Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՀԵՏՄԱՀՈՒ ՕՐԵՐ

ՀԵՏՄԱՀՈՒ ՕՐԵՐ
17.03.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
(սկիզբը՝ թիվ 18-ում)
Հոգու հետմահու ժամանակագրության մասին մեզ տեղեկացնում են եկեղեցու վարդապետներն ու սուրբ հայրերը։ Այդ մասին մեզ՝ ապրողներիս, անհրաժեշտ է իմանալ, որպեսզի պատշաճ ու վայելուչ հոգ տանենք մեր ննջեցյալների հոգիների խաղաղ հանգրվանի համար։ Աստվածաշնչում մի ամբողջ գլուխ պատմում է մի բարեպաշտ մարդու մասին, որը, գերեվարվելով Ասորեստանի Նինվե մայրաքաղաք, վտանգելով իր կյանքը, հոգ էր տանում մեռելների թաղման համար:
«Ենեմեսարի օրոք իմ եղբայրներին բազում բարեգործություններ էի անում. իմ հացը տալիս էի քաղցածներին, հագուստս՝ մերկերին, իսկ երբ տեսնում էի, որ իմ ազգից որևէ մեկը մեռել է, և նրան պարսպից դուրս են գցել (որ շներն ուտեն-հեղ.), ես թաղում էի։ Կամ էլ երբ Հրեաստանից փախուստից վերադառնալուց հետո Սենեքերիմ արքան որևէ մեկին սպանում էր, ես գաղտնի թաղում էի նրան, որովհետև նա իր զայրույթով շատերին կոտորեց, իսկ հետո դիակները փնտրեց ու չգտավ։ Նիվեացիներից ինչ-որ մեկը մտել էր թագավորի մոտ ու նրան տեղեկացրել իմ մասին, որ դիակները թաղում եմ։ Ես թաքնվեցի, որովհետև իմացա, որ ինձ ուզում են սպանել, և ես ահաբեկված փախա, գնացի Նինվեից։ Ամբողջ իմ ունեցվածքը հափշտակվեց, որևէ բան չմնաց, այլ միայն կինս ու Տուբի որդիս։ Ապա հիսուն օր չանցած, (Սենեքերիմ) թագավորի որդիները սպանեցին նրան ու փախան Հայոց լեռները» (Տոբիթ, 1,19-24)։
Սրան, որպես պատմական տեղեկություն, ավելացնենք, որ այդ սպանված թագավորի որդիները հաստատվեցին Հայաստանում ու հետագայում նրանցից մեծ ու հզոր Արծրունյաց նախարարությունը գոյացավ։
Իսկ Տոբիթը հետագայում նոր թագավորի բարեհաճությունը գտավ, բայց հետո մեծ փորձության մեջ ընկավ՝ ութ տարի մնաց կուրացած։ Բայց Աստված չմոռացավ նրա կատարած ողորմություններն ու բարի գործերը, մանավանդ մեռածների հանդեպ կատարածներն ու հրաշքով վերադարձրեց նրա տեսողությունը։ Դրանից հետո նա ապրեց մինչև խոր ծերություն և հարյուր հիսուն տարեկանում գնաց իր նախնիների մոտ։
Ահա այսպես է Տերը հատուցում ննջեցյալների հանդեպ բարերարություն անողներին ու մարդկանցից իրենց ողորմությունը չկտրողներին։
Այսքանից հետո այժմ վերադառնանք մեր օրերի հոգսերին և իմանանք բուն թաղման արարողության վերաբերյալ մի քանի անհրաժեշտ տեղեկություններ։ Ըստ եկեղեցական ծիսակարգի, թաղման օրը կանանց թույլ չի տրվել մինչև շիրմափոսը հասնել, այլ մինչև «հանգստյան քարը», որտեղ վերջին անգամ հրաժեշտ են տվել ննջեցյալին, որից հետո քահանայի հետ միայն տղամարդիկ են տարել հանգուցյալին։ ՈՒ չզարմանանք, որովհետև հնում կանանց նույնիսկ արգելել են մկրտության ժամանակ ներկա գտնվել եկեղեցում։ Այս օրենքի արմատները չգիտեմ որ դարից են գալիս, բայց հաճախ է լինում, որ վերջին պահին կանայք իրենց անզուսպ ողբ ու լացով իսկապես ավելորդ ցավ են ավելացրել թե՛ իրենց, թե՛ հուղարկավորողների սրտերին։ Այդ պատճառով կանայք մյուս օրն են գնացել գերեզմաններ։ Այս խորհուրդը նույնպես ավետարանական է, որովհետև Հիսուսի թաղման օրը կանանց թույլ չտվեցին գերեզման մտնել (քանզի հրեական գերեզմանը լայն փորվածք է կրաքարային ժայռի մեջ, ուր կարող էին մտնել ու ելնել), այլ նրանք հեռվից տեսան, թե որտեղ դրվեց Տիրոջ մարմինն ու երրորդ օրը, վերցնելով օծման անուշահոտ յուղերը, այցելեցին Հիսուսի գերեզմանին։
Երկրորդ օր. կոչվում է Այգուց, երբ գերեզման են գնում բոլորը, այդ թվում և` կինարմատները, որոնց արգելվել է ներկա լինել ննջեցյալի թաղմանը. աղոթում և խնկարկում են ննջեցյալի թարմ շիրմի վրա։
Երրորդ օր. խորհրդանշում է Հիսուսի` գերեզմանում մնալու երեք օրերը և հոգու փրկության երեք աստիճանները, այսինքն՝ զղջում, խոստովանություն և ապաշխարություն, որոնք լինում են մտքով, խոսքով և գործով։
Ըստ սուրբ հայրերի բացատրության, մահանալուց հետո մարդու հոգին, ազատագրվելով մարմնի ֆիզիկական ծանրությունից ու տկարություններից, երկու օր երկրագնդի վրա վայելելով իր եթերային ազատությունը, իր պահապան հրեշտակների ուղեկցությամբ իրավունք ունի գնալու ուր ուզում է, և բնական է, որ մեծ մասամբ նա կլինի այնտեղ, որտեղ իր մարմինն ու իր հարազատներն են, և որտեղ բարի գործեր է կատարել։ Ազատագրված քրիստոնյաների հոգիները գերադասում են լինել նախ` Երուսաղեմում և այցելել Տիրոջ Սուրբ Գերեզման, որտեղից հարություն առավ բոլոր մեռելներից Անդրանիկը՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Հոգին կարող է այցելել հեռու վայրերում գտնվող հարազատներին ու բարեկամներին, որոնց մինչ այդ փափագել էր տեսնել։ Այդ պատճառով բազմաթիվ վկայություններ ունենք տարբեր մարդկանցից, որոնք հարյուրավոր կիլոմետրեր հեռու լինելով իրենց հարազատներից որևէ մեկից, անսպասելի զգացել են նրա մահն ու իսկապես, որոշ օրեր անց նա տեղեկացել է մոտիկներից, որ հենց այդ ժամին է եղել ննջեցյալի մահը, որ պահին որ զգացել է։
Ըստ հին և ընդունված քրիստոնեական կարգի, գերեզմաններ գնում են նաև յոթերորդ օրը, որ կոչել են «յոթնօրեք», որ խորհրդանշում է Սուրբ Հոգու յոթ շնորհները, եկեղեցու յոթ խորհուրդները, քրիստոնյաների յոթ առաքինությունները, յոթ մահացու մեղքերը, որոնցով մեղանչում ենք և, վերջապես, ըստ Սուրբ Գրքի ասվում է, որ յոթերորդ օրը սուրբ է և հանգստի օր, որն այստեղ խորհրդանշվում է որպես հոգու հավիտենական հանգիստ Աստծո արքայությունում։
Իսկ քառասուներորդ օրը, որ կոչում ենք «քառասունք», խորհրդանշում է հարությունից հետո Հիսուսի՝ քառասուն օր երկրի վրա գտնվելը, հետո համբարձումն Իր Հոր մոտ։ Քառասուն օրվա հետ նաև կապված են Աստվածաշնչային շատ միջադեպեր, ինչպիսիք են Նոյի օրերում քառասուն օր, քառասուն գիշեր անձրև տեղալը և երկրի վրա ամեն շնչավոր արարածի ոչնչացվելը, հրեաների՝ անապատում քառասուն տարի պտտվելը, Մովսես մարգարեի՝ Սինա լեռան վրա Աստծո հետ քառասուն օր մնալը, որից հետո տասը պատվիրանները տրվեցին մարդկությանը, և, վերջապես, Հիսուսի քառասուն օր, քառասուն գիշեր ծոմապահությունը, երբ մեր փրկության համար ո՛չ կերավ, ո՛չ խմեց ու սատանայի փորձության դեմ առաջին հաղթանակը տարավ։
Եվ քառասուներորդ օրը ննջեցյալի հոգին Աստծուն վերջին անգամ երկրպագելուց հետո լսում է Արարչի վճիռը, ու տվյալ հոգու համար արդեն ամեն բան պարզ է դառնում, և նա իմանում է իր լինելիք տեղը մինչև Աստծո դատաստանը։ Այդ պատճառով քառասուն օրերի ընթացքում անհրաժեշտ է մեր անդադար աղոթքներում հիշել նրան, ողորմություն բաժանել նրա անունով և նրա համար հոգեհանգստյան կարգ պատվիրել եկեղեցում, որը, ինչպես ասացինք, կատարվում է յուրաքանչյուր պատարագից հետո։ Իսկ ննջեցյալի համար արվող պատարագների ու աղքատներին տրվող ողորմության կարևորությունը ևս մեկ անգամ շեշտելու համար կարդանք վարդապետ Վարդան Այգեկցու խրատներից. «Հիշի՛ր քո ննջեցյալներին և խնամք տար նրանց ողորմությամբ ու պատարագներով, որովհետև ննջեցյալների ակնկալությունն ու հույսն Աստված է, ինչպես և մեր, որովհետև չկա որևէ մարդ, որ կարողանա առանց մեղքի դուրս գալ այս աշխարհից։ Քանի որ ննջեցյալները մինչև յոթ սերունդ մնում են՝ պաղատելով Աստծուն և ակնկալելով, որ իրենց ազգից հայտնվի բարի, սուրբ և ողորմած մի մարդ կամ սուրբ քահանա, որ կջանա պատարագներով և ողորմությամբ ազատել իրենց տանջանքների սպառնալիքներից, որոնք պատրաստված են իրենց համար։ Իսկ ննջեցյալների հիշատակը, որը կատարում ենք ողորմությամբ, պատարագով և աղոթքով, հրեշտակը տանում և դնում է ննջեցյալների առաջ, որից նրանք հույժ զվարճանում են և ուրախանում։
Բայց ննջեցյալների հիշատակը չպետք է կատարել զրկանքներից, տուգանքից (խաբեական), առևտրից կամ գողությունից ստացված միջոցներով. ավելի լավ է այդպիսի բան չանել, որովհետև Աստված կբարկանա, չի ողորմի և չի ընդունի ընծան»։
Իսկ ըստ մեր Հայ առաքելական եկեղեցու կանոնների, ննջեցյալի համար մահվան առաջիկա կիրակի օրը (եթե հնարավոր է, նաև մնացած կիրակիները, մինչև քառասունքը) սուրբ պատարագին հիշատակում են հոգեհանգստյան կարգ կատարելով, նախապես տանելով ալյուր, ձեթ, գինի՝ որպես ընծայաբերություն եկեղեցուն։
Սուրբ Մակար Ալեքսանդրացուն (395 թ.) հայտնությամբ Տերը բացատրել է հոգու հետմահու օրերի խորհուրդը. «Երրորդ օրը հոգին իր պահապան հրեշտակից ստանում է մխիթարություն մարմնից բաժանվելու իր տխրության համար։ Եվ այդ մխիթարությունը միայն ստանում է այն պատճառով, որ եկեղեցում նրա համար հատուկ աղոթք է կարդացվում, ինչից հոգու մեջ ծնվում է կենսատու հույս։ Երկու օրերի ընթացքում իր կողքին գտնվող հրեշտակների առաջնորդությամբ քայլում է երկրի վրայով, որտեղ հոգին կկամենա։ Դրա համար էլ հոգին, սիրելով իր մարմինը, երբեմն շրջում է իր տան կողքերով, իսկ բարեգործ հոգին այցելում է այն տեղերը, որտեղ արդարություն է գործել։ Իսկ երրորդ օրը Նա, ով հարություն է առել մեռելներից, բոլոր արարածների Աստվածը, Իր հարության օրինակով, մկրտված քրիստոնյայի հոգուն կարգադրում է բարձրանալ երկինք՝ երկրպագելու համար Ամենահաղթ Աստծուն։ Երկրպագելուց հետո Տիրոջ կողմից հրեշտակներին պատվիրվում է հոգուն ցուցադրել դրախտի բոլոր անկյունները, իր ամբողջական գեղեցկությամբ, ներառյալ սրբերի հանգրվանները։ Այս բոլորը հոգին ուսումնասիրում է վեց օրերի ընթացքում, զարմանալով ու փառավորելով այդ ամենի Արարչին՝ Աստծուն։ Այդ ժամանակ այն փոխվում է, ամբողջությամբ մոռանում է իր տխրությունները։ Բայց եթե այն մեղավոր է, սրբերի վայելչությունները տեսնելիս սկսում է կսկիծով պատվել և ինքն իրեն հանդիմանել, ասելով. «Վա՜յ ինձ, ինչպես էի ես սիրում այն աշխարհը և ինչպես էի վայելում մարմնական հաճույքները և իմ ամբողջ կյանքն անցկացրի անպատվությամբ և առանց Աստծուն ծառայելու։ Ինչքա՜ն վայելուչ կլիներ, որպեսզի ես ևս արժանի լինեի գոնե սրա մի մասին»։
Վեց օր արդարների ուրախության մեջ լինելուց հետո հոգին նորից հրեշտակներից տարվում է Աստծուն երկրպագելու։ Եվ լավ է անում Եկեղեցին. 7-րդ օրը (օրթոդոքս եկեղեցին՝ 9-րդ օրը) ծես կատարելով հիշում և աղոթում է հանգուցյալի համար։
Մեծ Թագավորին երկրորդ անգամ երկրպագելուց հետո Տերը պատվիրում է հրեշտակներին՝ հոգին հանել դժոխք և նրան ցույց տալ բոլոր տանջանքների տեղերը, դժոխքի առանձնաբաժինները և մեղավորների լացը։ Այս մեծ տարածություններով հոգին անցնում է երեսուն օրերի ընթացքում, դողալով ու վախենալով, որ միգուցե ինքն էլ դատապարտվի այդպիսի տանջանքների։ Քառասուներորդ օրը հոգին դարձյալ տարվում է Աստծուն երկրպագելու, և ահա այդ ժամանակ Դատավորը որոշում է նրա պատշաճ տեղը։
Եվ այսպես, ճիշտ է անում եկեղեցին 40-րդ օրը մեղավորի հոգին հիշելով և մկրտվածների համար աղոթելով» (Սուրբ Մակար Ալեքսանդրացի, «Խոսք մեղավոր ու արդար հոգիների վախճանի մասին»)։
Այս ամենի մասին տեղյակ լինելով՝ Ներսես Շնորհալին այսպես է աղոթում.
«Լույս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգուն կոչման օրն ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում, մինչև Քո գալստյան մեծ օրը, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»։
(շարունակությունը՝ հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9858

Մեկնաբանություններ