Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Մեսրոպի դիմանկարների ներքին ազատությունը

Մեսրոպի դիմանկարների ներքին ազատությունը
03.04.2019 | 17:38

Նարեկացի արվեստների միությունում օրերս բացվեց լրագրող, համատեղությամբ լուսանկարիչ Մեսրոպ Մեսրոպյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Թվով 28 լուսանկարները, որոնք արվել են 2015-2018թթ. ընթացքում, ամփոփվել են «Առանց դիմակի» խորագրի ներքո։ Լուսանկարիչը դրանցում պատկերել է կանանց, տղամարդկանց, երեխաների՝ անկեղծության, ինչպես Մեսրոպն է ասում՝ հոգով ազատ լինելու պահերին, երբ նրանք կաշկանդված չեն հասարակության կողմից թելադրվող պայմանականություններով։ Այդ պատճառով էլ դիմանկարները խոսուն են ստացվել, և դրանց նայելիս զգում ես հերոսների հույզերն ու ապրումներն այն պահերին, երբ վարպետը սեղմել է ֆոտոխցիկի լուսանկարելու կոճակը։

Մեզ հետ զրույցում Մեսրոպ Մեսրոպյանն ասաց, որ իր հերոսները հասարակ մարդիկ են, որոնք հանրային անձնավորություններ չեն, սակայն այս կյանքում իրենց կարևոր առաքելությունն են կատարում։ Ի տարբերություն հայտնությունների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ նրանք տարված չեն գեղեցկության և երիտասարդության, փառքի անիմաստ մրցավազքով, ահա ինչու նրանց հեշտ է եղել լուսանկարել առանց դիմակի։

Մեսրոպի լուսանկարներում զգացվում է իր կերպարների ներքին ազատությունը, որով էլ լուսանկարիչը փորձել է առաձնացնել իր արվեստը, ուրույն ձեռագիր հաղորդել դրան։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ի վերջո մարդուն եզակի է դարձնում հենց իր այդ ազատությունը, ապրած կյանքի ճանապարհը, որն ուրիշը չի անցել։ Այնուհետև մեջբերեց Պաբլո Պիկասոյի խոսքերը. «Մարդկանց մեջ ավելի շատ կրկնօրինակներ են պատահում, քան բնօրինակներ»։ Լուսանկարիչը հուսով է, որ իր հերոսները հենց այդ հազվադեպ բնօրինակներն են, քանի որ չեն փորձում ընդօրինակել որևէ մեկին։

«Իմ արած դիմանկարներում երևում է մարդու անցած ճանապարհը, ապրած կյանքի քարտեզը, որը դաջված է նրանց դեմքի վրա կնճիռների, ակոսների, հոգնածության ձևով,- մեզ հետ զրուցելիս ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։- Այդ մարդիկ չեն նեղվում իրենց դեմքի վրա տարիների թողած հետքից և հաշտվել են այն բանի հետ, որ գեղեցկությունն ու երիտասարդությունն անցողիկ են։ Ահա այդ հաշտությունն է, որ գրավել է ինձ իմ հերոսների մեջ։ Իսկ երեխաներին հեշտ է առանց դիմակի լուսանկարել, քանի որ նրանք ապրում են առանց պայմանականությունների»։


Ներկայացված լուսանկարներից Մեսրոպն առանձնացնում է երկուսը։ Մեկն իր մայրիկի դիմանկարն է, մյուսը՝ Գանձասար վանական համալիրի քահանա լուսահոգի Տեր Գրիգորինը, որին լուսանկարիչն անմահացրել է տարիներ առաջ։ Ասում է, որ դա իր առաջին դիմանկարն է, որը ստացվել է այնպես, ինչպես ինքն էր ուզում։
Սա Մեսրոպ Մեսրոպյանի երկրորդ լուսանկարչական ցուցահանդեսն է։ Առաջինը կրում էր «Արևմտյան Հայաստան. կորուսյալ դրախտ» խորագիրը։ Լուսանկարիչն այդտեղ ցուցադրել է Արևմտյան Հայաստան կատարած իր ուղևորության տպավորությունները։

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ