Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Թատրոնը միայն ներկայացում չէ, նաև դպրոց ստեղծելն է»

«Թատրոնը միայն ներկայացում չէ, նաև դպրոց ստեղծելն է»
13.03.2009 | 00:00

ՌԵԺԻՍՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
...Երբ մարում են դահլիճի լույսերը, բայց ներկայացումը դեռ չի սկսվել կամ արդեն ավարտվել է, բայց դահլիճի լույսերը դեռ չեն վառվել, կա անորսալի մի պահ թատրոնում` կարճ ու երկար, որ ինձ միշտ թվացել է ՌԵԺԻՍՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ-ը: Հարցազրույցի գնալիս անպայման ուզում էի այդ հարցը տալ` կա՞ նման զգացողություն, թե՞...
-Ըստ Ձեզ` ո՞վ եք Դուք:
-Գուցե դա մերձավորնե՞րս պետք է ասեն` կինս, ընկերներս կամ թատրոնի վերլուծաբաննե՞րը: Երբեմն փորձել եմ պարզել` ո՞վ եմ ես, ի՞նչ գործ ունեմ էս կյանքում, ինչո՞ւ եմ եկել, ո՞ւր եմ գնում: Եվ` ո՞ւր եմ գնալու:
-Հարցը թերևս մեր թվարկությունից առաջ է ձևակերպվել` ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում... Ամեն սերունդ ու ամեն մարդ իր պատասխանը պիտի ունենա երևի:
-Մարդու ուղեղում այդ վիճակը միշտ եղել է, երբեմն կարողացել է ձևակերպում տալ: Բայց հարցականը մնացել է: Ոչ մեկն այդ հարցի վերջնական լուծումը չի տվել: Առայսօր ես չգիտեմ` ո՞ւր ենք գնալու: «Որտեղի՞ց ենք գալիս»-ը ազգային պատկանելությունն է, կարելի է պատմաբաններին դիմել, արմատներին, կարելի է հասկանալ, բայց ընդհանրապես... Ինչ-որ պատասխան կա` հորիցս-մորիցս, դա էլ է փաստ, բայց... Երևի` անէությունից անէություն: ՈՒ` մեջտեղում մնում է կյանքը, ու` ինքդ պիտի պարզես` ինչո՞ւ ես դու այս կյանքում, ո՞վ ես դու այստեղ: Տխուր է-տխուր չէ, 40 տարի այս թատրոնում եմ: ՈՒ` նաև արդեն երբեմն առ երբեմն կարելի է հետ նայել, չնայած առաջ գնալ է պետք:
-Հետ նայելիս առաջին զգացողությունը ո՞րն է:
-Ցավոք, շատ քիչ ժամանակ տրվեց թատրոնից դուրս կյանքին: Չեմ զղջում, բայց այդպես է: Շատ քիչ ժամանակ: Երբեմն ինձ թվում է, որ բեմի «սև տուփն» անհագ վիշապ է, ինչքան տաս` այնքան ուզելու է ու տանելու է: Աստված տալիս է քեզ այս կյանքում քո բաժին բեռը, պետք է պատվով կրես:
-40 տարի թատրոնում ու 25 տարի էլ թատրոնի ղեկավար. Ձեզ համար, Ձեր ներսում սահմանե՞լ եք` թատրոնն ի՞նչ է, ինչի՞ համար է:
-Աստված բոլորիս տվել է կասկածելու հնարավորություն: Եվ Աստված ներողամիտ է` նույնիսկ երբ իրեն ես կասկածում... Ինձ համար հիմա գոնե հստակ է` ռեժիսուրան սկսվում է, բայց չի ավարտվում, քո կյանքով էլ չի ավարտվում: Նույնը` թատրոնը, սկսվում է, բայց չի ավարտվում: Ավարտուն ներկայացում, ավարտուն դեմք թատրոնում` այո, բայց եթե թատրոնն ավարտվեց, ուրեմն դու չկաս թատրոնում: Թատրոնը հնարավորություն է` ստեղծելու իսկապես լուրջ արվեստ, բարձրակարգ: Ոչ մենակ, քո ընկերների հետ: Միասին դուք թիմ եք: Այս բառը հիմա շատ է չարչրկվում, բայց այդպես է: Թատրոնը թիմային աշխատանք է, և բարդությունը դա է, ես չեմ կարող թատրոնում մենակատար լինել, դիրիժոր` այո: Մենակատարներ կան դերասանների մեջ: Թատրոնն առաջին հերթին նաև ինքնարտահայտման վայր է, քո և քո ընկերների...
-Ի՞նչ է դա նշանակում:
-Բացատրել դժվար է, պետք է ժամանակ ունենաս նաև քո արածը վերածելու գրավոր նյութի, որը նաև գրավոր խոսքով մարդկանց ասի` այստեղ դպրոց կա: Թատրոնը միայն ներկայացում չէ, նաև դպրոց ստեղծելն է: 150 մարդ է աշխատում թատրոնում, և դպրոցը չի ստեղծվում միայն դերասանական կազմի հետ, բեմում` հանդիսատեսի 2-3 ժամվա դիտածը չէ դպրոցը միայն: Եթե չեղավ միաբանություն, հավատք իրենց արածի նկատմամբ, շատ բան չի ստացվի: Իսկ այդ հավատքն ու միաբանությունն առաջին հերթին կախված են ղեկավարի անձնական օրինակից: Սա շատ կարևոր է գոնե թատրոնում, համոզված եմ` ուրիշ տեղերում էլ: Պիտի կարողանաս հետաքրքիր գաղափար դնել ներկայացման մեջ: Ասում են` գաղափարները միշտ կրկնվում են: Գուցե: Բայց նրանց պիտի անընդհատ ճիշտ ձևի մեջ դնես: Ներկայացման մեջ նոր, թարմ ձևի մեջ նույնիսկ հին գաղափարը հետաքրքիր է: Թատրոնում անհատականություններ են: Նրանց ստիպել, խաբել, համոզել հնարավոր չէ: Պետք է երևակայությունը գրգռել, ստեղծագործական ճիշտ գործընթացում ոգևորել: Նրանք պիտի տեսնեն, որ քեզ հետ առաջ գնալը բերելու է լավ արդյունքի: Նոր արդյունքի: Թարմ արդյունքի:
-Կա թատրոն, կա հանդիսատես: Ներկայացման ժամանակ նրանք հանդիպում են: Բայց միշտ չէ, որ հանդիպումը կայանում է: Ընդունեք` միշտ չէ, որ դերասանը գտնում է իր հանդիսատեսին, միշտ չէ, որ հանդիսատեսը գտնում է այն, ինչի համար եկել է թատրոն: Այսօր թատրոնը, ելնելով նաև կյանքի պայմաններից, ի՞նչ պիտի ասի իր հանդիսատեսին: Համաձայն եմ` թատրոնը պիտի տա գաղափար, թատրոնը պիտի տա իդեալ, թատրոնը պիտի ճանապարհ ցույց տա, թե՞ թատրոնը պիտի լինի զվարճանք, ինչպես եղել է կեսարների ժամանակ, գուցե կա երրո՞րդ տարբերակը, ինչ-որ համադրում-զուգադրում...
-Մեր թատրոնում արդեն աֆորիզմ դարձած, հնուց ասված խոսք կա, այնքան հնուց, որ նույնիսկ հեղինակին ստույգ չենք հիշում` «Նա գնում էր հանդիսատեսի հետ համաքայլ, հետո հանդիսատեսը գնում էր մենակ` իր հետևից թողնելով արյան հետքեր»... Սա, իհարկե, կատակ է, բայց լուրջ կատակ... Խաղացանկային թատրոնը թույլ է տալիս ճիշտ համադրել ժանրերը, տարբեր խավերի հանդիսատեսի հետաքրքրությունները: Կա մի բարձր խավ, որի ճաշակն անպայման պիտի գերազանցես, եթե հանդիսատեսը չտեսավ, որ քո հետևից պիտի գա, ենթագիտակցորեն, դու հետաքրքիր չես: Նույնիսկ զվարճանքի դեպքում պիտի լինի թարմ, ճաշակով, բարձրորակ զվարճանք: Ես իբրև հանդիսատես սիրում եմ զվարճանքը: Ես տեսել եմ արտասահմանում բարձրորակ կրկես ու ցնցվել եմ` «Ցիրկուս դե սոլեյը»` աշխարհում շատ հայտնի արտադրանք տվող կազմակերպություն: Մեր խաղացանկում 20 ներկայացում կա, որը թույլ է տալիս ժանրային իմաստով ճիշտ հաշվեկշիռ ունենալ: Չես կարող անընդհատ միայն Շեքսպիր մատուցել: Մենք ունենք նաև կատակերգություններ, դրամաներ, նոր դրամա: Մեր պրոբլեմը հայկական դրամատուրգիան է: Այս թատրոնի ցանկություններին, նախասիրություններին համապատասխանող գաղափարներ և ձև կրող դրամատուրգիա շատ քիչ ունենք: Բազմազան չէ մեր դրամատուրգիան, շատ չեն նաև դրամատուրգները:
-Հայ գրողների համար դժվա՞ր է թատրոնի լեզվով ինքնարտահայտվելը:
-Գուցե գալիս է մեր պատմական իրավիճակներից, մեր քանակից: Ես ուզում եմ, որ թատրոնը Հայաստանում բազմատեսակ լինի, դա նաև մրցակցություն կբերի: Ամեն մեկն իր դեմքը կգտնի: Իր ասելիքների շրջանակը, գոնե մի 3-4 տարվա համար: Գուցե մեզ համար հիմա Հին Հռոմի ֆրազները մի քիչ կոպիտ են հնչում, բայց դրանց մեջ ճշմարտություն կա: Հռոմեական իրավակարգն էլ առայսօր չի գերազանցվել, քաղաքականությունն էլ` ժողովրդին ի՞նչ է պետք. հաց ու զվարճանք: Պատահաբար չի ասված: Տարվա մեջ թատրոնում մի 100 պիես կարդացվում է, մեզ համար արժեքավորները ներկայացնում ենք գեղարվեստական խորհրդին, որ 40 տարի գործում է թատրոնում:
-Ովքե՞ր են գեղարվեստական խորհրդի անդամները:
-Հիմնականում թատրոնի հիմնադիրները, մեր փայլուն դերասանները, որ պիես ընտրելիս նաև իրենց են տեսնում ներկայացման մեջ` ինչ պիտի անեն, ինչ որակի պիտի լինեն: Թատրոնը փորձում է իր ներսից ծնել նաև բեմադրիչներ, փորձում է դրսի թատրոններից չկտրվել` հրավիրելով այլ բեմադրիչների: Դա պիտի հետաքրքիր լինի, քայլ առաջ լինի և թարմ շունչ բերի թատրոնին:
-Թատրոնը չի՞ մտածում իր ստուդիան ունենալ և իր դերասաններին ձևավորել իր ավանդույթներով ու իր պահանջներով:
-Թատրոնը մտածում է իր ստուդիան ունենալ, բայց առայժմ ստուդիական վիճակը մեր ներսում է` երիտասարդ սերնդի համար, որը գալիս է թատրոն: Նրանց հետ լուրջ աշխատանք է տարվում: Որպես ստուդիա` չեմ կարծում, որ մարդ հավաքենք: Պիտի գա օրը, երբ մեր քաղաքի և երկրի բնակիչները նաև ուզենան, որ իրենց զավակը թատրոն մտնի, դա առաջվա պես պիտի դառնա պատվաբեր, այսօրվա իմաստով էլ` շահութաբեր: 18-20 տարեկան գալիս են թատրոն, 23-24-ում սիրահարվել-ընտանիք կազմել են ուզում, 30-35000 դրամով դա հնարավոր չէ:
-Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մտավախություն չունե՞ք, որ հացի խնդիրը մարդկանց կհեռացնի մշակույթից ու մասնավորապես` թատրոնից: Դրամատիկական թատրոնն այդ ազդեցությունը դեռ չի՞ զգացել, և ի՞նչ է պետք անել, որ հանդիսատեսը ֆինանսական պատճառներով չկորցնի իր թատրոնը:
-Առայժմ չենք զգում, բայց ենթադրում եմ, որ կզգանք տարեկեսից: Այս իմաստով էլի պետությունը պիտի իր վճռական դերն ունենա:
-Հակաճգնաժամային քայլերի տեսակետից ի՞նչ պիտի անի պետությունը, օրինակ, թատրոնների համար:
- Եթե թատրոնը պետական է, պետք է պետական խողովակներով դրամական ներարկումներ լինեն` ներկայացումներ ստեղծելու, շենքի պահպանության, նորմալ կենսագործունեության համար: Նախ և առաջ` ֆինանսավորում է պետք, աշխատավարձերի վերանայում, ապա` ներկայացումների ֆինանսավորում: Դա թանկ գործ է, բայց անհրաժեշտ: Մեր թատրոնը հնարավորինս տնտեսումով է նոր ներկայացումներ բեմադրում: Առայսօր մենք ունեցել ենք պետության, կառավարության, քաղաքապետարանի աջակցությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 7-8 ներկայացում է ֆինանսավորել, նաև` թատրոնի մասին գրքերի տպագրությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետության ժամանակ լուրջ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց թատրոնին, որն առայսօր օգնում է ներկայացումներ ստեղծել: Վերջին 6 տարում քաղաքապետ Երվանդ Զախարյանն էլ բարդ ֆինանսատնտեսական հարցերում օգնել է: Համոզված եմ, որ նոր քաղաքապետն էլ` Գագիկ Բեգլարյանն էլ կանի. դեռ թաղապետ եղած ժամանակ ինչ հարցով դիմել ենք, արագ կարգավորել է: Տարին այնքան բարդ էր պարոն վարչապետի համար, որ առայժմ չենք հանդիպել, բայց կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանն էլ որոշակի վերաբերմունք ցույց կտա թատրոնի նկատմամբ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ հաճախ շատ օգտակար է լինում թատրոնին և հյուրախաղերի, և նոր ներկայացումներ բեմադրելու առումով։
-Դրամատիկում տոմսերը չե՞ն թանկանա:
-Առայժմ ոչ: 1500-2000 դրամանոց տոմսը նախատեսված է ոչ հարուստ-ոչ աղքատ բնակչության համար` միջին խավի: Եթե գները բարձրացվեն, հազիվ թե միջին խավը տոմս գնի: Թեպետ բնակչության քանակի հաշվարկը` քաղաքում միլիոնից ավելի, հանրապետությունում` 3 միլիոն, ցույց է տալիս, որ հանդիսատեսի պակաս չենք ունենա, գալիս են նաև Երևանին մոտիկ մարզերից:
-Թատրոնը չի՞ ծրագրում հյուրախաղեր մոտ ու հեռու մարզերում:
-Մինչև 90-ականները դրամատիկը տարիներ շարունակ ամառները` հունիսի վերջից օգոստոս, անցկացրել է Հայաստանի շրջաններում` մեծ քաղաքներում ու նույնիսկ փոքր` հանդես գալով համերգային ծրագրերով: Հյուրախաղերի ժամանակ նախկինում փոխհատուցվում էր նաև մայրաքաղաքի ներկայացման վճարը, և թատրոնն իսկապես շահում էր: Այսօր գրեթե անհնար է մի քանի ներկայացումներով, տևական ժամանակով մարզեր գնալ: Նախ` տեղերում չկան բավարար բեմական պայմաններ. նախկին մշակույթի տներից բան չի մնացել: Հետո կա ֆինանսական խնդիր. նույնիսկ Գյումրիում ու Վանաձորում բնակչությունն այնքան վճարունակ չէ, որ տոմս գնի: Թատրոն տեղափոխելն էլ բավականին թանկ է` տրանսպորտ, օրապահիկ, հյուրանոց... Եթե շահույթ էլ չակնկալես, գոնե զրոյական վիճակ պիտի ունենաս: Ես համոզված եմ, որ առիթից առիթ և՛ նախարարությունը, և՛ քաղաքապետարանը կօգնեն մեկ ներկայացում ցուցադրել, բայց մեծ հյուրախաղերը` 5-6 ներկայացումով, երկար ժամանակով, անիրական են:
-Իսկ մշակութային քաղաքականությունը մարզերո՞ւմ, «Գյումրին` մշակութային մայրաքաղաք» կարգախո՞սը...
-Անցյալ տարի երիտասարդ ռեժիսորների փառատոնի շրջանակներում մենք մի ներկայացում ունեցանք Գյումրիում: Մենք պատրաստ ենք ներկայացումներ խաղալ, եթե լինեն պայմաններ` խոսքը պրոֆեսիոնալ վիճակի մասին է. տոմսեր վաճառվեն, ապահովվեն դերասանների հյուրանոցային պայմանները, օրապահիկը, հավելյալ վճարը, բեմական հնարավորությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. -Խոսակցությունը Արմեն Խանդիկյանի հետ, իհարկե, այսքանով չավարտվեց. ռեժիսորի ժամանակը ներառում է նաև իր հանդիսատեսի ժամանակը, ուրեմն` նաև հացիվ ու բանիվ խնդիրները: Շարունակությունը` «Իրավունքը de facto»-ի մարտի 20-ի համարում:

Դիտվել է՝ 5037

Մեկնաբանություններ