Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Սերունդը չի դաստիարակվել, դահլիճի աթոռից օգտվել նույնիսկ չգիտի» (ֆոտոշարք)

«Սերունդը չի դաստիարակվել,  դահլիճի աթոռից օգտվել նույնիսկ չգիտի» (ֆոտոշարք)
25.09.2012 | 11:19

Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատը հանրապետությունում համարվում է լավագույնը: Գյումրիում կայացած առաջին միջհամայնքային, մշակութային «Արտ Էքսպո» ցուցահանդեսում շահել էր առաջին մրցանակը: Քաղաքի միակ գրադարանը նույնպես առաջին տեղում է: Շտապեմ ավելացնել, որ այս քաղաքում զորակոչն ուղեկցվում է երգ ու պարով: Զորակոչիկներին բանակ են ուղեկցում ոչ թե զինկոմիսարիատից, այլ Ստեփանավանի կենտրոնական հրապարակից: Արդեն 2-րդ տարին, (ձմռանը` մշակույթի պալատի ներսում, ամռանը` բակում) համերգային մեծ ծրագիր է կազմակերպվում: Արդեն ավանդույթ դարձած տոնական զորակոչի հեղինակն ու նախաձեռնողը մշակույթի պալատի տնօրեն ԱՆՈՒՇ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆՆ է:


-Մի փոքր պատմեք պալատի գործունեության մասին:
-Մշակույթի պալատը կազմավորվել է 2006-ին: Ներկայումս այստեղ գործում է 15 խումբ, որից 8-ը` անվճար. տիկնիկային, մանրանկարչության, պարի, փայտի փորագրության, կարպետագործության, վարսավիրական, ինչպես նաև երգչախումբ և գործիքային համույթ: Կան նաև վճարովի խմբեր սիմվոլիկ վարձավճարով` կերպարվեստի, դիզայնի, վոկալի, գոբելենի, պատանի բնասերների խմբակները և փողային նվագախումբը: Կենտրոնի ուսումնական պարապմունքներին հաճախում է շուրջ 250 հոգի, որոնցից 60-ը` շրջանի գյուղական համայնքներից: Մշակույթի պալատի խմբերը բարեգործական հիմունքներով հանդես են գալիս մանկապարտեզներում, դպրոցներում, հատուկ դպրոցներում, զորամասերում, ծերանոցներում, մանկատներում:
Ի դեպ, երգչախմբում երգում են նաև մանկապարտեզի, գրադարանի, արվեստի դպրոցի, երաժշտական դպրոցի մեր գործընկերները, և ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր սիրում են երգել, պարել: Նույնիսկ մեր պարի սիրողական խմբում պարում են մայրերն իրենց աղջիկների հետ: Նշեմ նաև, որ «Երեխաների հատուկ ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Աիդա Մելքոնյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ մեր մշակույթի պալատում, արդեն երրորդ տարին է, բացվել և գործում են անվճար խմբեր սոցիալապես անապահով երեխաների համար: Մեզ մեծապես աջակցում է քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը։
-Կարելի՞ է ասել, որ երբեմնի մշակութային քաղաքն այսօր նույնպես հետաքրքրված է մշակույթով:
-Այո, մշակույթը Ստեփանավանում շատ զարգացած է եղել, շատ հայտնի երգիչներ, Լյուդմիլա Զիկինայից սկսած, երգել են մեր բեմում: Հետխորհրդային դժվարին տարիներից հետո կամաց-կամաց փորձեցինք վերականգնել մեր ավանդույթները, տոները, և պետք է ասեմ, որ հաջողությունների ենք հասել, հանրապետությունում բավականին ճանաչված ենք, բազմաթիվ մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների ենք մասնակցել` արժանանալով դիպլոմների, պատվոգրերի, շնորհակալագրերի և հուշանվերների:
-Ուշադրությո՞ւն է գրավում մշակույթի պալատը Ստեփանավան այցելող զբոսաշրջիկների շրջանում:
-Զբոսաշրջիկների շրջանում մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ կապված են եղել Ստեփանավանի հետ: Այսօր, երբ տեսնում են` մշակույթի պալատի շենքը կանգուն է, ուզում են իմանալ` ինչ փոփոխություններ կան, ինչն է պահպանվել անցյալից, ինչ ունենք այսօր: Իսկ օտարերկրյա հյուրերին ներկայացնում ենք մերը, ավանդականը: Հետաքրքրվում են հատկապես փայտի փորագրությամբ, խաչքարերով, գոբելենով, առհասարակ, ձեռքի աշխատանքներով: Անգամ ցուցահանդեսներից մեկի ժամանակ ֆրանսիացիները ցանկություն հայտնեցին գնելու ներկայացված աշխատանքները: Մենք պատրաստ էինք նվիրելու: Սակայն նրանց վերաբերմունքն այդ հարցում այլ է. ասացին, որ այն, ինչի համար ժամանակ է տրամադրվել, աշխատանք է կատարվել, չի կարելի նվիրել: Ի դեպ, նրանք հաճույքով լսում էին քանոն, դուդուկ, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ ծանոթ էին մեր ժողգործիքներին:
-Դժգոհություններ չունե՞ք: Կենտրոնի գործունեությանը խոչընդոտող խնդիրներ չկա՞ն:
-Լավ կլիներ, որ մանկավարժների, խմբավարների և խմբակների համար որևէ մշակված ծրագիր լիներ: Մենք նորությունները համացանցից ենք վերցնում, ծրագրերն ինքներս ենք մշակում: Տարիների փորձը ցույց է տալիս, թե ինչն է ավելի հետաքրքիր, ինչը կզարգացնի երեխայի ճաշակը, ու ըստ այդմ կազմում ենք ծրագրեր, դասընթացներ ենք անցկացնում նրանց համար: Մասնագետին օգնող ոչ մի ձեռնարկ կամ վերապատրաստման դասընթացներ չկան:
-Համակարգիչը երեխաներին կտրում է առողջ ապրելակերպից, մանկական աշխույժ առօրյայից ու խաղից: Մարզերում նո՞ւյնպես կա այս խնդիրը:
-Խնդիրն ամենուր է: Մեր սաները համացանցից օգտակար նյութեր են քաղում, փորձում են օգտագործել աշխատանքի մեջ: Երեխային չես կարող այսօր համակարգչից հեռու պահել, պետք է ելքը գտնել, ճիշտ ուղղություն ցույց տալ, որպեսզի նպատակային լինի այն ժամանակը, որ նա անցկացնում է համակարգչի առաջ:
-Մշակութային բազմապիսի միջոցառումներ եք կազմակերպում, որքա՞ն են դրանք հետաքրքրում նոր սերնդին: Ո՞վ է ձեր հանդիսատեսը:
-Հետաքրքրությունը մեծ է: Հանդիսատեսի շրջանում մեծ թիվ են կազմում երիտասարդները: Այլ հարց է, որ երկար տարիներ բարձիթողի վիճակ է եղել: Շատ դժվար է, սերունդը չի դաստիարակվել, դահլիճի աթոռից օգտվել նույնիսկ չգիտի, մանր բաներից սկսած պետք է սովորեցնել:
Մշակույթի պալատում աշխատում են գործին նվիրված մարդիկ, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքում մշակութային աշխուժություն տիրի:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 11146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ