ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՐԾԱՆՔ
Սեպուհ Մանասը (1816-1889 թթ.) պոլսահայ էր, որը մասնագիտական բարձրագույն կրթությունն ստացել էր Իտալիայում։ Նա Աբդուլ Մեջիդ և Աբդուլ Ազիզ սուլթանների պալատական նկարիչն էր։ Առհասարակ Մանասները ծանրակշիռ ներկայություն ունեին թուրքական սուլթանությունում։ Պալատական նկարիչ էր նաև Ռուբեն Մանասը (1810-1876 թթ.), որը նույնպես Իտալիայում էր կրթվել և գլխավորապես զբաղվում էր փղոսկրի վրա մանրանկարչությամբ։ Ի մասնավորի նա գեղակերտում է Աբդուլ Ազիզի տասնամյա դուստր Ֆաթմային, որը ժամանակին համարվեց թրքուհու առաջին իրապաշտական դիմանկարը, և, բնականաբար, «թուրքական կերպարվեստի» գանձերից է։ Եվս մի Մանաս է ստեղծագործել թուրքական սուլթանությունում` Հովսեփը (1835-1916 թթ.), որը ստեղծել է Դելի Ֆաուդ փաշայի դիմանկարը և գերմանական կայսրուհի Ավգուստա-Վիկտորյայի մանրակերտ պատկերը (1898 թ.)։ Առհասարակ սա մի փառահեղ ստեղծագործական տոհմ էր։ Հիմնադիրն էր Զենոբ Մանասը, զավակներն էին Ռուբենը, Սեպուհը, Ալեքոն, Գասպարը և Մաքսուդը։ Նկարիչ էր նաև նրանց հորեղբորորդի Ժոզեֆը (Հովսեփ)։
Նույն ժամանակաշրջանում Կ. Պոլսում և Զմյուռնիայում գործում էին Աբդուլլահ (Աբդուլլահյան) լուսանկարիչ եղբայրները, որոնցից Վենսանը (1834-1900 թթ.), Գևորգը (1839-1918 թթ.) և Հովսեփը (՞-1902) նաև մանրանկարիչներ էին։ Այսինքն, հայ տարրը թուրքական կայսրության կերպարվեստի հնոցն էր։ Այստեղ հիշենք, որ Կ. Պոլսում ծնված Հովհաննես Պեյզատը (1809-1874 թթ.) կերտում է ավելի քան երկու հազար ստեղծագործություն, եկեղեցական պատկերներ և հաստոցային կտավներ։ Այս վարպետը, ըստ ժամանակի գիտակ մարդկանց վկայության, օժտված էր դեկորատիվ սուր զգացողությամբ։ Աբդուլ Մեջիդ սուլթանը հենց նրան է վստահում Չրաղանի, Դոլմա-Բախչեի և այլ պալատների նկարազարդումները։ Ի դեպ, 1864-ին Կ. Պոլիս է ժամանում Ֆրանսիայի գեղարվեստական միության նախագահ, նշանավոր նկարիչ Պյուվի դը Շավանը և այս հայ վարպետի մասին ասում է. «Բնատիպ նկարիչ է, որի պատկերները շողշողում են խինդով ու փայլով»։
Անհնար է անտեսել Պետրոս Սրապյանին (1833-1898 թթ.)։ Ծնվել է Կ. Պոլսում, սովորել է Սկյուտարի ճեմարանում։ Ճեմարանական ընկերների հետ հրատարակել է «Ծաղկոց» ձեռագիր կիսամյա հանդեսը` նկարազարդելով հանդեսի էջերը։ Նա ուսանել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, իսկ Կ. Պոլսում արդյունավետ համագործակցել է նշանավոր Պալյան ճարտարապետական ընտանիքի հետ` նկարազարդելով վերջիններիս կառուցած սուլթանական պալատները, հանրային շենքերն ու առանձնատներ։
Այլ վարպետներ ևս շենացրել են Հայկական լեռնաշխարհը բռնակալած, կենսաբանորեն անմշակույթ և գենետիկորեն հակաքաղաքակիրթ թուրք էթնոսի ստեղծած կայսրությունը։ Հիշենք Մելքոն Տիրացույանին (1837-1904 թթ.), որը թուրք մեծահարուստներին էր պատկերում, նաև բնանկարում էր Կ. Պոլիսն իր գեղատեսիլ արվարձաններով։
Չմոռանանք Սոփոն Պեզիրճյանին (1839-1919), որը ինքնուս նկարիչ և քանդակագործ էր, սակայն սուլթանական արքունիքի զարդանկարիչն էր։ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը նշում է. «Դեկորատիվ ճոխությամբ ու հնչեղ գունագեղությամբ նրա հարդարած սուլթանական պալատների պատերն ու ձեղունները ժամանակին հիացրել են Հ. Այվազովսկուն»։ Ի դեպ, Սոփոն Պեզիրճյանը ճակատագրի թելադրանքով տեղափոխվում է Եգիպտոս, այնուհետև Լոնդոն։ Անգլիայի մայրաքաղաքում արժանանում է թագավորական ընտանիքի բարեհաճությանը։ Ի դեպ, նրա կտավներից մեկը ձեռք է բերում Լոնդոնի Հնդկական թանգարանը։
ՄԻՐԶԱՅԱՆՑԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ
Սակայն ժամանակն է, որ լքեմ Կ. Պոլիսն ու սուլթանությունը, զի կարող եմ ուղղակի գեղագիտորեն շնչահեղձվել, հիշելով, որ 19-րդ դարի վերջերում հայ մշակույթի կենտրոն Թիֆլիսում չկային ո՛չ բարձրագույն, ո՛չ միջնակարգ, ո՛չ էլ (չզարմանաք) տարրական գեղարվեստական հաստատություններ։ Սակայն կային նկարչական փոքրիկ վաճառատներ։ Ալեքսանդր Շիրվանզադեի վկայությամբ` Թիֆլիսի առաջին գեղարվեստական պատկերասրահը բացվել է 1880-ականներին, հայազգի Միրզայանցի ջանքերով` (շնչահեղձմանս պատճառը հայտնի կդառնա քիչ անց)։
Արարատ Աղասյանն իր հիմնարար աշխատությունում նաև նշում է. «Ականատեսներից մեկի վկայությամբ` Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն Երևանում 19-րդ դարի կեսերին կար ընդամենը երկու նկարիչ, դրանք էլ իրենց համեստ տաղանդի համար մեկենասներ չգտնելու հետևանքով թշվառ վիճակի մեջ էին հայտնվել»։ Սակայն Թիֆլիսում աղքատ ազգականի դերում չէին հայ նկարիչները, ի մասնավորի` Հովնաթանյան փառահեղ տոհմը, Վանո Խոջաբեկյանը և այլք։ Կովկասի փոխարքայանիստ Թիֆլիս քաղաքը, որ զարգանում էր ռուսական և եվրոպական քաղաքներից ներթափանցած մշակութային մթնոլորտում, զարգացավ նաև հայ նկարիչների, նկարչական տոհմերի ու ընտանիքների մասնակցությամբ։
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳԱԶԱՎԵՇՏ
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան տեղակայված է վրացական մայրաքաղաքի սրտում` Ռուսթավելի պողոտայում։ Հիմնադրվել է 1922-ի մարտի 8-ին և կոչվել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիա։ Ի թիվս վրացիների և այլ ազգերի ներկայացուցիչների շատ հայ վարպետներ են ավարտել սույն հաստատությունը։ Ի մասնավորի` Վահան Տերունին, Կարապետ Մեծատուրյանը, Հրաչյա Ռուխկյանը, Արփենիկ Նալբանդյանը, Նիկոլայ Մանուկյանը (Նիկօ) և Հրանտ Հակոբյանը։ (Մի՞թե չարժե Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում ուսանած հայ նկարիչների պատկերագիրքը հրատարակել։ Վստահաբար արժե, զի նրանք հայ ազգային կերպարվեստի գունեղ և երազային զարկերակն են)։ Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող այս պատվական հաստատության ռեկտորների թվում հայեր, բնականաբար, չեն եղել։ ՈՒսուցումը կատարվել և կատարվում է վրացերենով։ Ակադեմիայում այսօր գործում է Մեծ ցուցասրահը, ուր ի մի են բերված 600-ից ավելի գեղանկարներ, կուրսային և դիպլոմային աշխատանքներ, Գիգո Գաբաշվիլու, Լյուդվիգ Լուիժի Լոնգոյի, և այլոց գործերը։ Շարդենի փողոցում է գտնվում Ակադեմիայի գոբելենի թանգարանը։ Մի խոսքով և առանց որևէ վերապահության Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան միջազգային մակարդակի ուսումնական կենտրոն է։
1945-ին բացվում է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1953-ից այն գործել է գեղարվեստա-թատերական ինստիտուտի, 1994-ից` պետական գեղարվեստական ինստիտուտի կարգավիճակով։ 2000 թվականից մինչև 2017-ը երկրի թիվ 1 գեղարվեստական հաստատությունը անվանակոչված էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, 2017-ից` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Սույն տեղեկատվական շարադրանքը հրամցնում եմ «Իրատեսի» ընթերցողներին` ուղղակի ցնցող մի գլուխկոտրուկի պատասխան ստանալու համար, իհարկե ոչ թե մեր ընթերցողներից, այլ ՀՀ գործող կառավարությունից։
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան ամբողջապես գտնվում է Վրաստանի Հանրապետության, այն է` պետական հոգածության ներքո։ Սակայն նրա անվանման մեջ բացակայում է «պետական» բառը, թեև իրավական կարգավիճակով լիովին պետական է։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայն ինքնապահպանման և բնականոն գործելու ծախսերի շուրջ 80 տոկոսը հոգում է սեփական միջոցներով, հիմնականում` ի հաշիվ ուսանողներից գանձվող ուսումնական վարձերի։ Պետությունը ընդամենը մի քանի տասնյակ անվճար տեղեր է հատկացրել նշյալ հաստատությանը, և լվացել է ձեռքերը, ինչ-ինչ շրջաբերականներով վերահսկում է նրա գործունեությունը պահպանման հոգսը խոհեմաբար բեռնելով ղեկավարության և դասախոսական կազմի ուսերին։
Իսկ հոգսը ծանրաբեռ է ու մշտական։ Չէ՞ որ գեղարվեստական ուսումնական կենտրոնները բավականին ծախսատար են, ուսանողներին անհրաժեշտ է ապահովել մասնագիտական բազմաբնույթ պիտույքներով, նրանց և դասախոսական կազմի համար պետք է ստեղծել գեղարվեստա-գործնական պատշաճ միջավայր և այլն։
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան հիմնանորոգվել է հավուր պատշաճի, ապահովված է ամեն բանով և անվրդով զբաղվում է իր բուն գործով` նոր սերնդի գեղարվեստական կրթմամբ։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան երեկ էլ, այսօր էլ հիմնանորոգման խիստ կարիք ունի։ Շատ կներեք, 3-րդ հանրապետության կառավարիչներ, բայց սույն խնդրում, այն է` գեղարվեստական հաստատության նկատմամբ դրսևորվող պետական մոտեցումներում, դուք էապես զիջում եք հարևան հանրապետության կառավարիչներին։ Ինչպես որ (թող սա չհամարվի ազգային սնապարծության դրսևորում) Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան է իր դասախոսական կազմի և սաների ունակություններով զիջում մերոնց։ Այսպիսով շրջանը փակվում է։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
3-րդ հանրապետության ներկա կառավարությունը պետք է կամ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան» ամբողջապես վերցնի պետական հովանու ներքո, կամ էլ սույն պատվական հաստատությունը վերանվանի «Հայաստանի գեղարվեստի անկախ ակադեմիա»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ