Ակտիվ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանը Վրաստանին տարածքներ կհանձնի» վարկածը:
Խոսքը Ալավերդու գյուղերից մեկին հարող տարածքների մասին է:
ՀՀ ԱԳՆ-ն այդ տեղեկությունը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում:
Փաստորեն, Հայաստանը բոլոր հարևաններին տարածքներ է «պարտք»:
Ընդ որում, տարածքային «պարտավորություններն» ի հայտ եկան Փաշինյան Նիկոլի իշխանության հետ մեկտեղ և դա տրամաբանական է:
Ինչու՞:
2023 թ. մայիսի 24-ին Փաշինյան Նիկոլն ասաց, որ «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»: Այս արտահայտությունը Հայաստանի հարևան (և ոչ միայն) պետությունների համար ուղիղ հրավեր էր մեր երկրի տարածքների հանդեպ իրավական պահանջներ ներկայացնելու համար:
Աշխարհում չի գտնվի գեթ մեկ պետության առաջնորդ, որը կհայտարարի իր պետության կադաստրի վկայականն իբր «չունենալու» մասին:
Փաշինյան Նիկոլը դա հրապարակավ հայտարարեց: Արձագանքը չուշացավ:
Հերթի մեջ են Ադրբեջանը, Թուրքիան, այժմ նաև Վրաստանը: Կարծում եմ, որ մոտ ապագայում Իրանը ևս կարող է տարածքային պահանջ ունենալ Հայաստանի հանդեպ:
Ինչու՞ միայն Իրանը: Աշխարհում կադաստրի վկայականով շուրջ 200 պետություն կա: Թեպետ նախապատվությունը սովորաբար հարևաններին է տրվում, սակայն կարծում եմ, որ աշխարհի բոլոր պետությունները հավասարության սկզբունքով կարող են Հայաստանի վաճառքի հնարավոր աճուրդին մասնակցել:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ