ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Եթե Հարավային Օսիան կարող է և դառնալ ՌԴ-ի մաս, ապա Աբխազիան՝ ոչ

Եթե Հարավային Օսիան կարող է և դառնալ ՌԴ-ի մաս, ապա Աբխազիան՝ ոչ
05.09.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
Երեկ «Մոսկովսկիե նովոստի» պարբերականը հրապարակել է հետաքրքիր հոդված Հարավային Օսիայի և Աբխազիայի՝ Ռուսաստանի հետ հետագա փոխհարաբերությունների հեռանկարների մասին։ Մասնավորապես փորձ է արվում հիմնավորել, որ եթե Հարավային Օսիան նույնիսկ պաշտոնապես կարող է դառնալ ՌԴ-ի մի մասը, ապա Աբխազիան, պարզվում է, այդպիսի ձգտում բացարձակապես չունի։
«Հարավային Օսիայում այնպիսի իրավիճակ էր, որ 2004-ի սկզբին թվում էր, թե Վրաստանը ոչ մի խնդիր չունի Աջարիայից հետո այն ինտեգրացնելու։ Ի տարբերություն Աբխազիայի, որ Ինգուրի գետով հստակ բաժանված է Վրաստանից, Հարավային Օսիայում պահպանվել էին վրացի բնակչությամբ բազմաթիվ անկլավներ, և սահմանն էլ շատ թափանցիկ է։ Տրանսկովկասյան մայրուղով Վլադիկավկազից Ռոկի թունելով Վրաստան էին տեղափոխվում ահռելի քանակությամբ բեռներ այն դեպքում, երբ Աբխազիայից դեպի Վրաստան ոչ մի կոմունիկացիա չէր գործում։ Ռոկի թունելը, փաստորեն, Վրաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհն էր, չհաշված Ռազմավիրական մայրուղին, որը Խաչի լեռնանցքի խցանման պատճառով ձմռանը չէր գործում։ Հարավային Օսիայի և Վրաստանի փաստացի սահմանում, Էրգնեթի բնակավայրի մոտ, ձևավորվել էր մի հսկայական մեծածախ շուկա, ուր վաճառվում էր ամեն ինչ, բենզինից սկսած՝ երշիկով վերջացրած։ Այստեղ էր գալիս Կենտրոնական Վրաստանի բնակիչների կեսը, վրացիներն ու օսերը համատեղ առևտուր էին անում, և չկար հակամարտությունը կարգավորելու և Հարավային Օսիան Վրաստանի կազմում պահելու այլ լավագույն միջոց, քան այդ համատեղ բիզնեսը։ 2004-ին փորձագետների բացարձակ մեծամասնությունը համարում էր, որ այս հակամարտությունը քաղաքական կարգավորման ամենամեծ հեռանկարներն ունի։
Բայց երբ Սաակաշվիլին իր ինքնուրույնությունն ընդգծելու համար Էրգնեթիում վրացական մաքսատուն հաստատեց, մեծածախ շուկան մեռավ, և Ցխինվալում ծաղրանքով սկսեցին խմել Վրաստանի նախագահի կենացը, որն այդպիսով փրկեց Հարավային Օսիայի անկախության գաղափարը։ Նույն ժամանակահատվածից՝ 2004-ի վերջից սկսած, վերսկսվեցին Ցխինվալի գնդակոծությունները։ 2006-ի նոյեմբերին Հարավային Օսիան Էդուարդ Կոկոյտիին վերընտրեց նախագահի պաշտոնում և նոր հանրաքվեով վերահաստատեց իր անկախությունը։ Վրացաբնակ գյուղերում Թբիլիսին անցկացրեց այլընտրանքային քվեարկություն և «վրացական տարբերակով» Հարավային Օսիայի նախագահ հռչակեց Դմիտրի Սանակոևին, բայց արդեն այն ժամանակ կային միտումներ, որ Ռուսաստանը ճանաչելու է Հարավային Օսիայի անկախությունը, մանավանդ որ տարածաշրջանի տնտեսությունը սկսեց ամբողջապես ֆինանսավորվել Մոսկվայից, անցկացվեց առանձին գազամուղ՝ Ցխինվալին Վրաստանից էներգետիկ անկախություն տալու նպատակով, Կեմերովոյի մարզի գործարարները սկսեցին ներդրում կատարել Հարավային Օսիայի բազմամետաղական հանքերի վերականգնման ոլորտում։
Այսօր Հարավային Օսիան նույն վիճակում է, ինչ Աբխազիան՝ 1993-ից սկսած։ Վրացի բնակչության մեծ մասը հեռացել է այնտեղից, վրացական գյուղերի մի մասը, ինչպես խոստովանում է Էդուարդ Կոկոյտին, հավասարեցված է հողին։ Վրաստանը միգուցե դեռ շանսեր ունի հետ ստանալու Ախալգորիի շրջանը, որը Ցխինվալում էլ համարում են վրացական, քանի որ բնակչության մեծամասնությունը վրացի է։ Բայց մնացած տարածքը կանցնի ռուսական բանակի վերահսկողության տակ, գազը, էլեկտրաէներգիան Հարավային Օսիային կտրվեն Ռուսաստանից, և այդպիսով կձևավորվի Կրեմլի դոտացիայի վրա նստած ևս մի կովկասյան տարածք, ինչը շատ ձեռնտու է տեղական էլիտային։ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, դեռ առևտուր կանի Արևմուտքի հետ Հարավային Օսիայի կարգավիճակի, ռուսական զորքերի այնտեղ տեղակայվելու հետ կապված, բայց քանի որ անկախությունը ճանաչված է, ապա Մոսկվան, թերևս, չի խոչընդոտի նաև օս ժողովրդի երկու հատվածների վերամիավորմանը, և Հարավային Օսիան կընդգրկվի Ռուսաստանի կազմում, ինչի մասին խնդրում է 1992-ից սկսած։ Դա գոնե հնարավորություն կտա վերահսկելու ծախսերը Հաշվիչ պալատի և դատախազության միջոցով»,- նշում է «Մոսկովսկիե նովոստին»։
Աբխազիայի հետ կապված, սակայն, պարբերականը լիովին հակառակ տեսակետ է հայտնում. «Աբխազիան և Ռուսաստանը էթնիկական առումով այդպիսի սերտ կապեր չունեն։ Աբխազներն ավելի մոտ են Ռուսաստանում ապրող կաբարդիններին, չերքեզներին, ադիգեյներին, շապսուղներին, թեպետ աբխազների մեջ իսլամն անհամեմատ ավելի քիչ է տարածված։ Դա, սակայն, չի խանգարի հիշյալ ժողովուրդներին՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման փաստից հետևություններ անել և, ինչպես 1990-ականներին, մտածել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը փորձության ենթարկելու մասին։ Թեպետ ներկայիս բարենպաստ պայմաններում Ռուսաստանի համար դա այնքան էլ կարևոր չէ, որքան Աբխազիայի սեփական անկախություն կերտելու վճռականությունը։
Ռուսաստանը, անշուշտ, մնալու է Աբխազիայի գյուղատնտեսական մթերքների սպառման հիմնական շուկան, երկրին տուրիստներ մատակարարող հիմնական օղակը, աբխազական բանկային համակարգի երաշխավորը, Տկվարչելիի ածխահանքերի և առափնյա շրջանում առկա նավթի հիմնական շահագործողը։ Սակայն Սուխումի հարաբերությունները Մոսկվայի հետ երբեք էլ միանշանակ չեն եղել։ Աբխազիան ակտիվ հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի հետ, ուր կա մեծաքանակ աբխազական սփյուռք։ Բացի այդ, 2004-05-ին Ռուսաստանը շատ կտրուկ միջամտեց Աբխազիայի նախագահական ընտրություններին, փորձելով «անցկացնել» այն թեկնածուին, որին կրեմլյան ուժայինները համարում էին ռուսական ռազմական և ֆինանսական շահերի պաշտպանության հիմնական երաշխավորը։ Այդ ընտրությունները երկիրը կանգնեցրին քաղաքացիական պատերազմի շեմին, և արդյունքում հաղթեց մյուս թեկնածուն՝ ներկայիս նախագահ Սերգեյ Բաղապշը, որն այսօր էլ անհամեմատ ավելի ինքնուրույն է, քան Հարավային Օսիան ղեկավարող իր գործընկերը։ Նույնիսկ օգոստոսյան ճգնաժամի օրերին, երբ Աբխազիայում փչացավ տուրիստական սեզոնը, բայց Սուխումը վերականգնեց իր վերահսկողությունը Կոդորի վրա, վրացի բնակչության նկատմամբ Գալիի շրջանում ոչ մի բռնություն չգործադրվեց։ Բաղապշը միշտ նշում է, որ Աբխազիան պատրաստվում է կառուցել քաղաքակիրթ, ժողովրդավարական և ապառազմականացված պետություն։ Նա մտահոգ է Աբխազիայի հեղինակության բարձրացմամբ և հուսով է, որ առաջիկայում մոտ տասը երկիր կճանաչի նրա անկախությունը։ Եվ թեկուզ Աբխազիան պատրաստ է համապատասխանեցնելու իր օրենսդրությունը Ռուսաստանի օրենսդրությանը և շահագրգռված է ռուսական ներդրումներով, սակայն երկրի ներքին կառուցվածքն իմանալով, հազիվ թե ձգտի դառնալ ՌԴ-ի մի մասը»։
Պատրաստեց Աննա ԲԱՐՖՅԱՆԸ

Դիտվել է՝ 5238

Մեկնաբանություններ