Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ավելի սարսափելի են հոգևոր համաղետները, որոնք ժողովուրդներ ու ժամանակներ են ընդգրկում ու շատ դժվար են անցնում»

«Ավելի սարսափելի են հոգևոր համաղետները, որոնք ժողովուրդներ ու ժամանակներ են ընդգրկում ու շատ դժվար են անցնում»
27.03.2009 | 00:00

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒԹՅՈՒՆ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Մատենադարանի տնօրեն ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ
-Ո՞վ եք Դուք` ըստ Ձեզ:
-Բանաստեղծ` ըստ կոչման, գիտնական` ըստ մասնագիտության:
-Իսկ ըստ զգացողությա՞ն:
-Ճանապարհ անցնող մարդ:
-Ճանապարհո՞րդ:
-Ուղևոր:
-Ձեզ համար բանաձևե՞լ եք` ի՞նչ է գրականությունը:
-Գրականությունը լինելություն է: Գրականությունը մարդու ճակատագրի և խոսքի միահյուսվածք է: Այդ զուգահեռ ուղիների հատույթներն են դառնում արվեստի փաստ:
-Զուգահեռ ուղիները որո՞նք են` ճանաչողությո՞ւնը, զգացողությո՞ւնը, գիտելի՞քը... Ի՞նչ են նշանակում:
-Խոսքը, լեզուն ինքնին գոյություն է, ինքնարարիչ գոյություն, և ամեն մարդու վիճակված չէ այդ գոյության հետ առնչվել, թափանցել խորքերը: Դա տրված է միայն ստեղծագործող մարդուն, խոսքի ձիրք ունեցողին: Բայց թափանցել այդ աշխարհը դեռ չի նշանակում կայանալ այդ աշխարհում: Պետք է կարողանալ այդ աղոտ խորշերով առաջ շարժվել: Երբ մարդու կյանքը և խոսքի հուները համընթաց են, իսկական գրականություն է ծնվում, քո ստեղծագործությունը իսկապես դառնում է քո կենսագրությունը:
-Ստեղծագործությունը կարո՞ղ է դառնալ նաև սերնդի կենսագրությունը:
-Անխոս, բայց այդ կապն անտեսանելի է: Հաճախ նաև ծածկված է քողով, և քողազերծել ոչ մեկին տրված չէ: Եթե արվեստագետը զգա իր ներազդեցությունը կյանքի վրա, հայտնի չէ, թե արդյունքն ինչ կլինի` գուցե դադարի գրել: Ստեղծագործողին տրված չէ այդ կապը զգալ, բայց արձանագրված փաստ է` մտքերն իշխում են, գաղափարներն իշխում են: Ստեղծագործողի իշխանությունը շատ նուրբ և անճանաչելի, գուցե հոգու հետ անտեսանելի կապ է, որը կարող է մարդու արյան բաղադրությունը փոխել... Սերունդների մեջ մեծ տեղաշարժեր առաջացնել: Բարոյական տեղաշարժեր: Հաճախ մի քանի սերունդ հետո է ստեղծագործողի խոսքը տեղ հասնում: Սովորաբար Րաֆֆու օրինակն են բերում, ես կարող եմ բերել Գրիգոր Նարեկացու օրինակը. իբրև ժողովուրդ, արարող, ստեղծող ժողովուրդ` մենք կայացած ենք Գրիգոր Նարեկացու շնորհիվ:
-Այսօր Հանրապետության հրապարակում Հովհաննես Թումանյանի մեծադիր լուսանկարի տակ «ԱԳԲԱ. Կրեդիտ Ագրիկոլ բանկ» գրող ժողովուրդ ենք: Այդ գիտակցությունն ունեցող այսօրվա մարդուն Նարեկացին ի՞նչ կարող է տալ:
-Եթե ասում ենք` սերունդներ, զանգվածներին չպիտի նկատի ունենանք, արվեստագետ սերունդներին պիտի նկատի ունենանք: Լինելության ուղիները նման են նեղ առվի, որը կարող է ճյուղավորվել` նայած տվյալ հասարակությունը հոգևոր կյանքի ինչ պաշար ունի: Այսօր մեր հասարակությունը հոգեզրկված է, այսօրվա իրականության մասին դատելով չենք կարող խոսել Նարեկացու ազդեցության մասին: Բայց եթե նա չլիներ, չէր լինի դարասկզբի հայ բանաստեղծությունը` Մեծարենցը, Սիամանթոն, Վարուժանը, մեծապես նաև Չարենցը, Տերյանը... Շառավիղն արդեն մեծացավ: Եթե չլինեին նրանք, հետագա մեր մշակույթն էլ այլ ուղիով կզարգանար: Մշակութային դաշտը շատ ավելի մեծ է ազգի, ժողովրդի պատմության մեջ, քան տվյալ հասարակությունը տվյալ ժամանակի մեջ: Այդ մշակութային դաշտի մեջ է, որ մեծ արվեստագետները հզոր դերակատարություն ունեն: Սա է սերունդների երթի մասին իմ պատկերացումը, և հասարակություններով չի այդ երթը կատարվում, այլ մշակույթների գծած շառավղով:
-Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, Նարեկացուց եկող սերունդների երթի այդ ոսկելարը ուղղակի կտրվել է...
-Իհարկե, չի կտրվել, երբեք չի կտրվում: Տեղատվության շրջաններ լինում են, հիմա էլ կուտակումների շրջան է, երբ ոսկելարը չի երևում արտահայտման պլանում, ներքին կյանքում զգացվում է և՛ շունչը, և՛ հոսքը:
-Շեքսպիրի, Դանթեի, Սերվանտեսի օրերում, նրանցից էլ առաջ, նրանցից էլ հետո շրջանառվող ֆրազ է եղել` հիմա գրականության ժամանակ չէ։ Ե՞րբ է գալիս գրականության ժամանակը և ընդհանրապես` ի՞նչ է նշանակում գրականության ժամանակ` բուն գրական փա՞ստ ստեղծելու ժամանակ, գրականությամբ առաջ գնալո՞ւ ժամանակ, թե՞ ինչ-որ մի այլ իրողություն...
-Երբեք առանձին ժամանակ չի լինում գրականության համար: Գուցե այդպիսին թվում են այն պահերը, երբ նորարարական շունչ է ստեղծվում հասարակության կյանքում: Այնուհանդերձ, դա էլ չէ գրականության ժամանակը, որովհետև համընդհանուր խանդավառությունից չի ստեղծվում գրական որևէ լուրջ երկ: Լուրջ երկերը ստեղծվում են ինքնահաղթահարման ընթացքում, ստեղծվում են չորս պատերի մեջ մեկուսացած, պատուհանները փակած դեպի դուրս, դեպի ներս բացված աչքի շնորհիվ` ներքին աչքի, ներքնատեսության շնորհիվ: Հներն ասում էին` նայիր քո խորքերը, ճանաչիր ինքդ քեզ...
-...Դելֆյան տաճարի վրա էլ գրում էին` «Ծանեա զքեզ»...
-Այո, ինքնաճանաչման միջոցով քեզ համար բացվում է և աշխարհը: Դա է բանաձևը: Չկան լավ և վատ ժամանակներ, կա սպիտակ թղթի առաջ նստելու մեծագույն ռիսկը:
-Չե՞ք վախենում սպիտակ թղթից:
-Դա միշտ ինքնահաղթահարման գործընթաց է:
-«Դանթեական առասպելը» որ գրվեց` ո՞ր աչքն էր բացված` դեպի դո՞ւրս, թե՞ դեպի ներս:
-Դա մի ըմբռնում էր, որ ներքին աչքը դարձնում է համընդհանուր աչք, համատարած տեսողություն:
-1988-ից մեր կյանքում արմատական փոփոխություններ եղան: Բավական երկար ժամանակ է անցել, որ այդ ամենը դառնար գրականության փաստ: Կա՞ մեր օրերի «Դանթեական առասպելը» արձակում կամ պոեզիայում:
-Իմ կարծիքով լավագույն արդյունքներ արձակում ունի Լևոն Խեչոյանը` գրել է խիզախումով, առանց ավելորդ նախադասությունների` ամեն բառը տեղը տեղին, գրել է սրտով ու հոգով: Դա լուրջ գրականություն է, որի ազդեցությունը գնալով ուժգնանում է:
-Իսկ բանաստեղծ Հրաչյա Թամրազյա՞նը ...
-Իմ շատ գործերում էլ ժամանակի արձագանքը կա, հատկապես «Համլետում», որ ամբողջովին հենվում է իրականության ողբերգական անցքերին:
-Այսօր ի՞նչ դիրքում պետք է լինի մտավորականը` նա գնում է դեպի ժողովուրդ, ժողովուրդն է գալիս դեպի նա, թե՞ կա մի երրորդ տարբերակ:
-Համայնավարական այդ կարգախոսները գրականության համար չեն, դրանք հակագրական գործընթացներ են, և այդ ուղիով գնալիս աղետալի արդյունքների են հասնում բոլոր ժամանակներում, նաև` հիմա... Գրական միջավայրի կարգախոսները, համաժողովները, հանդիպումների շարանները հիշեցնում են նախորդ հասարակարգի վատ ավանդույթը, որին դեմ էին արտահայտվում, համընդհանուր դիմադրություն էր, բայց այսօր այնքան հեշտ ենք հանձնվում դրան ու հաճախ չենք էլ նկատում, որ ընկել ենք նույն հոսքի մեջ, նույնիսկ ավելի մեծ խանդավառությամբ ենք կանգնում գրողական այդ տողանին, քան առաջ: Դա տանում է համահարթեցման, բացահայտ արժեզրկման:
-Հասարակությո՞ւնը չի հաղթահարել այն մտայնությունը, որ գրողը նախ և առաջ քաղաքացի է` իր բոլոր ավանդույթ-հետևանքներով... Գրողի դիրքորոշումն իր գրականությո՞ւնն է:
-«Գրողը քաղաքացի է» կարգախոսը բերում է գրողի դերի շահարկման, նա դառնում է այսրոպեական կարիքների օգտագործման գործիք:
-Իսկ օրվա խնդիրներն արագ փոփոխվում են:
-...իրականությունն անընդհատ փոխվում է, և հեղհեղուկ է դառնում այդ կարգախոսը, գրողը վերհասարակական գոյություն պիտի լինի, որովհետև բոլոր ժամանակների համար պիտի իր գրիչը շարժի: Անանց արժեքների շուրջ գրողը պիտի կառուցի իր երկը: Անանց արժեքները հոգևոր արժեքներն են: Գրողը քաղաքացի է, կայացած է, երբ հոգևոր նյութի հետ գործ ունի: Գրողի ամեն մի ստեղծագործություն պիտի հոգևոր խնդիր կատարի, եթե այդ հոգևոր միջուկը չի շարժվում, ինչ ուզում ես անվանի, գրող չի դառնա: Գրողի նման ընկալումները տանում են նաև ոճական ծեքծեքումների, հակագրականության, մերձ գրականության, բայց երբեք չեն տանում ճշմարիտ գրականության: Սովորաբար այդ դեպքում քաղաքացիական կարգախոսների տակ են թաքնվում:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ հաղթահարվի գրողին ժուռնալիստի պահանջներ ներկայացնելու մտայնությունը:
-Այդ երկու խավերը խառնվել են իրար. գրողը դարձել է ժուռնալիստ, ժուռնալիստը` գրող: Հետևանքը` հաճախ գրողը ձուլվում է օրվա դիմակին և կորցնում դիմագիծը: Նույն արժեզրկումը լրագրական աշխարհում է. տիրում է համընդհանուր աղետալի նահանջ` հոգևոր նյութին մերձենալու անկարողությունից: Ոչ մի նյութ միտք չի շարժում...
-Հարցեր չե՞ն ծնվում:
-Հարցեր չեն էլ դրվում: Ժուռնալիստիկան դարձել է սպասարկման ոլորտ, լրագրողները` սպասարկման ոլորտի մատուցողներ: Կարևոր չէ նույնիսկ` ում են սպասարկում, խնդիրը հոգևորն է: Հոգևոր խնդիր չի դրվում: Չնչին բացառություններով: Իհարկե, լավ ժուռնալիստներ կան, բայց ո՞րն է այսօր ժուռնալիստին ներկայացվող պահանջը: Մասնագիտական բարձր կարողությունների, նյութի իմացության, բարոյական հիմնախնդիրների գիտակցության, բարոյական կոդեքսի մասին այդքան դատողություններ են արվում, բայց չկա կիրառումը:
-Ժուռնալիստիկան վերածվել է ռեպորտյորության, լավագույն հրապարակումը պատասխանում է երեք հարցի` ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, այն էլ` մասնակի: Փաստ է նաև, որ մենք այսօր հաճույքով հաղորդակցվում ենք եվրոպական արվեստին, բայց մեզ համար մշուշի մեջ են մնում մեր արժեքները` ոսկեդարյան, միջնադարյան, ժամանակակից: Ազգայինը վերստին չշոշափված, չիմաստավորված, չգիտակցված է մնում, ինչո՞ւ ու դեռ ինչքա՞ն...
-Տեղատվությունների-մակընթացությունների այս ճոճքի մեջ, հաճախ աղետալի այս ընթացքների մեջ մենք երբևէ կարողանո՞ւմ ենք կանգ առնել, դադար տալ, ինքներս մեզ նայել, ստուգել, դեպի խորք նայել փորձո՞ւմ ենք: Չէ՞ որ մեր կյանքն է անցնում... Ամեն ինչ հոսում է, ու անգամ մի ակնթարթը չենք կարողանում իմաստավորել...
-Բայց ուզո՞ւմ ենք իմաստավորել:
-Դա է խնդիրը, եթե ոչ, ուրեմն` տանուլ տված սերունդ ենք: Այն սերունդն է կայանում, որ ինքնագիտակցության բարձր մակարդակ ունի, որը կարողանում է ինքնախուզմամբ զբաղվել և իրեն տեսնել իրականության մեջ: Մենք մեզ չենք տեսնում իրականության մեջ, պատկերացում չունենք իրականության մասին` ոչ ինքներս մեր, ոչ շրջապատի, քանի որ իրականությունը ճանաչել կարող ես միայն քեզ ճանաչելով:
-Գուցե պատճառը սիրո՞ պակասն է: Սիրեք հայրենիքը, սիրեք հայրենիքի օդը, ջուրը, հողը, երկինքը .... Իսկ իմ հայրենիքը ինձ սիրո՞ւմ է, ես իմ հայրենիքի անհրաժեշտությո՞ւնն եմ...
-Այդտեղից էլ ամեն ինչի պակասը, անհատի և հայրենիքի, անհատի և Աստծո միջև կապը ծնվում է ինքնախորասուզումից, քո մեջ փնտրիր Աստծուն, քո մեջ փնտրիր հայրենիքը, որովհետև դու հայրենիքի մասն ես: Հայրենիքը քեզ կզգա, երբ դու քո նյարդերի մեջ շոշափես հայրենիքը...
-Իսկ եթե մի՞ֆ է, ուղեղային մորմո՞ք...
-Հայրենիքն էլ է Աստծո ստեղծագործություն, մարդն Աստծո ստեղծագործություն է հոգևոր հայրենիքում: Հայրենիքը աստվածային է, բայց տիեզերքի կենտրոնում դրված է մարդը` Աստծո պատկերով, և նրան տրված է արարելու ձիրք: Սրանք ձևավորված պոստուլատներ են, որոնցից ծնվել է փիլիսոփայությունն ընդհանրապես:
-Կա գրականություն, կա քննադատություն` անհաշտ մտերմությո՞ւն է նրանց փոխհարաբերությունը:
-Երբ քննադատությունն ինքը գրականություն չէ, այդ միջուկից զերծ է, հաճախ հակագրական երևույթի է վերածվում: Այդ տեսակ գրականագիտությունը վերածվում է գրքի վերաշարադրանքի, նոր, չընթերցված նյութը հաճախ անկարող են լինում նույնիսկ ընկալել, ուր մնաց` արժևորել:
-Լավագույն գրողը միշտ էլ լավագույն քննադատն է. տասնյակ օրինակներ կան:
-Լավագույն քննադատներն էլ միշտ գրական ձիրք են ունեցել: Այս երկուսն իրար ներհյուսված են, պարզապես հավասարակշռության նժարները մի քիչ փոխվում են` մեկը մի ուղղությամբ է խորանում, մյուսը` այլ: Գրականությունը և քննադատությունը նույն օրգանիզմն են. երբ քննադատությունը զատում ես, կամ հակառակ բևեռներ են դառնում, քննադատությունը զրկվում է բովանդակությունից: Երբ քննադատությունն օտարվում է գրականությունից, մտքերի խճողումների մեջ է ընկնում, այլևս գրականագիտություն չէ: Ինչ-որ օտարված գիտություն է:
-Ո՞րն է գրականագետի դերը գրական դաշտում:
-Նույն` մտավորականի դերը, հաճախ մեր գրականագետներն այդ միսիան չեն հասկանում: Նրանց դերը պակաս չէ գրողի դերից: Մեր գրականագիտությանը պակասում է հոգևոր հեռանկարը: Գրականագետն էլ, գրողն էլ պիտի հոգևոր ուղի նշեն, ոչ թե այսրոպեական, այս ժամանակի մեջ, այս հատույթում, այս կտրվածքում վերցնեն ու վերլուծեն գրական երկը, գնահատեն:
-Կարծում եք` հանգանակները գրականության փա՞ստ են: 20-րդ դարասկզբի հայտնի հանգանակները` ֆուտուրիզմ, սիմվոլիզմ, սյուրռեալիզմ, շոզիզմ, ուլտրաիզմ, դադաիզմ, նովոչենտիզմ և այլն, ներգործեցի՞ն գրականության վրա, թե՞ մնացին գրականության քաղաքականության կամ գրապատմական փաստ:
-Հանգանակները գրականության պատմության իմացության աղբյուր են, գրականության ուղեկիցներ, որ պարունակում են սնուցող գաղափարներ: Ամեն մի հանգանակի մեջ գրողը կարող է իր համար մի ճշմարտություն գտնել, և շատ կարևոր է, որ գրիչ վերցնելուց առաջ գրողն իմանա` գրականությունն ինչ ուղի է անցել: Այդ իմացությունը շատ է պակասում մեր գրականությանը, շատ է պակասում հոգևոր պաշարը, կենսադաշտը, ներքին աչքը...
-Համարյա տասը տարի մենք խոսում էինք ճգնաժամի մասին` քաղաքական, բարոյական, աշխարհայացքային, արժեհամակարգային... Այսօրվա աշխարհում արդեն ունենք ֆինանսատնտեսական։ Չե՞ք կարծում, որ արտադրական-նյութական ճգնաժամի հիմքում մարդու բարոյական-հոգևոր ճգնաժամն է, և հենց այդ պատճառով ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը կարող է լինել ոչ թե ֆինանսական-տնտեսական միջոցներով, այլ մարդու բարոյական մաքրության, չափանիշ ունեցող արժեհամակարգին վերադառնալու միջոցով, որը ժամանակ է պահանջելու ու բերելու է իսկապես կատարսիս:
-Իսկապես այդպես է, որովհետև բարոյական նեցուկ չունեցող հասարակություն չի լինում, ամեն ինչ խարսխված է բարոյականության, հոգևոր արժեքների վրա: Հոգեզրկումը միշտ բերում է մեծ ճգնաժամեր, ոչ միայն ֆինանսատնտեսական, ավելի սարսափելի են հոգևոր համաղետները, որոնք ժողովուրդներ ու ժամանակներ են ընդգրկում ու շատ դժվար են անցնում: Ընդհանրապես, հասարակությունը, մարդկությունն այդ ժամանակներում փլուզման եզրին են հայտնվում և այդ վիհերը տեսնելով են ինքնագիտակցության գալիս: Սև խոռոչի առաջ են հասկանում, որ մի քայլ այն կողմ անդունդն է, մարդկությունն այդ ցնցումներից է ուշքի գալիս: Հրաշալի կլիներ, որ առանց այդ ցնցումների մարդկությունը վերադառնա իր նախահիմքերին:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5028

Մեկնաբանություններ