Առնո Բաբաջանյան համերգասրահում վերջերս կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի (գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսություն:
«Իմ տեսնող աշխարհը» խորագրով համերգը նվիրված էր երգչուհու փոքրիկ սաներին. հնչեցին Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները՝ նրա ղեկավարած երգչախմբերի կատարմամբ: Ժամանակի սղության պատճառով հնչեցին միայն մանկապատանեկան ստեղծագորոծությունները, որոնք գրվել են հատուկ այս երեխաների համար: Համերգն սկսվեց Հանրային ռադիոյի «Հայ արև» մանկապատանեկան անսամբլի և Հանրային հեռուստատեսության «Երգ-երգոց» երաժշտական հաղորդմանը Վարդուհի Խաչատրյանի «Հայաստան» երգի կատարմամբ: Հանդես եկան հատուկ հրավիրված հյուրերը՝ Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլի սաները: Վարդուհի Խաչատրյանի երգերը կատարում են ոչ միայն նրա փոքրիկ սաները, այլև հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Երեկոն վարում էր սիրված հեռուստահաղորդավարուհի Սոնա Վերդյանը:
Հնչեցին երգեր՝ պարային համարների ուղեկցությամբ: Պարային կատարումներով հանդես եկան Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի՝ Քրիստինա Ավագիմյանի ղեկավարած «Միլենիում» ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարո Անդրեասյանի ղեկավարած Մարիոնետների թատրոն-ստուդիայի սաները, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի՝ Նելլի Աբովյանի ղեկավարած պարի խմբի սաները: Գործիքային կատարման պրեմիերայով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:
Մանկավարժական արգասաբեր գործունեության և երաժշտական արվեստում ունեցած մեծ ավանդի համար Վարդուհի Խաչատրյանը պարգևատրվեց «Նիկողայոս Տիգրանյան» ոսկե մեդալով, որը նրան հանձնեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն, վաստակավոր մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը: Շնորհակալագրով պարգևատրվեց «Լինա» մշակութային կենտրոնի տնօրեն Էվելինա Ասատուրյանի կողմից:
Հետաքրքիր ու հագեցած ծրագիր էր: Հնչեցին նոր երգեր, Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնի ուսանողները կատարեցին Վարդուհի Խաչատրյանի «Ալեկոծ ծովը» ստեղծագործությունը: Համերգը եզրափակվեց Վարդուհի Խաչատրյանի «Հայ զինվոր» երգով, որը կատարում է նաև Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը: Երգչախմբերի հետ ելույթ ունեցան նաև Պաշտպանության Նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի զինվոր-կուրսանտները:
«Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ համերգասրահից: Բոլորի բուռն ծափահարություններն ու գովեստի խոսքերը մեզ շատ ոգևորեցին: Հուզմունքը և ուրախությունը խառնվել էին... Մեզ համար շատ կարևոր էր հանդիսատեսի գնահատականը: Չդադարող ծափահարությունները, հանդիսատեսի ջերմ ու անկեղծ խոսքերը մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք: Շատ հուզիչ էին նաև Գյումրու մանկատան տնօրեն տիկին Լիդիայի խոսքերը. մանկատան սան Արթուր Հարությունյանը «Դեպի լույս» երգչախմբի սան է նաև: Բոլորի ջերմ խոսքերը և շնորհավորանքները մեզ պարգևեցին աննկարագրելի զգացողություններ,-անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը՝ խոսելով նաև առաջիկա ծրագրերի ու նախատեսված միջոցառումների մասին:-Համերգները շատ են, նաև՝ Հայաստանի մարզերում: Հուլիսի 22-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի սահմանամերձ, սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական կոլեկտիվների հաշվետու համերգը՝ «Սահմանն անառիկ է նաև մշակույթով» խորագրի ներքո: Օգոստոսի 12-ին էլ մասնակցելու ենք Գյումրիում կայանալիք «Ճախրուկ» փառատոնին»: