Ծննդյան տոներին Հայաստանում անցկացվում է գողական հավաք, ու որոշ լրատվամիջոցներ (նաեւ ռուսական) նույնիսկ գրեցին, թե այն պատմական է եւ մասշտաբով աննախադեպ: Իսկ ի՞նչ է տալիս դա Հայաստանին, որը այսպես թե այնպես կասկածելի վարկանիշ ունի աշխարհում՝ ծայրահեղ աղքատ ժողովուրդ, ծայրահեղ հարուստ փոքրամասնություն, դարերով անկախանալու երազը փայփայած, բայց գաղութային կասրության կցորդը լինելու ճանապարհն ընտրած երկիր: Գողական հավաքի պատմականության չափանիշը վիճարկելի է, գողերը չէ, որ կերտում են ժողովրդի ու երկրի պատմությունը: Մյուս կողմից էլ գողական աշխարհում եղած օրենքները «համայնքի» բոլոր անդամների համար են, ի տարբերություն հայաստանյան իրականության, որտեղ օրենքը միայն խեղճին ճզմելու ու խճճելու համար է, իսկ խոշոր «սարդերը» ծակում-անցնում են այդ ցանցը: Կարդում ես ռուսական լրատվամիջոցերի մեկնաբանությունները՝ Հայաստանում անցկացվող գողական հավաքի մասին ու հասկանում, որ այնտեղ էլ են քամահրանքով վերաբերվում Հայաստանի կարգավիճակին. դրանց մեխն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի գավառն է, ու պատահական չէ, որ Մոսկվայում անցկացվելու փոխարեն գողական հավաքը «գործուղվեց» Հայաստան:
Հիմա շատերը կասեն բա՝ Ֆրանսիան էլ հո քաղաքակիրթ երկիր է, ինչպե՞ս հարձակվեցին խմբագրության վրա ու տասից ավելի մարդ սպանեցին: Դա ուրիշ պատմություն է, ու մի ուրիշ առիթով կանդրադառնամ, բայց որ իմ սիրելի Հայաստանը ֆրանսիական արդարադատությունն ունենալու համար դեռ շատ լավաշ ու պանիր պետք է ուտի, փաստ է:
Հայաստանում շարունակվում է դեգրադացումը եւ իսկական արժեքների ձեւախեղումը: Նոր սերունդը վակուումից հերոսներ չի կարող կերտել, այսպես շարունակվելու դեպքում գողականներն են լինելու հերոսների նախատիպերը: Ի դեպ, Ռուսաստանում վաղուց միտում կա գողականը, քրեականը իդեալականացնելու: Դրա վառ ապացույցը քրեական սերիալներն են ու բարի բանդիտի կերպարի ստեղծումը, դրանց նմանողությամբ: Հայաստանում էլ են սերիալներ ստեղծվում: Մեկ-մեկ մարդիկ զարմանում են, թե ինչու այդ թեմայով: Բայց չէ՞ որ հայաստանյան իրականությունում իշխող է քրեաօլիգարխիկ համակարգի ազդեցությունը: