիթար վիճակում են, արդարացում կա՝ «տարին տասներկու ամիս բորան ա ու անձրև», լուսավորություն չկա: Գյուղի հատուկենտ հարսանիքները կատարվում են Գյումրիում, իսկ բանակի խնջույքները՝ գյուղապետարանի անբարեկարգ շենքի մի հատվածում. այստեղ կատարվում են նաև թաղման արարողությունները, մեկ այլ սենյակում էլ երբեմն զրուցելու, նարդի խաղալու համար հավաքվում են գյուղի տղամարդիկ: Հենրիկ Պողոսյանի փոխանցմամբ` շրջանում լավագույնի համբավ ունեցող Սիզավետի դպրոցում սովորում է 50 երեխա, այս տարի 5 շրջանավարտ են ունեցել, սեպտեմբերին դպրոց կհաճախի 4 առաջին դասարանցի: 50-հոգանոց դպրոցը 25 աշխատող ունի: Գյուղն ունի բուժկետ, որն ընդգրկված է Աշոցքի հիվանդանոցի կազմում: Շտապ օգնության մեքենայի համար ձյունառատ ու բուք օրերին ճանապարհները դժվարանցանելի են ու թեև մշտապես մաքրվում են, սակայն դարձյալ ծածկվում են ձյան հաստ շերտով:


Սիզավետում երկարատև ու ցրտաշունչ եղանակը հողագործությամբ զբաղվելու քիչ ժամանակ է թողնում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հողը մշակվում է, թեև գյուղացիները սպասվող արդյունքը հաճախ չեն տեսնում: Սեփականաշնորհման ընթացքում գյուղում յուրաքանչյուր ծխի բաժին հասավ 9 հեկտար հող, որոշ ընտանիքներ ստացան 20-25 հեկտար: Համայնքային հողերը կազմում են 4813 հեկտար, որից 2103 հեկտարը տրամադրվել է «Արփա լիճ» ազգային պարկին: Սիզավետում մրգատու ծառեր չկան, գարու և ցորենի մշակումն արդյունավետ չէ, հիմնական մշակաբույսը վարսակն է, աճեցնում են նաև կարտոֆիլ, ամենաեկամտաբերը սխտորն է, կանայք հինականում զբաղվում են ազնվամորու մշակմամբ:
Սիզավետի բնակչի կարծիքով` միջազգային ծրագրերից օգտվելը ռիսկային է, բնակլիմայական պայմանները բարենպաստ չեն: Սակայն այդ նույն պայմաններն ամենևին չեն խանգարում Հենրիկ Պողոսյանին ու նրա՝ Սիզավետի նախկին գյուղապետ հորը դառնալու ՄԱԿ-ի առաջարկած ծրագրերի ակտիվ շահառու: Համագյուղացիները հրաժարվել են այդ ծրագրերից, միայն Պողոսյանների ընտանիքն է գրանցվել որպես անհատ ձեռներեց և զբաղվում է հնդկաձավարի, կտավատի, ոսպի, սիսեռի ու ոլոռի մշակմամբ, կտավատից նաև ձեթ են ստանում, սակայն արտադրանքն առայժմ չի իրացվում, այլ պահեստավորվում է:


Սիզավետի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Սակայն այս դեպքում էլ բնակիչները դժգոհում են կովկասյան գորշ տեսակի կովերի ցածր կաթնատվությունից, թեև կաթը «Ազատան-կաթ» մթերման կենտրոնը գնում է 150 դրամով: Ռուսաստանից սպասում են կաթնատու կովերի խմբաքանակի, բայց դրանց խնամքի համար գյուղում բարենպաստ պայմաններ չկան: Արտագաղթի պատճառով գյուղը հովիվներ չունի, նրանց գործն ամռան ամիսներին ինքնակամ ստանձնել են երեխաները: 6-րդ դասարանցի ՍԵՎԱԿԸ եղբոր և Ջիմի շան հետ հորթերին տանում է մոտակա դաշտ, ծնողներին օգնում հողամասում: Նրա պատմելով` մի քանի անգամ գայլերը սարերից իջել են գյուղ, գայլ չի տեսել, սակայն տեսել է, թե աղվեսն ինչպես է հարևանի հավաբնից հավ գողացել: Սևակը համադասարանցի տղաների նման երազում է ֆուտբոլիստ դառնալ, սակայն դպրոցում սպորտի խմբակ չկա, իրենք Գյումրիում տուն ունեն ու երևի ընդմիշտ տեղափոխվեն Գյումրի:


«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿ ԲԵՐԱՆՆԵՐՍ ԽՈՒՓ ԷԻՆ, ԳԼՈՒԽՆԵՐՍ` ԿԱԽ»
Գյուղի ամենատարեց բնակչուհին Հենրիկ Պողոսյանի տատն է՝ ԱՐՓԵՆԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: 89 տարեկան է, վարչական ղեկավարը կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ տատը 100 գիգաբայթ հիշողություն ունի: Արփենիկ Առաքելյանից հետաքրքրվում եմ ապրած կյանքից:
«Լավ կյանք չեմ տեսել, ի՞նչ պատմեմ, սովխոզ-կոլխոզ եմ մտել, օր ու գիշեր աշխատել, մինչև երկիրն անկախացավ: 24 տարեկանում ամուսնացել եմ, երեք երեխա եմ մեծացրել, 4 ամիս բարուրը մեջքիս չոլերն եմ եղել, ութ ամիս` գոմերը ու էդպես մեծացրել բոլոր երեխեքին, էտի եղավ կյա՞նք: Ի՞նչ կյանք եմ տեսել, որ: Քառասունվեց տարեկան էի, ամուսինս մահացավ, օգնող չկար, կիսուրս հազիվ իր բկի մասին էր մտածում: Մեր ժամանակ հարսների բերանը խուփ էր, գլուխը՝ կախ: Ես 3 հարս ունեմ, բայց կարգին կիսուր ե՞րբ եմ եղել որ, սաղ օրը գոմում էի: Մի կարգին տուն էլ չունեինք, էնքան աղքատ էինք, որ մի կատու էլ չունեինք, 1957 թվին տուն սարքեցինք, կամաց-կամաց տուն-տեղ ունեցանք: Էս գյուղը ոնց աղքատ եղել ա, էդպես էլ մնացել ա: Տղես գյուղապետ էր, բայց ձեռին ի՞նչ կար»,- պատմում է Սիզավետի ամենատարեց բնակչուհին:
Արփենիկ Առաքելյանի խոսքով` այսօրվա հարսները լավն են, բայց «լեզուներն իրանցը չի», գյուղից յուրաքանչյուր հեռացողի համար ցավ է ապրել, մի կարգին զրուցակից էլ չի մնացել, գնում են ու գնում:

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔԻ Է
2005-2016 թվականներին Սիզավետը ղեկավարած նախկին գյուղապետ ՖՐՈՒՆԶ ՊՈՂՈՍՅԱՆԸ այսօր շարունակում է ժամանակին սկսած գործը՝ կտավատ է մշակում, դրանից ձեթ ստանում ու գովազդում սեփական արտադրանքը: Պատմեց, որ համայնքների միավորումից հետո գյուղապետարանի բանալիները հանձնել է որդուն՝ Սիզավետ վարչական տարածքի ընտրված ղեկավարին ու վարել «Լատիֆ» ընտանեկան կոոպերատիվի աշխատանքները: ՄԱԿ-ի կողմից իրականացվող բոլոր ծրագրերում ներգրավվել է, գյուղացիներից շատերը հրաժարվել են ծրագրերին մասնակցելուց, ոչ մեկի մոտ ոչինչ չի ստացվել, և միայն նրան է հաջողվել ծրագրերը կյանքի կոչել: Համագյուղացիներին առաջարկել է 5000 դրամ օրավարձով աշխատել իր կոոպերատիվում, հրաժարվել են: Ֆրունզի համոզմամբ` կառավարության ներդրած նպաստային համակարգը սխալ էր, ժողովուրդը սովորեց ծուլության, ունեցած անասունները 50-60 հազար դրամով վաճառեց ու չնչին նպաստը գերադասեց աշխատանքից: Ֆրունզը մեծ տնտեսություն ունի՝ 45 կով, հորթեր, ցուլ, իր խոսքով` շատ լավ են ապրում, թեև տունն արտաքինից աղքատիկ էր: Ֆրունզը համայնքների խոշորացման, կառավարման մասին իր տեսակետն ունի. «Խոշորացումը ճիշտ է, անգրագետները դժգոհում են. եթե համայնքը ծրագրեր ներկայացնի, ներդրող կլինի, միայն համայնքի բյուջեով չի լինի: Էսօր կառավարությունը համայնքներին դոտացիա չպետք է տա, թող տա բանակին, ՊՆ-ին, սահմանամերձ գյուղերին, պատահել է, որ գյուղացուն դատի եմ տվել հողի հարկը չմուծելու համար, որ բյուջե ունենամ, վատամարդ եմ դարձե՞լ, ոչինչ: Դոտացիա ինչի՞ տա, թող բյուջեն լցնի հողի հարկով: Կամ 10 ավագանին ինչի՞ համար է, թող մեկ-երկուսը լինի, բայց գործ անեն, տնետուն ման գան, որ իմանան` ի՞նչ խնդիր ունի գյուղը, որ էն մի գյուղի ճանապարհը սարքեն, էն մյուս գյուղի լուսավորությունը, մեկի ջրի հարցը ու էսպես հերթով։ Ավագանին պետք է նշանակովի լինի, գյուղապետ կա, որ ՏԻՄ օրենքը չգիտի, նույնը` ավագանու անդամը: Օրենքներից անտեղյակ են, անգրագետ են»:


Սիզավետի բնակչուհի, բուժքույր Սիլվա Ավագյանը դժգոհում է, որ գյուղում խաղահրապարակ չկա, երեխաները դրսում խաղում են ցեխաջրերի մեջ, հետաքրքիր ու ժամանցային վայր չկա, նրանք էլ ողջ օրը հեռախոսներից չեն կտրվում: «Տանը կարող է հաց չլինի, բայց տնեցիներին ստիպում են հոր ուղարկած փողով հեռախոս գնել, արգելում ես, դառնում ես վատամարդ»: Գյուղի կանանց նման Սիլվայի զբաղմունքը հողագործությունն է, կարտոֆիլ, սխտոր, ելակ է մշակում, ու քանի որ իրացման խնդիր կա, մշակում է միայն ընտանիքի համար: Նրա խոսքով` նախկինում կաթը մթերվում էր 120 դրամով, բողոքելուց հետո մթերման գինը դարձավ 150 դրամ, սակայն կազմակերպությունը հաճախ վճարում է ուշացումով: Ասում է, որ իրենց մոտ 150 դրամով անգամ մեկ շիշ ջերմուկ հնարավոր չէ գնել, որ պոմիդորն արժե 450 դրամ, իսկ 1 կգ պոմիդորի գինը հավասար է 4-5 լիտր կաթի գնին. կաթի նախընտրելի գինը 180-200 դրամն է, սակայն «Ազատան-կաթը» համաձայն չէ. «Աշոցքի գյուղերին տիրություն անել է պետք, մենք բնության կողմից տուժված շրջան ենք, էսպես որ գնաց գյուղը լրիվ կդատարկվի, իսկ էսպիսի քանի մոռացված գյուղ կա Հայաստանում»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արփենիկ Առաքելյան
  • Ֆրունզ Պողոսյան
  • Հենրիկ Պողոսյան
Դիտվել է՝ 10650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ