ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
ԱԺ նոր նախագահի ուրվականով երեկ մեկնարկեց աշնանային նստաշրջանը։ Նիստի առաջին ժամերը կարծես թե ոչինչ չէին ասում Հովիկ Աբրահամյան-ԱԺ նախագահ կարգված անձի մասին, քանի որ նստաշրջանը բնականոն հունով սկսեց և ընթացք տվեց Տիգրան Թորոսյանը։ Լրագրողների հարցերի տարափի տակից փորձեց դուրս գալ և «խորհրդավոր» լռությունը խախտել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով անցած շաբաթվա վերջին կուսակցության «բազմաչարչար» որոշումը։ «Որոշումը եղել է կոլեկտիվ, և ես իմ կողմից այժմ չեմ կարող մեկնաբանություններ հնչեցնել։ Կուսակցությունն ունի իր ռազմավարությունը և դրանով առաջնորդվում է»,- ասաց պարոն Սահակյանը՝ հավելելով. «Մենք մեր կանոնադրությամբ ենք նման որոշում կայացրել, և այդ կանոնադրության ոչ մի խախտում չի եղել։ Կուսակցության ցանկացած անդամ կարող է ցանկացած գործ կատարել։ Բոլոր փոփոխությունները քաղաքական որոշման հետևանք են»։ Փաստելով, որ կուսակցությունը որևէ բացասական միտում չունի Տիգրան Թորոսյանի հանդեպ, Սահակյանն ընդգծեց, որ «կուսակցության մեջ քաղաքական գործիչ լինելը դերակատարում է, և հիմա դերերի բաժանում է տեղի ունենում»։ Ինչևէ, Սահակյանը կրկին շեշտում է, որ այս փոփոխությունը կապ չունի Թորոսյանի աշխատանքային գործունեության հետ, այն զուտ քաղաքական թիմի որոշման հետևանք է։ Իսկ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ, ըստ ԱԺ օրենսդրության, ներկայացրեց այն տարբերակները, որոնցով ՀՀԿ-ականները կարող են Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու «աննպատակահարմար» գործը գլուխ բերել։ Առաջին տարբերակով ԱԺ նախագահը կարող է հրաժարական ներկայացնել, որից հետո առանց խոչընդոտների հարցը կարելի է լուծված համարել։ Երկրորդ տարբերակի պարագայում (ի դեպ, Թորոսյանը կարծես թե չի էլ պատրաստվում դեռևս հրաժարական ներկայացնել) ԱԺ-ի անգամ մի պատգամավոր, կանոնակարգի 97-րդ հոդվածի համաձայն, կարող է ներկայացնել որոշման նախագիծ ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Մինչդեռ եթե խորհրդարանի պատգամավորների մեկ երրորդի կողմից այսօրինակ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվում, ապա հարցը մեխանիկորեն կընդգրկվի այս քառօրյայի օրակարգ և կքննարկվի։
Մինչ ՀՀԿ-ն ամիսներ շարունակ ուղիներ է փնտրում լուծելու այս հարցը, Տիգրան Թորոսյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց. «Ձեզ համար արդեն պարզ է, թե ինչպիսին էր իմ դիրքորոշումն այս հարցում։ Գործադիր մարմնի որոշումը չեմ ուզում մեկնաբանել, քանի որ նման որոշումները դեռ պետք է կուսակցության խորհրդում հաստատվեն»։ Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 16-ին նախատեսված է կուսակցության խորհրդի նիստ, որից հետո միայն ինքը բոլոր հարցերի մասին կխոսի և մեկնաբանություններ կտա։ Սակայն ԱԺ միջանցքներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թորոսյանին ՀՀԿ-ն մեկ շաբաթ ժամանակ է տվել հրաժարական ներկայացնելու համար։ Իսկ եթե վերջինս անդրդվելի մնա, ապա, ինչպես պնդում էին որոշ հանրապետականներ, կուսակցությունն անվստահություն կհայտնի ԱԺ նախագահին։
Հավելենք, որ նորաթուխ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը երեկ չէր ներկայացել աշնանային քառօրյայի առաջին նիստին։ Հավանաբար ԱԺ նախագահի կարգավիճակով է ցանկանում ոտք դնել օրենսդիր մարմին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ