Երբ մարդիկ ինչ-որ պրոբլեմի կամ խնդրի լուծում են փնտրում, առաջին հերթին նայում են տեսնեն՝ նախկինում եղե՞լ է նման վիճակ և, եթե այո, ապա կարելի՞ է արդյոք նման փորձն օգտագործել ներկայի պրոբլեմները լուծելու համար։
Եթե այս տեսանկյունից նայում ենք մեր այսօրվա խայտառակ վիճակին ու փորձում ենք այդ վիճակից դուրս գալու ճանապարհներ փնտրել, ապա վատ չէր լինի իսկապես շահագրգիռ հայացքով նայել մեր վերջին 1000 տարվա պատմությանը։
Անին կորցնելուց և վերջին Բագրատունի թագավորին սպանելուց հետո մինչև ուշ միջնադարի տարանցիկ առևտրում մեր ունեցած հաջողությունները մենք որևէ այլ հաջողություն չենք ունեցել, և մեր պատմությունը եղել է անվերջ կորուստների ու ստորացումների պատմություն։
Գտնվելով խանական Պարսկաստանի սահմաններում՝ այդ հաջողությունն էլ ավարտվեց նրանով, որ Հայաստանն ամայացվեց, իսկ Շահ Աբաս Մեծը Հին Ջուղայի առևտրականներին տեղափոխեց իր մայրաքաղաք Սպահան՝ այն դարձնելով միջազգային առևտրի կենտրոն։
Շահն ինքն էլ հաճախ իր երեկոներն անց էր կացնում մեծահարուստ հայ առևտրականների տներում։
Նման հաջողություն մենք մեկ էլ ունեցել ենք Ցարական Ռուսաստանում եղած ժամանակ, երբ Կովկասում առևտրի, արդյունաբերական ու բանկային գործերում մեծ հաջողությունների հասանք։
Երրորդ հարաբերական հաջողությունը, որ մենք ունեցել ենք, դա եղել է Խորհրդային Հայաստանում մեր գլոբալ հաջողությունը, երբ առավելագույնս մոտեցանք նորմալ մարդկային կյանքին, բայց, կարճամիտ լինելով, դա չհասկացանք։
Նույն ժամանակահատվածում երկու անգամ ունեցել ենք անկախ պետականություն հիշեցնող ինչ-որ բան։
Դրանցից առաջինը շատ կարճ կյանք ունեցավ, որը լի էր դժբախտություններով , պատերազմներով, և մեր այդ վիճակը բացատրվեց ուրիշների շատ վատը լինելով, ու այդ հեքիաթը շարունակվում է մինչև հիմա։
Մյուս անկախությունը մեր ներկան է, որը բավականին երկար պատմություն ունեցավ, որպեսզի մենք հասկանանք, որ մեր գործերի վատ լինելու մեջ մեր դերը շատ մեծ է։
Իհարկե, այդ հարցում վայրագ հարևանների դերն էլ պակաս չի, բայց դա երբեք ու երբեք չի արդարացնում մեր գավառական տգիտության վրա հիմնված անհեռատես քաղաքականությունը։
Այդ ամենի արդյունքում մեր երկիրը դարձել է տիպական ձախողված պետություն, ավելին՝ կործանվող պետություն։
Այսպիսով, վերջին 500-600 տարիների ընթացքում մենք ունեցել ենք երեք հարաբերական հաջողություն, որոնք եղել են օտարի պետության սահմաններում։
Դրանից բացի, ունեցել ենք երկու անկախ ձախողված պետականություն, և հիմա մոլորվել մնացել ենք, չգիտենք ինչ անենք։
Եթե սովորական թույլ լինեինք, մի տարբերակ կգտնեինք ու մի անկյունում ծվարած կմնայինք, բայց չէ, մենք հանճարեղ, մեծամիտ և ապիկար թույլ ենք, իսկ դրանք մարդուն, հատկապես իրենց էլիտա երևակայողներին, լրիվ անպիտան են դարձնում։
Պետք է վերջապես հասկանալ, որ գավառական մեծամիտ ու անճարակ տգիտությունն ու անկախ պետականությունը անհամատեղելի բաներ են։
Եվ այսպես էլ քարշ ենք գալիս մեր Հայաստանում։
Պավել Բարսեղյան