Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հակադարձել Ալիևին՝ վերջինիս հայտարարություններից 3 օր անց։ Նա անուղղակի կերպով ընդունեց, որ խաղաղության գործընթացը ձախողված է։ Պատերազմում պարտված ղեկավարը պետք է հեռանար։ 2020 թվականի պատերազմի, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, որովհետև 2018-ի թավշյա հեղափոխությունը կազմակերպած արտերկրի կենտրոնները դա չցանկացան, քանզի Հայաստանից, նրանից դեռ զիջումներ կան ստանալու։
Իլհամ Ալիևը Հայաստանի հետ կայուն խաղաղություն չի ցանկանում, նրան պետք է Հայաստան պետության, տարածաշրջանում հայկական գործոնի չեզոքացումը։ 2024թ․ փետրվարին Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, գարնանը հավանական է Հայաստանի վրա Ադրբեջանի նոր հարձակումը։ Հայաստանը իրական, փաստացի դաշնակից չունի, Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հանրությունը բաժանելու, պառակտելու վտանգավոր քաղաքականությունը, բանակը բավարար քանակով սպառազինություն չի ստացել, չի վերականգնել 2020-ի պատերազմում կորցած մեծաքանակ զենքերն ու զինամթերքը։ Պատերազմի հավանական լինելու մասին գրելով՝ ամենևին չեմ ցանկանում մարդկանց մեջ վախ սերմանել, ուզում եմ խաղաղության մասին հայտարարություններից թմրած հանրությանը զգուշացնել։
Ոսկան Սարգսյան