ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Մասսայական ջարդեր կազմակերպելու փոխարեն, ասեք, որ աշխատավարձի բարձրացման հնարավորություն չունեք

Մասսայական ջարդեր կազմակերպելու փոխարեն, ասեք, որ աշխատավարձի բարձրացման հնարավորություն չունեք
23.09.2023 | 19:41

Գիտեմ, որ այսօրն ու ժամը այլ հրամայականներ ունեն, և մեր գրառումներն ու մտահոգությունները բացառապես Արցախն ու արցախահայերը պիտի լինեին, բայց նաև մի հարցի շուրջ կուզեի խոսել:

Այսօր ուսուցիչները օտար լեզուներից կամավոր ատեստավորման էին մասնակցում: Ինքս հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ և, բնականաբար, չէի մասնակցում քննությանը, բայց դպրոցում կիսատ գործ ունեի ու դռների մոտ սպասում էի, որ քննությունը ավարտվի, դպրոց մտնեմ:

Ուսուցիչները քննությունից հերթով դուրս էին գալիս անասելի կոտրված, նեղված, անտրամադիր ու շատ հուսահատված:

Անխտիր բոլորը բողոքեցին թեստի որակից, բարդությունից, ասացին, որ իրենց ծրագրային նյութերից ու շտեմարանային վարժություններից շատ էին տարբերվում ու թերությունների, նույնիսկ սխալների մասին էին խոսում:

Ես չեմ կարծում, որ կարող են հարյուրավոր մասնագետներ վատը լինել, գուցե մեկը, երկուսը, տասը այդքան էլ լավ չտիրապետեն առարկային, բայց համատարած բողոքը խոսում է այն մասին, որ կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որպեսզի ուսուցիչները մասսայաբար չհաղթահարեն քննությունները:

Նույն խուճապն ու լարվածությունն է տիրում ուսուցչական բոլոր խմբերում :

Հարգելի կազմակերպիչներ, դուք ի՞նչ եք ուզում:

Ուսուցչից այդքան Նպատակ ու Վերջնարդյունք եք պահանջում սահմանել, դուք սահմանե՞լ եք ձեր նպատակներն ու վերջնարդյունքները: Ձեր նպատակն ու վերջնարդյունքը ուսուցչին խրախուսե՞լն է, թե՞ վերջնականապես ջարդուխուրդ անելը:

Տեղյա՞կ եք, որ բոլոր դպրոցներում ու մանկավարժական բուհերում առատ թափուր տեղեր են: Չե՞ք մտահոգվում` դա ինչից կլինի:

Կամ ի՞նչ է նշանակում՝ հինգ տարով է ատեստացիան: Եթե մասնագետը անցնում է այդ քննությունը, հինգ տարի հետո նրա գլխից ցնդու՞մ են գոյականն ու ածականը: Ուսումնասիրեք Վրաստանի փորձը. մանկավարժը ատեստավորվում է, ու վերջ, ամբողջ կյանքում նրա կոչումները պահպանվում են, բայց միշտ վերապատրաստումների միջոցով պարտավորվում է թարմացնել գիտելիքները:

Նորից եմ կրկնում` հնարավոր չէ, հարյուրավորներն ու հազարը վատը լինեն, վերջիվերջո, տարիների փորձառություն ունեն ու եթե գրանցվում են քննությունների, ուրեմն նաև վստահ են իրենց ուժերի վրա: Իսկ դուք ի՞նչ եք անում...

Ուղղակի, մասսայական ջարդեր կազմակերպելու փոխարեն, կարող եք հանգիստ ասել, որ աշխատավարձի բարձրացման հնարավորություն չունեք: Այդպես ավելի ազնիվ կլինի:

Ուսուցիչները բոլոր ժամանակներում ըմբռնումով են մոտեցել:

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 4963

Մեկնաբանություններ