Որքան նման են իրար Մակրոնն ու Նիկոլը, երկուսն էլ եսամոլ, իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ ցանկացած քայլի, առաջինը՝ մինչև իսկ Երրորդ համաշխարհային, երկրորդը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակում և հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ հրահրելուն, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրն իր քաղաքական տրամաչափին համապատասխան ոճրագործության:
Մակրոնը ցանկանում է Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել անձնական իշխանությունը պահպանելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՈՒկրաինա եվրոպական ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունը:
«Անձնական իշխանությունը պահպանելու համար Մակրոնն ավելի լավ բան չի մտածել, քան Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելը,- գրել է Վոլոդինը Telegram-ում։- Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար։ Նման հայտարարություններով հանդես գալուց առաջ, Մակրոնի համար ճիշտ է հիշել, թե ինչպես դա ավարտվեց Նապոլեոնի և նրա զինվորների համար, որոնցից ավելի քան 600 հազարը մնացին խոնավ հողում»:
Մակրոնը, Պարոն Վոլոդինի կարծիքով, սարսափեցրել է իր քաղաքացիներին և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին: Պետդումայի նախագահը Ֆրանսիայի նախագահի խոսքերը կապել է տնտեսության և արտաքին քաղաքականության խնդիրների պատճառով նրա վարկանիշի նվազման հետ: Խնդիրը, սակայն, Մակրոնի վարկանիշի նվազումը, ավելի ճիշտ, գահավեժ ու խայտառակ անկումը և անձնական իշխանությունը կորցնելու հեռանկարը չեն միայն:
Մակրոնը հստակ գիտակցում է ոչ միայն այն, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններում չի ընտրվելու, իր ընտրվելը բացառված է, այլև տեսնում է ներկայիս պաշտոնից զրկվելուց կարճ ժամանակ հետո քրեական խստագույն պատասխանատվության առաջ կանգնելու հեռանկարը, հետևաբար հակված է ցանկացած գնով պահպանել իր անձնական իշխանությունը:
Երբ ժամանակը գա, Մակրոնի նկատմամբ մեղադրանքների պակաս չի լինի, դրա համար բավական է թեկուզ միայն Փարիզում և այլուր բողոքի զանգվածային միջոցառումների ժամանակ իր և իր իշխանության քաղաքականության, գործունեության դեմ հանդես եկած և ուժայինների հետ բախումների ընթացքում զոհված, հաշմված, վիրավորված ֆրանսիացիների մեծ ցուցակը՝ սկսած «դեղին ժիլետների» բողոքի շարժումից, մինչև վերջին շրջանում ֆերմերների բողոքի ճնշումը: Կասկած չկա, որ երբ իշխանությունից զրկվի, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ էլ կբացահայտվեն: Սրան գումարած՝ Ֆրանսիայի ծաղկուն տնտեսության ավերումը:
Ինչպես նշել ենք «Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-46» մեր երեկվա վերլուծականում , Մակրոնը, Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ու նրանց բոլոր համախոհները գիտենալով իրենց գլխի գալիքը, ընկել են ողջ մարդկության համար վտանգավոր հիստերիայի մեջ: Տեսնելով հատուկ ռազմական գործողության գոտում ՌԴ Զինված ուժերի վերջին շրջանի հաղթանակները, Ավդեևկայի և մեկը մյուսից հետո այլ բնակավայրերի ազատագրումը, հակամարտության ամբողջ գոտում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմում վերջինիս ռազմավարական պարտության հեռանկարը, արդեն կատաղության վիճակում են:
Վերոնշյալի առումով տեղին է զուգահեռ անցկացնելը Մակրոնի և Նիկոլի միջև, քանի որ, ինչպես Մակրոնը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ անձնական իշխանությունը պահպանելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, նույնպես պատրաստ է ցանկացած քայլի: Ընդհուպ, Ադրբեջանին հրահրելուն, սադրելուն կամ այն բոլոր պայմանների ստեղծմանը, որոնց պարագայում Ալիևն արդեն հնարավոր կհամարի ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի պաշտպանությունից զրկված Հայաստանի վրա հարձակվելը:
Նիկոլը և իր ոհմակն այժմ հենց դրանով էլ զբաղված են:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ