ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վատ օրենքների և լավ պաշտոնյաների պարագայում կարելի է երկիրը կառավարել

Վատ օրենքների և լավ  պաշտոնյաների պարագայում կարելի է երկիրը կառավարել
19.12.2014 | 11:17

Ավարտվում է 2014 թվականը: Աշխարհում խորանում է քաղաքական, տնտեսական ճգնաժամը: Մեր մոլորակում գոյության պայքարն է՛լ ավելի է սրվում: Հացի խնդիրը օրհասական է դառնում հատկապես հետխորհրդային շատ երկրներում: Ցանկացած պետության կառավարություն նման պայմաններում գործելու համար փորձառու, հմուտ և, ամենակարևորը, նվիրյալ կառավարողներ պիտի ունենա: Այդ կառավարողը պիտի օրնիբուն մտածի ժողովրդի, երկրի և ոչ թե ամենօրյա շքեղության ու հաճույքների մասին, ամեն շաբաթ կամ կիրակի խաշ ուտելու, վրայից էլ խորոված ու ձուկ և հետո էլ հաճույքի համար փողոտ տղերքի հետ սեկա կամ բլոտ խաղալու մասին: Լավ կառավարողը, պաշտոնյան, անկախ նրանից, թե կառավարման հիերարխիայում ինչ պաշտոն են զբաղեցնում, ավելի շահեկան են ժողովրդի, պետության համար, քան ընդունված ամենալավ օրենքները: Այդ միտքն ինձ հուշել է հայտնի կանցլերը իր հայտնի ասույթով, որ վատ օրենքների և լավ պաշտոնյաների պարագայում կարելի է երկիրը կառավարել, բայց եթե պաշտոնյաները վատն են, չեն օգնի նույնիսկ ամենալավ օրենքները: Եթե պաշտոնյան ագահ է, ընչաքաղց, ամբարի պատը ծակելու և այնտեղից անընդհատ կրելու էությամբ է օժտված, ոչ մի լավ օրենք չի օգնի, անգամ մկնդեղը:
Հետխորհրդային անցած տարիները ցույց են տալիս, որ բոլոր երկրները տառապում են կադրային այդ սովով, ոչ թե գիտելիքների պակասությունը նկատի ունեմ (թեև դա շատ կարևոր է), այլ անձնական դրական որակները: Շուրջ քսանհինգամյա մեր նորագույն պատմության մեջ այդպես էլ որևէ պաշտոնյա չարժանացավ ժողովրդի համակրանքին ու սիրուն: Իսկ դրան արժանանալու համար հարկավոր է ընդամենը մեկ բան` ազնիվ աշխատանք և նվիրում: ՀՀ կառավարությունում նման նվիրումով է աշխատում գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ի՞նչն է այդ պաշտոնյայի մեջ ինձ դուր գալիս: Անսահման նվիրվածությունն իր աշխատանքին և աշխատասիրությունը: Ճիշտ է, նրան հաճախ են քննադատում հեռուստաէկրանին երևալու համար, սակայն կասեի` դա վատ չէ, որովհետև տարբեր մարզերում այցելությունների ժամանակ տեսնում ես նրա անկեղծ խոսքն ուղղված հուսալքված գյուղացուն, նրան սատարելու, օգնելու, ձեռք մեկնելու նրա պատրաստակամությունը: Կարճ ժամանակում նրա կատարած աշխատանքը տվել է իր պտուղները: Չեմ ցանկանում օգտվել ոչ մեր մարզի և ոչ էլ ուրիշ մարզերի վիճակագրական տվյալներից, քանի որ մեր գյուղի վիճակագրական տվյալներն էլ բավական են արձանագրված գյուղատնտեսական հաջողությունները ցույց տալու համար: Փաստ էր, որ շատ դաժան էր այս տարվա ձմեռը: Իսկ գարնանային ցրտահարությունը լրիվ թևաթափ արեց գյուղացուն, սակայն դա տևեց շատ կարճ ժամանակ: Հիշում եմ նրա գարնանային հանդիպումը Արարատի մարզի գյուղապետերի հետ: Խոսքը լակոնիկ էր և կարճ: Սա է այսօրվա դաժան իրականությունը: Ցրտահարությունը մեզ չպիտի թևաթափ անի: Ցուրտը բերքը տարավ, գյուղացիները կարող են մշակել տարիներ շարունակ անմշակ մնացած հողերը: Պետությունը կօգնի ժողովրդին ոչ միայն ցրտահարության դիմաց հատուցելով, այլև էժան դիզվառելիքով, պարարտանյութերով, սերմերով: Օրինակ, նշեմ, որ միայն մեր գյուղում մշակվել է տարիներ շարունակ անմշակ մնացած մոտ 30 հեկտար հող, որի վրա ցանվել են բանջարաբոստանային կուլտուրաներ: Եվ ստացված արդյունքն էլ վատ չէ: Օրինակի համար նշեմ, որ մեր գյուղը ստացել է 90 տոննա պարարտանյութ սուբսիդավորված գներով: Ամռանը պրոբլեմը եղել է հիմնականում ոռոգման ջուրը, բայց այդ հարցն էլ իր լուծումը գտավ, և գյուղացու բերքը չվառվեց: Այդ ցրտահարության տարում, որքան էլ զարմանալի էր, ստացվել էր դեղձի հոյակապ բերք, հատկապես վաղահաս դեղձի: Գյուղացիներից մեկն իր աճեցրած մեկ հեկտար դեղձանոցից ստացել էր մոտ 40 տոննա վաղահաս դեղձ: Թվում էր, թե բերքը կփչանա և կարճ ժամանակում այն իրացնել հնարավոր չի լինի: Սակայն այդ հարցը (նաև մնացած բոլոր գյուղացիների) բարձրացրին հեռուստալրագրողները: Հեռուստալրագրող Լիլիթ Մարտիրոսյանի երեկոյան ռեպորտաժից հետո մյուս օրը այդ գյուղացին իրացրեց մոտ 10 տոննա բերք: Ասածս ֆանտաստիկայի բնագավառից չէ: Դա այն բանի շնորհիվ էր, որ նախարար Սերգո Կարապետյանն իսկույն արձագանքեց, և հաջորդ օրը փոխնախարար Մակարյանն արդեն գյուղում էր: Նա համաձայնեցրեց գինը և որակը գնորդի հետ ու «Սպայկայի» միջոցով իրացրեց նշված քանակի դեղձը և հաջողված գնով` մեկ կիլոգրամը 150 դրամով: Իսկ ինչպես կարելի է չնշել խաղողի իրացման ժամանակ նրա ամենօրյա այցերը մթերող գործարաններ: Ի տարբերություն շատ պաշտոնյաների, որոնց հասցեին հնչեցրած օբյեկտիվ քննադատությունից հետո իրենց «շլանգի» տեղ են դնում, Կարապետյանն այդպիսին չէ, նա միշտ պատրաստ է հարցը կարգավորելու:
Հավատանք, որ գալիք տարում նախարար Սերգո Կարապետյանի ուժն ու եռանդը ոչ միայն չեն պակասի, այլև նա ուղիներ կփնտրի հնացած գյուղտեխնիկան թարմացնելու համար: Խորհրդային երկրի սկզբնական շրջանում գործում էին մեքենատրակտորային կայաններ, որոնց գործունեության վերաբերյալ պատմությունն իր դրական գնահատականն է տվել: Իրոք թանկ է, գյուղացուն անհասանելի նման տեխնիկայի ձեռքբերումը: Գյուղացուն օգնող միակ ուղին նման կայանների ստեղծումն է: Մինչև գյուղացին ոտքի կկանգնի, ավելի ճիշտ, մինչև կստեղծվեն իսկական գյուղացիական կոոպերատիվներ, ինչը դեռ չկա մեր երկրում:
Հավատանք նախարար Սերգո Կարապետյանին և սպասենք նրանից ավելին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ