Երբ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական լրատվության համաձայն շաբաթ առավոտյան ժամը 11.00-ին փորձում եմ ԵՊԿ-ում անմիջական մասնակիցը դառնալ մարտի 28-30-ին Հայաստանում ՀՀ մշակույթի նախարարության ու Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Եվրոպական դաշնամուր» ծրագրի 2-րդ փուլի ամփոփմանը, մեղմ ասած, մոլորվում եմ Երևանի պետական կոնսերվատորիայում։ Մեծ դահլիճը փակ գտնելով` հարցուփորձում եմ ԵՊԿ-ի սաներին ու աշխատակիցներին իրենց հարկի ներքո այդ պահին անցկացվող միջպետական միջոցառման մասին, որից, պարզվեց, տեղյակ չէր ոչ ոք, նույնիսկ «Երաժիշտ» ներբուհական ամսաթերթի ինձ ծանոթ աշխատակցուհին։ 2010-ին Շոպենի 200-ամյակին նվիրված երիտասարդ դաշնակահարների հանրապետական առաջին մրցույթի 12 երաժիշտ կատարողների շնորհառատ նվագով տպավորված` համառորեն փնտրում եմ այն լսարանը, որտեղ «Եվրոպական դաշնամուր» ծրագրի համակարգող, դաշնակահարուհի Դանիել Լավալի ընտրությամբ, Ֆրանսիայի Կանն քաղաքում այս տարվա հոկտեմբերի 15-30-ին անցկացվելիք միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել Իզաբելլա Մարությանը (դաս.` պրոֆ. Ս. Սարաջյան) և Սուսաննա Իսրայելյանը (դաս.` պրոֆ. Ս. Բարսեղյան)։ Բնազդաբար հայտնվում եմ 4-րդ հարկի մեծ լսարանի մուտքի մոտ, որտեղ Մաքսիմ Վենգերովը վարպետության անմոռանալի դաս էր անցկացրել լեփ-լեցուն սրահում։ Միջանցքի նստարանին ինչ-որ նոտաներ թերթող երկու ուսանողուհիներից վերջին ապարդյուն ճշտումն անելուն համընթաց անվստահ բացում եմ դուռը։ Դատարկ լսարանում հնչում էին Իզաբելլայի դաշնամուրային նվագի վերջին ակորդները։ Մրցույթի հայաստանյան կազմակերպիչների չորս ներկայացուցիչները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Ժան Փոլ Մարտենին էին պատրաստվում հրաժեշտ տալու։ Հ1-ի երկու աշխատակից մի քանի հեռուստակադր էին «ֆիքսում»` դաշնամուրի առաջ որպես շփոթահար զարդ նստեցված Սուսաննայի «սյուժեով» (հետո մյուսները, ընդունված կարգով, երևի «տպՐպչՏվ» կանեն)։ Չթաքցնելով զարմանքս` սիրահոժար տրամադրված մամլո հաղորդագրությունից իրազեկվում եմ միջազգային մրցույթի մանրամասներին։ Տարակուսանքս մեղմելով` մաղթում եմ «ընտրյալ» դաշնակահարուհիներին ստեղծագործական կորով` տարբեր երկրներից ընդգրկված 25 դաշնակահարների մրցակցությանը հավուր պատշաճի դիմագրավելու, նախատեսված գայթակղիչ մրցանակներից (3-ից 8 հազար եվրո դրամական պարգև, 15 հազար եվրո հատուկ մրցանակ և եվրոպական համերգային ընծա-շրջագայություն) անմասն չմնալու բարեբախտություն։ Եվ, որ ամենակարևորն է, լեփ-լեցուն հանդիսասրահի համակ ուշադրություն։ Չափազանցության գիրկը չընկնելով` չկարողացա մաղթել հաղթական մենահամերգի բացառիկ հնարավորություն Եվրախորհրդում (Ստրասբուրգ), քանի որ անհաղորդ էի մնացել թե՛ մեկի, թե՛ մյուսի դաշնամուրային նվագին։
ԵՊԿ-ում դեգերելիս անակնկալ հրավեր եմ ստանում` մասնակցելու մայրենի բուհի հիմնադրման 90-ամյակին ընդառաջ կազմակերպված «Հայ երաժշտության փառատոնին», որը մեկնարկել էր նախորդ օրը` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած կամերային համերգով։ 1921-ին Երևանում բացված երաժշտական ստուդիայի հիմքի վրա Ռոմանոս Մելիքյանի կարևոր դերակատարությամբ 2 տարի անց ստեղծված մեր բարձրագույն երաժշտակրթարանում չգտնելով ընտանեկան ստեղծագործական միջավայր` փարատում եմ հոգուս տրտմությունը Ղազարոս Սարյանի անվան օպերային 30-ամյա ստուդիայում Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»-ի բեմական փորձերի աշխույժ տիրույթում ինքնակամ ներգրավվելով։ Հովհաննես Հովհաննիսյանի (գլխավոր ռեժիսոր) և Հովհաննես Միրզոյանի (գլխավոր դիրիժոր) շուրջ համախմբված հին ու նոր սաները նոր Լյուչիային` քնքշաձայն Լուսինեին են արդեն կայացած բեմադրակառույցում կողմնորոշում։ Ստուդիականների խենթ նվիրումը, ավաղ, ոչ մի կերպ չի համակերպվում ունեցած խղճուկ թատերատնտեսությանը (ամենաարտառոցը լուսային տեխնիկայի բացակայությունն է)։ Մշակութային բարձրագույն այս հանրակրթարանով, ըստ իս, լրջորեն պիտի մտահոգվեն ոչ միայն կրթության և գիտության, մշակույթի նախարարությունները, ոչ միայն ՀՀ-ում արտերկրի որոշ դեսպանությունների մշակութային կցորդները, այլև իրենք` մեծ ու փոքր տանտերերը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ