ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ի՞նչ գիտեր Գուրգեն Յանիկյանը Իրանի վերջին՝ Մոհամմադ Ռեզա Փեհլևի շահի մասին

Ի՞նչ գիտեր Գուրգեն Յանիկյանը Իրանի վերջին՝ Մոհամմադ Ռեզա Փեհլևի շահի մասին
06.04.2023 | 22:18

Այսուհետև այս երկու գրքերը գրախանութներում կներկայացվեն միասին: Միմյանց փոխլրացնող այս հատորներում տասնամյակներով ծածուկ մնացած շատ բացահայտումներ կան: Ինչպես, օրինակ, ներքևում բերված հուշը, որը, կարծում եմ, շատ կհետաքրքրի հատկապես մեր պարսիկ բարեկամներին:

Կարո Վարդանյան

«…Դրանից հետո շահը հաճախ էր ինձ կանչում պալատ՝ զանազան շինարարական հարցերով: Այդպիսի մի հրավերի ժամանակ, Ռեզա շահի հետ պալատի լողավազանի մոտ կանգնած խոսում էինք, երբ պարտեզ մտավ նրա որդին՝ արդեն 12-13 տարեկան: Տեսնելով նրան՝ շահը մոտ կանչեց, բռնեց շորերից ու հայհոյելով՝ «փետարսուխտե,,, փետարսուխտե», պատրաստվում էր նետել ավազանը:

Շփոթվել էի ու չգիտեի ինչ անել: «Ղուրբան,,, ղուրբան» ասելով ուզում էի ազատել երեխային, բայց նա արդեն ջրի մեջ էր և լողում էր մյուս կողմը, իսկ հայրը շարունակում էր հայհոյել՝ «շա՛ն ձագ, շա՛ն որդի, անպիտա՛ն, գյոթվերա՛ն» և այլ խայտառակ խոսքերով: Երբ տղան ավազանի մյուս կողմից դուրս եկավ, շահը գոռաց. «Կորի՛ր աչքիցս»:

Ես նրան երբեք չէի տեսել այդպիսի կատաղած դեմքով: Երբ նայեց ինձ՝ աչքերից կարծես կրակ էր թափվում: Հիմա պիտի ներկայացնեմ նրա կատաղության պատճառը: Այնպես էր նայում վրաս, կարծես ես մեղք ունեի: Հետո սկսեց կցկտուր բաներ ասել. «Պարսկական շահը ամեն կերպ ազատ է իր հաճույքների մեջ, բայց ինքը չպիտի պասիվ դեր ունենա… Գյոթվերան շահ… Այն էլ ոչ թե մի անգամ, այլ շատ անգամ…»: Կարծես նոր գլխի ընկավ, որ մենակ չէ, ճակատը շփեց ու ասաց ինձ. «Դու էլ գնա ու մոռացի՛ր տեսածդ»:

Հայրը՝ Ռեզա շահը իմացել էր, որ իր որդին՝ թագաժառանգը, պասիվ սեռական դերի մեջ է եղել ընկերների հետ, այն էլ՝ շատ անգամներ: Այդ մասին նրան տեղեկացրել էր Աղայե Մանսուրը, որն այն ժամանակ նախագահ էր Իրանում:

Այդ դեպքից հետո նրան ուղարկեցին Շվեյցարիա՝ մի ինչ-որ հայտնի դպրոց-պանսիոն, որտեղ իրենց զավակներին կրթության էին տալիս բրիտանական լորդերն ու եվրոպական ազնվականությունը:

Իհարկե, ես տեսածս ու լսածս գաղտնի էի պահել ու նույնիսկ կնոջս չէի պատմել:

Թագաժառանգը մեծացել էր ու ավարտելով ուսումը՝ վերադարձել արտասահմանից: Ռեզա շահը նրա համար որպես կին ընտրել էր Եգիպտոսի Ֆարուկ թագավորի գեղեցկուհի և արիստոկրատ քրոջը՝ Ֆավզիա Ֆուադին: Երկիրը պատրաստվում էր շքեղ հարսանիքի: Հայերս մի սքանչելի կամար շինեցինք Նադերի գլխավոր փողոցում՝ եգիպտական թագավորների արձաններով: Այն դարձավ բոլորի հիացմունքի առարկան, բայց հայ համայնքը ոչ մի ցենտ չծախսեց, ու ստիպված բոլոր ծախսերը փակեցինք ճարտարագետ Լևոն Մելիքն ու ես: Բայց դա մեծ հարված չէր մեր գրպանին, քանի որ մենք կառավարական պատվերների պայմանագրեր ունեինք և լավ էինք վաստակում:

Եգիպտական խնամիները մեծ կազմով ու շուքով ժամանեցին Թեհրան: Ինձ, որպես ֆրանսերենին տիրապետողի, Ռեզա շահը կարգադրեց լինել Ֆավզիայի քրոջ՝ տասներկուամյա արքայադստեր ուղեկցորդը: Գործերս թողած, տասնհինգ օր շարունակ, առավոտյան ժամը տասից մինչև ուշ երեկո ես լինելու էի նրա տրամադրության տակ, որպեսզի օրվա մեջ ցույց տամ տեսարժան վայրերը, իսկ երեկոներն էլ պաշտոնական հանդերձանքով ուղեկցեմ նրան անվերջանալի հրավերների ընթացքում: Այդ փոքրիկ, չարաճճի արքայադուստրը ուզում էր ամեն ինչ տեսնել. նույնիսկ պահանջում էր իրեն տանել Թեհրանում անուն հանած գաղտնի գիշերային տները:

Հարսանիքից անմիջապես հետո խնամիներն անսպասելիորեն լքեցին Թեհրանը: Շահը հրամայեց 24 ժամվա մեջ բոլոր կամարները, որոնք թվով ութն էին, վերացնել փողոցներից: Մելիքը և ես մեր բանվորներից երկու հարյուր հոգու բերեցինք և մեր մասով կատարեցինք հրամանը: Մյուս կամարների տերերը դանդաղ էին գործում, և կեսօրից հետո նրանց տրամադրեցին զինվորականներ, որպեսզի ժամանակին ավարտեն: Ճիշտ է, շեղվում եմ նյութից, բայց ուզում եմ ընթերցողն իմանա, որ այս ամենի պատճառը Ռեզա շահի և հարսի մոր միջև տեղի ունեցած անհամաձայնությունն էր: Շահը կամեցել էր, որ հարսի հետ որպես օժիտ տրվի Սուեզի ջրանցքի բաժնեթղթերի որոշ մասը: Հարսի մայրը լսել չէր ուզել և զայրացած հավաքել էր ուղեկիցներին ու հեռացել: Շահն էլ հրամայել էր քանդել խնամիների պատվին կառուցված բոլոր կամարները: Զարմանալու բան չկա. մեր կյանքում ամեն ինչ կապված է ամենազոր աստծու՝ դրամի հետ:

Մի քանի տարի անց «մեր հարսը» աղջիկ զավակ ունեցավ, իսկ էլի որոշ ժամանակ անց ապահարզան տվեց մեր թագաժառանգին ու, մանկահասակ դստերը թողնելով նրան, վերադարձավ Եգիպտոս: Պալատը լուր տարածեց, թե թագաժառանգի ամուսնալուծության պատճառն այն է, որ կինը արու զավակ չի ունեցել, իսկ երկրի գահը կարիք ունի ապագա ժառանգորդի: Թեև այդպիսի պատճառաբանությունն անտրամաբանական էր ու ծիծաղելի, բայց ժողովուրդն ընդունեց այն, ու ժամանակի ընթացքում խնդիրը մոռացվեց:

Երբ ես 1944 թվականին Ամերիկա մեկնելու նպատակով հասել էի Եգիպտոս, այցելեցի չարաճճի արքայադստերը, որը արդեն մի հայտնի փաշայի կինն էր: Նա ինձ ու կնոջս հրավիրեց ճաշի, որի ընթացքում, օգտվելով առիթից, ասացի, որ իմ 15-օրյա ուղեկցության դիմաց նա ինձ պարտք ունի վճարելու: Թևս ընկնելով տարավ կողքի սենյակը և հարցրեց, թե ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Ասացի, որ շատ կուզեի իմանալ, թե ինչո՞ւ իր քույրը բաժանվեց մեր շահից: Ծիծաղելով պատասխանեց. «Շատ էժան ես գնահատում քո ծառայությունը, պարոն Գուրգեն: Այդ հարցին ամեն եգիպտացի կարող է պատասխանել»:

Պատմեց, որ թագուհին սովորություն ուներ ձիերով պտույտի գնալ լեռները: Երբ մի օր ինչ-որ պատճառով ժամանակից շուտ է վերադարձել պալատ, ամուսնու ննջասենյակում ականատես է եղել զազրելի տեսարանի. ամուսինն անկողնում անառակության էր տրվել մի երիտասարդ սպայի հետ: Այդ ամենից հետո ի՞նչ պետք է աներ թագուհին:

Անհարմար զգացի, որ պատճառ էի դարձել, որպեսզի տիկինը նման տհաճ բան հիշի, շնորհակալություն հայտնեցի, ու վերադարձանք ճաշասրահ:

Այս գաղտնիքը տասնյակ տարիներ պահել էի: Բայց երբ այդ շահ կոչված սրիկան իմ կյանքի գլխավոր նպատակի փլուզման պատճառը դարձավ, որոշեցի այս իմացածս թողնել պատմությանը՝ որպես վրեժ: Թող պատմությունը տա սրա գնահատականը, երբ կգրվի Իրանի շահերի մասին»:

Դիտվել է՝ 4023

Մեկնաբանություններ