ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Թե այսքան չարիք մոռանան մեր որդիք, աշխարհը թող չարին դառնա նախատինք»

«Թե այսքան չարիք մոռանան մեր որդիք, աշխարհը թող չարին դառնա նախատինք»
05.05.2015 | 10:29

Այս օրերին Հայաստանը հյուրընկալել է մեծ թվով օտարերկրացիների, առավելապես՝ սփյուռքի մեր հայրենակիցներին: Նրանց բոլորի այցի նպատակը Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցությունն է: Իսկ ոմանք էլ պատմական առաքելությամբ են հայրենիքում: Այդպիսի ազգանվեր գործով է հայրենիք եկել ֆրանսահայ ֆիզիկոս Հայկանուշ Գրքաշարյան-Սաչյանը, որը ապրիլի 21-ին ամուսնու՝ վիրաբույժ Ահարոն Գրքաշարյանի հետ հյուրընկալվել էր Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում:
Լինելով Կիլիկիայի պատմական Հաճն քաղաքում ապրած, ապա եղեռնի պատճառով Ֆրանսիա գաղթած ծնողների զավակ՝ Հայկանուշ Գրքաշարյանն ամբողջ կյանքում նպատակ է ունեցել գրելու և հրատարակելու գիրք Հաճնի մասին: Սկզբում ֆրանսերեն և իսպաներեն, իսկ այժմ, հուրախություն մեզ, նաև հայերեն հրատարակվել է նրա տարիների տքնանքի արդյունքը՝ «Հաճն, եթե քեզ մոռանանք» գիրք-հուշագրությունը, որի շնորհանդեսը հայրենիքում տեղի է ունեցել վերջերս:
Քոլեջի տնօրեն Ռ. Թովմասյանը պատմական փոքրիկ ակնարկով ներկայացրեց Հաճն բնակավայրը Կիլիկիայում, ապա՝ եղեռնի հետևանքով երբեմնի այդ հարուստ ու բարգավաճ քաղաքի դատարկման ու շուրջ 30000 հայ բնակչության տեղահանման և բնաջնջման ցավալի փաստը: Նա անդրադառնալով Հ. Գրքաշարյանի գրքին՝ նշեց, որ, ճանաչողական մեծ արժեք ունենալուց բացի, գիրքն առանձնահատուկ է նրանով, որ յուրատեսակ կոչ է՝ ուղղված համայն աշխարհի հզորներին, որոնց անտարբեր հայացքի առջև տեղի ունեցավ ահռելի ոճրագործությունը: Այնուհետև խոսքը տրվեց հյուրին:
Հ. Գրքաշարյանը, լինելով մասնագիտությամբ ֆիզիկոս, պատմաբանին հատուկ զարմանալի հմտությամբ ներկայացրեց մեր պատմության ցավալի այն էջը, որը վերաբերում էր իր ծնողների բնակավայրին՝ Հաճնին: Բանախոսը, հանգամանալից անդրադառնալով գրքում արծարծած իր թեմաներին, մանրամասնորեն պատմեց 1915-1920 թթ. շարունակական ջարդերի, 1920 թ. Հաճնի ութամսյա հերոսամարտի և կամավորական զորաբանակի պարագլուխ Կարապետ Չալյանի գործունեության և հերոսական սխրագործությունների մասին: Նա նշեց, որ սա, փաստորեն, այս գրքի երկրորդ շնորհանդեսն է, և ուրախ է, որ այն ներկայացնում է մատաղ սերնդի` հայրենասիրական ոգով տոգորված ուսանողներին: Այս գիրքը պարունակում է իրական տեղեկություններ, որի նյութն առնված է Ֆրանսիայի արխիվներում պահվող մի գրքից, որը պատահաբար է հայտնվել իր ձեռքում, և որի հեղինակը Կիլիկիայի հայկական զորագնդի ֆրանսիացի մի զորավար է: Հ. Գրքաշարյանը հուզմունքով էր խոսում այդ գրքի այն հատվածի մասին, որտեղ նկարագրված էին իր ընտանիքի, մասնավորապես հաճնցի մոր տառապանքները, եղեռնի սահմռկեցուցիչ օրերին: «Ես ո՛չ պատմաբան եմ, ո՛չ էլ թղթակից,- ասաց Հ. Գրքաշարյանը:- Այս գրքով իմ հարգանքն եմ մատուցել մեր նախնիներին, միաժամանակ իմ ձայնն եմ բարձրացրել, որ այլևս նման ոճրագործությունները չկրկնվեն»: Խոսքի ավարտին հեղինակն ընթերցեց գրքի վերջաբանը, որում նշված է, որ ամեն տարի հոկտեմբերի 15-ին Հաճնի աշխարհասփյուռ զավակները հավաքվում են և ոգեկոչում Մեծ եղեռնի զոհ դարձած հաճնցիների և բոլոր զոհերի հիշատակը: Միաժամանակ իրենց հարցն են ուղղում աշխարհի մեծ տերություններին, թե ո՞ւր էին նրանք, երբ Թուրքիան իր ոճիրն էր իրագործում, և արդյոք ե՞րբ և ինչպե՞ս պետք է նրանք քավեն իրենց մեղքերը:
Արդարացի հարցերը, որ այսօր բոլոր հայերը միաբերան բարձրաձայնում են, դահլիճում ոգևորություն առաջացրին, և յուրաքանչյուր ոք ներքուստ հավատաց, որ հատուցման պահը մոտենում է, և որ մենք մեր ձայնը կարողանում ենք լսելի դարձնել:
«Թե այսքան չարիք մոռանան մեր որդիք, աշխարհը թող չարին դառնա նախատինք»,- մեծ գրողի խոսքերով դահլիճին դիմեց տնօրեն Ռ. Թովմասյանը և երախտագիտություն հայտնելով հյուրին ճանաչողական դասախոսության համար, ասաց, որ նման ազգանվեր գործիչների շնորհիվ է, որ մեր արդար պահանջը հասու է դառնում աշխարհին, և նրանց շնորհիվ էլ մատաղ սերունդը պետք է ճանաչի իր պատմությունը և պայքարի արդարության համար:
Գրքաշարյանների ընտանիքին քոլեջի ուսանողները նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստած խորհրդանշական ծառ, որը խթան կհանդիսանա նրանց հերոսական գերդաստանի հետագա բարգավաճմանը: ՈՒսանողները պատրաստել էին նաև գրական-երաժշտական համարներ՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի մոտիվներով: Հնչեցին հատվածներ պոեմից և կատարվեցին Կոմիտասի երգերից «Հով արեք»-ը, «Գարուն ա»-ն և «Կռունկը»:

Էմմա ՄԽԵՅԱՆ
Գյուղատնտեսական քոլեջի դասախոս

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ