-Մաեստրո, շնորհավորում եմ Ձեր ծննդյան 80-ամյակի հաճելի առիթով: Երջանիկ եմ, հպարտ եմ, որ Ձեր ժամանակակիցն եմ: Ձեզ հետ հաղորդակցվելը ինձ համար միշտ հետաքրքիր և օգտակար է եղել:
Այս տարին թումանյանական է, կոմիտասյան է, նաև մանսուրյանական է: ՈՒզում եմ խորհուրդ տեսնել այս ամենի մեջ: Սերունդները հաջորդում են միմյանց, մշակութային արժեքները մշտապես կան, հները կան, նորերը ստեղծվում են: ՈՒզում եմ զուգահեռներ տանել՝ որտ՞եղ եք տեսնում Կոմիտասին՝ աշխարհում, և որտե՞ղ է այսօր Մանսուրյանն աշխարհում:
-Կոմիտասը դրել է մի փառավոր հիմք հայ երաժշտության, որը հիմնվում է մի կողմից ժողովրդական բանահյուսության, գեղջկական երգի վրա, մյուս կողմից` հոգևոր երաժշտության վրա: Դարավոր հոգևոր տաղեր, գանձեր, շարականներ: Մեր ժամանակներում Կոմիտասին աշխարհին առավել ճանաչելի դարձնելու ծրագիրն իրականացված տեսնելու համար մենք պետք է ջանք դնենք և հնարավորինս հաճախ Կոմիտասի երաժշտությունը հնչեցնենք արտերկրի տարբեր համերգասրահներում, տարբեր լսարանների առաջ: Պետք է աշխատանք արվի այդ ուղղությամբ:
Կարևոր է նկատել, որ այսօր աշխարհի շատ երաժիշտներն էլ են կատարում Կոմիտասի գործերը, բայց այստեղ, երբեմն, լեզվական արգելքը կա: Օրինակ, ֆրանսիացու համար հայերեն երգելիս կամ գերմանացու համար հայերեն երգելիս՝ լեզվական արգելք պետք է հաղթահարվի: Այդ դեպքում մեր պարտքը Կոմիտասի հանդեպ շատ ավելի մեծ է դառնում, որովհետև հայեցի ոգին երգեցողության մեջ, անշուշտ, մերն է, բայց նաև հայոց լեզուն է մերը, և այս պարագայում մեր պարտքն է աշխարհով մեկ տարածել Կոմիտաս՝ ամեն առիթով: Եվ մշտական հոգածության նյութ պիտի լինի՝ ծրագրված, մանավանդ:
-Ես գիտեմ, որ եվրոպական մի շարք երկրներում հաճախակի կատարվում են Ձեր գործերը, խնդրում եմ մի քիչ անդրադառնալ այդ երևույթին: Ինչպե՞ս ենք մենք աշխարհին ներկայացնում մեր ժամանակակից հրաշալի կոմպոզիտորին, և աշխարհն ինքը ինչպե՞ս է ներկայացնում Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին:
-Բազմաթիվ միջոցառումներ և համերգներ են տեղի ունենում: Այսօր արդեն հայտնի է, որ մի քանի օրից Պորտուգալիայում կկայանա իմ երաժշտության փառատոնը: Կարճ ժամանակ առաջ այդպիսի մի հետաքրքիր միջոցառում եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ և՛ համերգ եղավ, և՛ գիտական նստաշրջան, որի ընթացքում ամերիկյան տարբեր նահանգներից եկած երաժշտագետներ քննարկում էին իմ երաժշտությունը: Այդ միջոցառման ավարտին հայտարարվեց երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ՝ Կալիֆոռնիայի բոլոր երաժշտական բուհերի ուսանողների համար, և մրցույթը կրում է «Տիգրան Մանսուրյան» անունը:
Հուսամ՝ մայիսին միջոցառում կկազմակերպվի Մոսկվայում: Հեռանկարում նաև Պարսկաստան ճամփորդությունն է նախատեսվում: Շատ են միջոցառումները: Երևանում արդեն մի քանի համերգ է եղել և էլի կլինեն: Կլինի համերգ Սերգեյ Սմբատյանի նվագախմբի կատարմամբ և կամերային խմբի կատարմամբ, տեղի կունենա նաև 3 համերգի փառատոն, որը քաղաքապետարանի հատուկ ուշադրության ներքո է, ինչը ինձ շատ է ուրախացնում: Այնպես որ տարվա ընթացքին տևական համերգներ են՝ թե՛ այստեղ և թե՛ դրսերում:
-Ինչպե՞ս է Ձեզ հասկանում օտար հանդիսատեսը, ա՛յ, օրինակ, եվրոպացիք ինչպե՞ս են Ձեզ ընկալում, դրանով իսկ՝ մեզ ընկալում: Ի՞նչն է հատկապես նրանց գրավում:
-Կոմպոզիտորական արվեստում շատ կարևոր է տարիների ընթացքում սինթեզել երկու արմատական արժեք՝ մեր հազարամյա հոգևոր երաժշտությունն ու աշխարհիկ երաժշտությունը և այսօրվա կոմպոզիտորական մտածողության ամբողջ գեղագիտությունն ու տեխնիկական միջոցները: Երբ սրանց մերձեցման ճիշտ կետերն ես գտնում, օտարազգի հանդիսատեսին հասկանալի են դառնում ո՛չ միայն քո գործը, այլ նաև այն ակունքները, որտեղից դու սնվում ես, և խորապես հարգելի է իրենց համար այդ ամենը:
-Իսկ Դուք որտեղ էլ լինեք՝ միշտ շտապու՞մ եք Հայաստան:
-Ես միշտ տանն եմ, այո, ես ուր էլ լինեմ՝ պիտի վերադառնամ տուն, որպեսզի շարունակեմ իմ գործը: Ես տանն եմ աշխատում:
-Այս բոլոր գեղեցիկից զատ մեր օրերում աղավաղված արժեքներ էլ կան: ՈՒզում եմ հասկանալ, թե որտե՞ղ ենք մենք թերանում, իրական արժեքները ինչպե՞ս պիտի մատուցենք մատաղ սերնդին, վաղ տարիքից սկսած ի՞նչ պիտի անենք, որ չենք անում:
-Ինչ վերաբերում է մեր այսօրվա խայտաբղետ մշակութային իրականությանը՝ իմ զգացողությունն այն է, որ մենք այս իրականությունը պիտի ունենայինք, քանի որ սովետական գեղագիտությունը, սովետական գաղափարախոսությունը իսպառ զրկել, ոչնչացրել էին որոշ շերտեր, և դրանք մտել էին թաքստարան: Բայց իրականում դրանք գոյություն ունեին, որովհետև դեռևս կային այդ արժեքները կրող մարդիկ: Հիմա այդ արգելքը կատարելապես վերացված է, բայց մարդիկ կան, որոնք հավատում են ա՛յդ գեղեցիկին, ա՛յդ տեսակ գեղեցիկին: Մենք պետք է համբերենք, որ ևս մեկ նոր սերունդ գա, իր՝ ամբողջությամբ նո՛ր պահանջներով, հատկապես հայ դասական երաժշտության ուղղությամբ, Կոմիտասի ուղղությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, և, առհասարակ, հայեցի մտածողության, հայ պոեզիայի, հայոց լեզվի ուղղությամբ: Այն ժամանակ ինքնին հարցը կլուծվի, բայց հիմա դա, անշուշտ, արհեստական միջոցներով հնարավոր չէ վերացնել, այսինքն արգելք դնելով կամ պատիժ սահմանելով անհնար է որևէ բան փոխել, որովհետև մարդու՝ գեղեցիկի իր ըմբռնումը դա՛ է, իր կենցաղը դա՛ է, իր կրթության աստիճանը դա՛ է, վերջացավ, այստեղ վիճելու բան չկա: Բայց մշակութային քաղաքականության մեջ դասական երաժշտությանը մեծագույն ուշադրություն է պետք հատկացնել բոլոր միջոցներով, թե՛ ռադիո-հեռուստատեսության, թե՛ ֆիլհարմոնիական գործունեության, թե՛ համերգասրահներում, առհասարակ, նաև դպրոցներում: Այս աշխատանքը պետք է ծրագրավորել: Ես կարծում եմ, որ այդ պարագայում մենք կունենանք լուրջ արդյունք, կարծում եմ մեզ առաջիկայում դա է սպասում՝ այսպես թե այնպես:
-Շնորհակալ եմ, մաեստրո:
-Սիրով:
Զրուցեց Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ