Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱԶՈԽ ԷՐ ԲԵՐԵԼ ՆՐԱՆՈՒՄ ԹԱՔՑՎԱԾ ԳԱՆՁԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԱՌԱՍՊԵԼԸ»

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱԶՈԽ ԷՐ ԲԵՐԵԼ ՆՐԱՆՈՒՄ ԹԱՔՑՎԱԾ ԳԱՆՁԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԱՌԱՍՊԵԼԸ»
03.04.2012 | 00:00

Հնագետները, արհամարհելով ադրբեջանական հոխորտանքը, շարունակում են Ազոխի քարանձավի ուսումնասիրությունները
«Այնպիսի քարանձավ, ինչպիսին Արցախում գտնվող Ազոխի քարանձավն է, աշխարհում շատ քիչ կա։ Այն շատ մեծ է, բաղկացած է մի քանի հսկայական կացարաններից: ՈՒսումնասիրողների համար առավել գրավիչ է այն, որ մի մեծ ժամանակահատվածում քարանձավը եղել է բնակելի և օգտագործվել որպես կանգառ մարդկանց համար: Գրեթե երկու միլիոն տարի առաջ Հարավային Կովկասը միջանցք է դարձել, որով տեղի է ունեցել նախապատմական մարդու միգրացիան»,- մեզ հետ զրույցում ասաց Ազոխի քարանձավում պեղումներ իրականացնող գիտական խմբի անդամ, հայկական կողմի ներկայացուցիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր ԼԵՎՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԸ: Գիտնականի փոխանցմամբ, քարանձավը հարյուրամյակներ շարունակ տեղի բնակիչների համար նաև ապաստան է ծառայել թշնամիների ասպատակությունների ժամանակ։
Քարանձավում առաջին պեղումներն իրականացվել են 60-ականներին` Խորհրդային Ադրբեջանի կողմից: Սակայն կատարված աշխատանքների բնույթը պարզորոշ ցույց է տալիս, որ ադրբեջանական հնագետներին գիտական աշխատանքը չէ, որ հետաքրքրել է: Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ. «Ադրբեջանցի հնագետները պեղումների ժամանակ օգտագործել են հանքահատ մուրճեր, պայթեցումներ են կատարել, մի բան, որ բացարձակապես չի համապատասխանում աշխարհում ընդունված մեթոդներին, այսինքն, կիրառվել են միանգամայն բարբարոսական մեթոդներ»։ «Պեղումների» ընթացքում քարանձավը վեց ամիս շարունակ շրջափակված է եղել Բաքվից բերված ադրբեջանցի ոստիկաններով, նպատակը տեղաբնակ հայերին քարանձավից հեռու պահելն էր, անգամ թույլ չի տրվել, որ տեղացի հայերը որպես աշխատուժ մասնակցեն պեղումների աշխատանքներին, ու Ազոխից 20-30 կմ հեռավորության վրա գտնվող Ֆիզուլիից են բերվել ադրբեջանցի բանվորներ:
Իրականում ադրբեջանցի հնագետներին Ազոխ էր բերել ոչ թե քարանձավի նկատմամբ գիտական հետաքրքրասիրությունը, այլ նրանում թաքցված գանձերի մասին պատմող առասպելը, ըստ որի, Տողի և մոտակա գյուղերի հայ բնակիչները մոնղոլական արշավանքների ժամանակ իրենց ոսկիները թաքցրել են քարանձավում, նաև իբր թե քարանձավում են թաղված Ամարասի գանձերը: Եվ ադրբեջանցի գանձագող-հնագետները անխնա պայթեցնում էին քարանձավի շերտերը` թանկարժեք պահուստը լույս աշխարհ հանելու համար: Բայց, առասպելական գանձերը գտնելու հույսը կորցրած, ադրբեջանցիները դադարեցնում են քարանձավի «պեղումներն» ու երկար ժամանակ մոռանում նրա գոյության մասին:
Ազոխի գիտական կարևորության մասին հարևանները հանկարծ հիշեցին այն ժամանակ, երբ արտասահմանցի գիտնականները, հայկական կողմի ներգրավմամբ, 1999 թվականին սկսեցին ակտիվորեն զբաղվել քարանձավի ուսումնասիրությամբ: Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած իրար խառնվեցին, հետն էլ հոխորտալով, թե ի՜նչ իրավունք ունեն հայերը Ադրբեջանի «տարածքում», առանց Բաքվի թույլտվության, պեղումներ կատարելու: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները դեռ երկու տարի առաջ սովորույթի համաձայն, հերթական «սև» ցուցակում գրանցեցին այն երկրների` Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի անունները, որոնք մասնակցում են քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկում` Արցախում գտնվող Ազոխի քարանձավի պեղումներին: Ցուցակին հաջորդեց այդ երկրի ԱԳՆ-ի բողոքի նոտան` ուղղված վերոհիշյալ երկրների դեսպանատներին` «դադարեցնել անօրինական պեղումները» բովանդակությամբ: Իր հերթին, Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն էլ մի դիմում հղեց Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համապատասխան մարմիններին, որ նրանք անհապաղ հետ կանչեն իրենց մասնագետներին:
Ինչո՞ւ են իրար խառնվել հարևան քոչվորները: Փաստորեն, սրանք ուշ, շա՜տ ուշ գիտակցելով Ազոխի քարանձավի բացառիկ դերը, ընդամենը վերջերս գլխի ընկան, որ կարելի է իրենց` իբրև տեղաբնակ լինելու մասին մոգոնած հեքիաթը բխեցնել հենց Ազոխից. այսպես, իբր գոյություն ունի ազերի էթնոս և այդ էթնոսի տեղաբնիկությունը «հաստատվում» է Ազոխի քարանձավով:
Արդեն մի քանի տարի է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պարբերաբար դիմել տարբեր միջազգային կազմակերպությունների` ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ և Եվրախորհրդարան, պահանջելով` կասեցնել պեղումները Ազոխի քարանձավում, հետն էլ սպառնալ, թե ո՛վ իրավունք ունի տեր կանգնելու «մեր մշակութային հարստությանը»։
Մինչդեռ Անգլիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների գիտնականներից կազմված արշավախումբը, արհամարհելով ու անտեսելով ադրբեջանական կողմի զավեշտ հիշեցնող հոխորտանքները, ակտիվորեն շարունակում է աշխարհի հնագույն քարանձավի պեղումները: Բացահայտված բազում նմուշներ հաստատում են քարանձավի` նախնադարյան մարդու բնակավայր լինելու փաստը: «Քարանձավը մեզ թույլ է տալիս բացահայտել առնվազն 250 հազար տարվա պատմություն»,- ասում է Լևոն Եպիսկոպոսյանը: Նրա տեղեկացմամբ, պեղումները կատարվում են գրագետ, միջազգային բոլոր նորմերի համաձայն։ Օգտագործվում են ժամանակակից սարքեր, որոնք իրենց հետ բերում են մեր արտասահմանյան գործընկերները։ Փաստորեն, արտասահմանյան գիտնականների մասնակցության շնորհիվ Ազոխի քարանձավն աշխարհում մեծ ճանաչում է ձեռք բերել։ Դա են վկայում հեղինակավոր գիտական հանդեսներում ու միջազգային գիտաժողովներում ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումն ու ներկայացումը։ Նշենք, որ գիտարշավին մասնակցել ցանկացող գիտնականների թիվը շարունակ ավելանում է:
«Ազոխը եզակի քարանձավներից է, որը պարունակում է մարդու պատմությունը հնագույն ժամանակներից առայսօր: Պատկերավոր ասած, այն կարելի է բավականին հաստ գրքի հետ համեմատել, որի էջերը շատ դժվար է բացել, քանի որ դժվար են կարդացվում, ու պահանջում է որոշակի հմտություն, գիտելիքների իմացություն, բայց, այնուամենայնիվ, թույլ է տալիս բացահայտելու այն պատմությունը, որի տևողությունը 100 հազարավոր տարիներ են»,- ներկայացնում է Լևոն Եպիսկոպոսյանը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4133

Մեկնաբանություններ