Այս էլեկտրոնային գիրքս ունի ավելի քան 47.000 դիտում, բայց կուզենայի խոսել մի առասպելական անձնավորության մասին, որի նամակի տողը դարձել է գրքի վերնագիրը:
Մինչև 1913 թ. Երվանդ Հակոբյանին գրեթե ոչ ոք չէր ճանաչում: Նա մարգարտախույզ էր և 4 տարի Նոր Գվինեայի մարդակերների շրջապատում սուզվում ու մարգարիտներ էր կորզում: 1913 թ. հունվարի 9-ին նա մի նամակ է գրում ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուբարին, որն սկսում է այս տողերով. «Ես հարուստ մէկը չեմ, բայց հայրենիքս անձէս աւելի կը սիրեմ»:
Եվ նամակի հետ դնում է 25.000 ֆրանկի չեկ: Դա այնպիսի խոշոր գումար էր, որ նման չափի նվիրատվություն կարողանում էր անել միայն Պ. Նուբարը: Գումարն անձեռնմխելի էր, և դրա շահութատոկոսներով, համաձայն Ե. Հակոբյանի ցանկության, Հայաստանի ներկայիս Արագածոտնի մարզի Շենավան և Վարդենուտ գյուղերում կառուցվեցին դպրոցներ, իսկ Մարտունու շրջանում՝ պրոֆտեխուսումնարանի շենք: Պահպանվել է միայն Շենավանի դպրոցական շենքը:
Ե. Հակոբյանի կյանքի մասին «Իրատես» թերթում տպագրեցի «Հայրենիքս անձէս աւելի կը սիրեմ» 2 մասից բաղկացած հոդված: Վերջաբանում Արագածոտնի մարզպետին խնդրեցի Շենավանի դպրոցն անվանել բարերարի անունով:
Արդի բյուրոկրատիային քաջածանոթ մեկն ասաց. «Բան դուրս չի գա, խնդրանքդ պատշաճ ձևով չես ձևակերպել»: Իրոք, բան դուրս չեկավ... Որովհետև Ե. Հակոբյանը ոչ ինքն էր հարուստ, ոչ հարուստ ժառանգներ ունի, ոչ էլ՝ պինդ «մեջք»:
Եթե այդ հոդվածում որևէ առերևույթ հանցագործության մասին գրած լինեի և խնդրեի համարել որպես հայտարարություն, իրավապահներն անմիջապես կարձագանքեին: Այսինքն, հանցագործությունն ավելի կարևոր է, քան երախտագիտության տարրական զգացողությունը:
Ե՞րբ ենք սովորելու սերունդ կրթել, երկիր կառուցել, ազգ ձևավորել: