«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«…վաղը կկարգադրեմ, որ անոր Մասիսի հողեն, Երասխի ջրեն, Հայաստանի ծաղիկներեն քիչ մը վերցնեն և փոքրիկ արկղով մը ղրկեն Վենետիկ» (այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ծննդյան օրն է)

«…վաղը կկարգադրեմ, որ անոր Մասիսի հողեն, Երասխի ջրեն, Հայաստանի ծաղիկներեն քիչ մը վերցնեն և փոքրիկ արկղով մը ղրկեն Վենետիկ»  (այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ծննդյան օրն է)
04.04.2023 | 21:44

Սեպտեմբերի մեջ, 1901 թվին, այցելեցի Սուրբ Էջմիածին: Նույն թվի, մայիսին, երբ Վենետիկ էի, մեզ ամենիս սիրելի հայր Ղևոնդ Ալիշանը իմ վրա քաղցր պարտ դրեց «Հայոց Հայրիկին կարոտագինս ողջունելու իմ կողմանե»:

Մի երեկո անմոռանալի բախտ ունեցա Հայրիկի մոտ լինելու և համբուրելու նրա աջը։

Սիրտս ուժգին խփում էր հուզմունքից և ուրախությունից։

Առաջարկեց նստել։

- Վեհափառ Հայրիկ, - ասացի ես, - մեծ բախտավորություն եմ զգում, որ ինձ վիճակվել է բերել Նահապետ Ալիշանի կարոտագին ողջույնները Հայոց Հայրիկին։

- Ա՜հ, շատ շնորհակալ եմ։ Դուն Վենետի՞կ էիր, ե՞րբ էիր հոն, ինչպե՞ս է հայր Ղևոնդը, աղե՞կ է:

- Այո, վեհափառ Հայրիկ, այս գարնանը Վենետիկ էի և պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ Նահապետի մոտ: Նա հիվանդոտ է և թույլ...

- Աիսո՜ս, ափսո՜ս, - խոսքս ընդհատեց Հայրիկը , - մենք հասակակիցներ ենք, ես շատ կսիրեմ անոր. անուշ գրիչ ունի: Նա շատ է ազդեր իմ գրչի վրա, նա ինձ շատ բան է ներշնչեր։ Ասա, ուրիշ ի՞նչ կըներ։

- Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը իրենից հարյուր օր, միայն հարյուր օր մեծ է, և ասում էր, թե բերկրանքով եմ լսում, որ Հայրիկը ձի է նստում և ժողովրդին այցի է ելնում...

Միշտ նախանձում էր Ձեզ վեհափառ Հայրիկ, և ասում էր, թե Հայրիկի բանն ուրիշ է, նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքին ներքո է քնում, հայոց դաշտերի ծաղկանուշ հովն է ծծում, Արաքսի ջուրը խմում:

Այստեղ Հայրիկը ուրախ և սրտանց ծիծաղեց:

- Ան կնախանձե ինձ, ես վաղը կկարգադրեմ, որ անոր Մասիսի հողեն, Երասխի ջրեն, Հայաստանի ծաղիկներեն քիչ մը վերցնեն և փոքրիկ արկղով մը ղրկեն Վենետիկ:

Ինչպես հետո իմացա, Հայրիկի կողմից ուղարկվել էր մի փոքր արկղ այդ արմաղաններով, բայց մինչ հասնելը, դժբախտաբար, սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել (1901 թ. նոյեմբերի մեջ):

Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Նկար՝ Հովհաննես Այվազովսկի։ «Խրիմյան հայրիկը Էջմիածնի շրջակայքում»։

1895 թ. Մկրտիչ Խրիմյանը Պետերբուրգից Էջմիածին վերադարձի ճանապարհին Այվազովսկու հրավերով ացելել է Թեոդոսիա։ Մեկշաբաթյա այս այցի ընթացքում է, որ կաթողիկոսին հյուրընկալելով իր տանը, նկարիչը ստեղծել է Հայրիկին պատկերող կտավը՝ «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում»։ Այն այժմ ցուցադրվում է Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու տուն-թանգարանում։

Սասուն Ս.ԱՆԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3047

Մեկնաբանություններ