Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ 203 ՏԱՐԵԿԱՆ Է

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ  203 ՏԱՐԵԿԱՆ Է
07.04.2024 | 17:11
Տարվույս ապրիլի 2-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում մեծ շուքով տոնախմբվեց հաստատության հիմնադրման 203-րդ տարեդարձը։
Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, պետական ու հոգևոր այրեր։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց «Վերջին զանգի» արարողությամբ, քանզի այն նաև ճեմարանի 10-րդ դասարանցիների ավարտական երեկոն էր։
Շնորհավորական խոսքով հանդես եկան ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին և կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը։
Հայր Սուրբն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի անմիջական հոգածությամբ ճեմարանը ցայսօր գործում ու փթթում է։ Դիմելով սաներին՝ Հայր Սուրբը հորդորեց առավելագույնս օգտվել ճեմարանի կողմից նրանց ընձեռած հնարավորություններից և միշտ հիշել, որ բարձրորակ կրթությունն ավելի լավ կյանքով ապրելու և երազանքներին հասնելու գրավականն է, նաև կրթության հետ մեկտեղ կարևոր է վերցնել այն հոգևոր ու բարոյական արժեքները, որ աշակերտներին տալիս է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։
Մայր կրթօջախին իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ճեմարանի շրջանավարտները` խորին երախտագիտություն հայտնելով կրթօջախի տեսչական և ուսուցչական աշխատակազմին՝ մեծ սիրո ու նվիրվածության համար։
Միջոցառումը համեմված էր գեղարվեստական համարներով` հայկական ու հնդկական ազգային երգ ու պարով, փոքրիկ մանրապատումներով։ Դահլիճում թևածում էր կոմիտասյան ու եկմալյանական դյութիչ երաժշտությունը։ Իսկ բեմը թնդում էր «Շորոր», «Ալաշկերտի քոչարի», «Ֆնջան» ու «Խաչքար պարերից։
Այնուհետև Ճեմարանի տեսչության կողմից տեղի ունեցավ ամենամյա պարգևատրման արարողությունը` գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած սաների, ապա որոշ ուսուցիչների` իրենց տքնաջան ու անմնացորդ նվիրումի համար։
Միջոցառման ավարտին հյուրերը հիացան նաև ճեմարանի սաների ձեռքի աշխատանքների ու նկարների ցուցահանդեսով։
Շնորհավոր հիմնադրմանդ օրը, սիրելի ճեմարան(ACPA)
Happy Founders day Armenian College and Philanthropic Academy.
ԼԻԱՆԱ ՓԻՐՈւՄՅԱՆ
Կալկաթայից Նիդ.օրագրի համար

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ