ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Արդյոք անկե՞ղծ է Կոտայքի թեմի առաջնորդը

Արդյոք անկե՞ղծ է Կոտայքի թեմի առաջնորդը
11.05.2024 | 19:19

«Հրապարակ» օրաթերթի մայիսի 9-ի համարում Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը բացատրում է, թե ինչու չի մասնակցում Բագրատ սրբազանի գլխավորած հայրենանվեր գործունեությանը:

Նշենք, որ Կոտայքի թեմի առաջնորդը Գերագույն հգևոր խորհրդի ժողովում դեմ է արտահայտվել, որ եկեղեցին մասնակցի Տավուշում հանուն հայրենիքի սահմանների անձեռնմխելիության գործողություններին, որի գլուխ է կանգնել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Պատճառաբանությունը հետևյալն է.

«Ցանկացած հոգեւորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով։

… Ես միշտ եղել եմ և կլինեմ եկեղեցու կողքին, եթե դա իմ երկրի ու պետության շահից է, և ինձ առաջնորդողը Ավետարանն է»։

Նախ՝ ըստ այս բարձրաստիճան հոգևորականի, հայրենի հողը և մեր հավատի տաճարները թշնամուց պաշտպանելը չի բխում երկրի ու պետության շահերից:

Երկրորդ՝ եթե ցանկացած հոգևորական պետք է պաշտպանի Սուրբ գիրքը, որն անվիճելի ճշմարտություն է, ապա ինչպե՞ս հասկանանք նույն Սուրբ գրքի հետևյալ տողերը.

«Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրեւի, որից օգուտ չկայ. նոյնպէս էլ նրանք, որ մերժում են օրէնքը, գովում են ամբարշտութիւնը. բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը, իրենց շրջապատում են պարսպով (Առակներ, 28:3,4):

Մի՞թե այս ամբարտավան «հզորի» կերպարի մեջ Առաքել սրբազանը չի տեսնում ժողովրդին ասֆալտին փռող, պատերին ծեփող, անօրեն կերպով դատարանները փակող, մարդկանց ձերբակալող, Արցախի ցեղասպանության և կորստի, հազարավոր զինվորների մահվան պատճառ դարձած, դավադրաբար կամ վախից սահմանագծման անվան տակ հայրենի հողը հակասահմանադրական միջոցներով, այսինքն՝ ժողովրդի կամքին հակառակ թշնամուն զիջող … վարչապետ կոչեցյալի կերպարը:

Կարծես Առաքել սրբազանը այնքան էլ չի ուզում առաջնորդվել Սուրբ գրքով:

Գուցե Ավետարանի՞ց է հարկավոր օրինակ բերել.

«Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում (Ղուկաս, 22:25):

Հայաստանի վրա իշխող այս մարդը, որի գործած հանցանքների և ազգի գլխին բերած աղետների ու չարիքների մի չնչին մասը հիշատակեցինք վերևում, մի՞թե բարերար է: Ասացեք, սրբազան, մի՛ ամաչեք. Բարերա՞ր է արդյոք այս մարդը, որին ատամներով պաշտպանում եք:

Ձեզ այդ վիճակում չտեսնելու անկեղծ ցանկությամբ՝

Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր

Հ.Գ. 1

Ասացի՝ մի՛ ամաչեք, և զղջացի, բայց դե արդեն ասել եմ: Եվ գիտե՞ք՝ ինչու: Վիքիպեդիայում և, հատկապես, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքում զարմանալի կրոնական ջերմեռանդությամբ թաքցրել եք ձեր կենսագրությունից մի չնչին փաստ, այն, որ 1991-1994 թթ., երբ Սիսիանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվն էիք, առանց վարանելու և հաշվի առնելու Սուրբ գրքի պատվիրանները, ՀՀՇ կուսակցության առաջադրմամբ և ջանքերով ընտրվեցիք Սիսիանի շրջխորհրդի պատգամավոր:

Գուցե ես սխալվում եմ, բայց որքան գիտեմ՝ Սուրբ գրքում ոչ մի վկայություն չկա այն մասին, որ Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը կարող է ընտրվել Սիսիանի շրջխորհրդի պատգամավոր:

Նման վկայություն չկա նաև քահանա տեր Հուսիկ Լազարյանի մասին, որը նույն ՀՀՇ կուսակցության առաջադրմամբ 1990–1995 թթ. ընտրվեց ՀՀ Գերագույն Խորհրդի, իսկ 1995–1999 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ավելին՝ նա 1992–1997 թթ. եղել է ՀՀՇ Վարչության նախագահը։

Այսքանից հետո գուցե ավելորդ հնչի, բայց դա էլ ասեմ. մեր եկեղեցու նվիրյալ սպասավոր Եղիշեն մեզ է փոխանցել դեռևս 5-րդ դարում հայրենիքի ու եկեղեցու համար մարտի դուրս եկած սրբազան փաղանգի կարգախոսը՝ ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ:

Սա ասում եմ նրա համար, հարգելի սրբազան, որ եկեղեցին ազգն է, այլ կերպ՝ հայրենիքը: Իսկ հոգևորականը եկեղեցու, այսինքն՝ ազգի ու հայրենիքի սպասավորը:

Դարերի խորքը չգնալու համար հիշենք Խրիմյան Հայրիկին, Գևորգ Ե Հովսեփյանին, Գևորգ Զ Չորեքչյանին, Վազգեն Առաջինին…

նաև ՝ Ավարայրում անմահացած Ղևոնդ Երեցից մինչև Սարդարաբադում, ապա՝ Արցախում մեր գոյության և ինքնության համար մարտնչած և նահատակված հազարավոր հոգևորականներին:

Մեծ բարեբախտություն է, որ մեր ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ այսօր շարունակում է նախնյաց ՃՇՄԱՐԻՏ, ՈՒՍՏԻ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՈՒՂԻՆ, որից դուք խոտորվել եք:

Հ.Գ. 2

Այս հարցին անդրադառնալու կարիք գուցե և չլիներ, եթե Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի կեցվածքի և «արդարացումների» խորքում թաքնված չլիներ պառակտումի որոմը:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ