Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լֆիկի «Երևան սիթիում» վաճառվող «Կալինովի լիմոնադը» պարունակում է երեխաների վրա հնարավոր բացասական ազդեցությամբ նյութեր

Լֆիկի «Երևան սիթիում» վաճառվող «Կալինովի լիմոնադը» պարունակում է երեխաների վրա հնարավոր բացասական ազդեցությամբ նյութեր
29.12.2023 | 16:53

Վտանգի առումով սա դեռ ամենը չէ…

Պարունակում է ներկանյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների գործունեության և ուշադրության վրա:


Այսօր ուզում ենք գրել սննդամթերքի անվտանգության մասին, որին վերջին տարիներին, ցավոք, հավուր պատշաճի ուշադրություն չենք դարձնում: Նույնը կարող ենք ասել նաև տարբեր ԶԼՄ- ներում աշխատող մեր գործընկերների վերաբերյալ:

Անշուշտ, չենք դադարել կարևորել այդ թեման: Բավարար ուշադրություն չդարձնելու պատճառը, կարծում ենք, հասկանալի է բոլորին. պարզապես ավելի առաջնային թեմաներ, ինչպես, օրինակ, իշխանազավթումը, 44-օրյա պատերազմը, պետական դավաճանությունը, Արցախի հայաթափումը, մինչ այդ և հենց այս պահին էլ Հայաստանի գլխին կախված գոյաբանական սպառնալիքը, ինչ- որ չափով շեղել են մեր ուշադրությունը սննդամթերքի անվտանգությունից:

Սննդամթերքի անվտանգության խնդրին վերստին անդրադառնալու համար միանգամից մի քանի առիթ եղավ.

1.Հատկապես երեխաների առողջության համար վտանգավոր նյութի առկայությունը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում (գուցե նաև այլուր) վաճառվող, այսպես կոչված, «լիմոնադի» բաղադրության մեջ:

2.Նախաամանորյա՝ սովորական օրերի համեմատ աշխույժ առևտուրը:

3.Նույնիսկ ուշ երեկոյան այցելուների հսկայական հերթերը Երևանի հիվանդանոցներում:

4.Նիկոլի իշխանության օրոք Երևանում առանց այն էլ մեծաթիվ դեղատների քանակի ավելանալը:

Սկսենք վերջինից. Երևանում դեղատների քանակը, որը նախկին իշխանության օրոք էլ աննորմալ շատ էր, Նիկոլի իշխանության օրոք էլ ավելի է շատացել: Այսօր մայրաքաղաքում գրեթե ամեն քայլափոխի դեղատուն է հանդիպում: Նույն փողոցում դրանք երբեմն դեմ դիմաց են՝ մեկը փողոցի ձախ, մյուսն աջ կողմում: Նույն փողոցում կես կանգառից պակաս տարածության վրա 5 կամ 6 դեղատուն կա:

Դեղատների քանակը յուրօրինակ ցուցիչ է, թե հասարակության առողջությունն ինչ վիճակում է, և պետությունն արդյոք կատարե՞լ է բնակչության առողջության պահպանման գործում իր պարտականությունները, կամ ինչ չափով է կատարել: Դեղատների ներկայիս քանակը փաստում է, որ բնակչության առողջությունն ահավոր վատ վիճակում է ու գնալով վատանում է, և որ պետությունն այդ առումով իր պարտականությունները չի կատարել կամ խայտառակ վատ, թերի է կատարել: Փաստում է նաև, որ բնակչության կողմից դեղերի շատ մեծ պահանջարկ կա, հակառակ պարագայում եթե այդ պահանջարկը չլիներ, եղած դեղատները վնասով չէին աշխատի, կփակվեին, նորերն էլ չէին բացվի:

Վերոնշյալի առումով, ըստ էության, առերևույթ կերպով հանցավոր անգործություն է դրսևորվել առողջապահության նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կառավարության, «Ազգային ժողով» կոչվածի, ինչու՞ ոչ, նաև՝ շրջակա միջավայրի աղտոտվածության, էկոլոգիական վիճակի համար պատասխանատու պետական մարմինների, Հայաստանի գլխավոր դատախազության, մասնավորապես, նշված դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից:

Հերթերը երևանյան հիվանդանոցներում, որոնց քանակը, ի դեպ, ևս շատ է, նույնպես վկայությունն են վերոնշյալի, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հիվանդանոց դիմողների մի մասը տարբեր դեպքերի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներն են և այնպիսի անձինք, որոնց դիմելու պատճառը նույնպես կապված չէ հիվանդացած լինելու հետ:

Ինչ վերաբերում է նախաամանորյա՝ սովորական օրերի համեմատ աշխույժ առևտրին, ապա այն սննդամթերքի անվտանգության հետ կապված է այնքանով, որքանով որ հատկապես այս օրերին են անբարեխիղճ վաճառողները սպառողներին սաղացնում վտանգավոր և անվտանգության առումով կասկածելի սննդամթերք, իսկ նույնիսկ նախկինում ուշադիր սպառողներն էլ ժամանակի սղության, խանութներում մարդկանց մեծ քանակի պատճառով հաճախ չեն կարդում սննդամթերքի բաղադրության վերաբերյալ մակնշման մեջ գրեթե միկրոսկոպիկ տառերով նշված տեղեկությունը:

Ի վերջո, անդրադառնանք «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում (գուցե նաև այլուր) այս օրերին վաճառվող, այսպես կոչված, «լիմոնադի» բաղադրության մեջ հատկապես երեխաների առողջության համար վտանգավոր նյութի առկայությանը: Խոսքը «Կալինովի լիմոնադ»- ի մասին է: Ահա պիտակի վրա առկա մակնշման մեջ ըմպելիքի բաղադրության և բաղադրատարրերից մեկի վտանգավորության վերաբերյալ առկա տեղեկատվությունը բառացի մեջբերմամբ.

«Բաղ.՝ պատրաստի խմելու ջուր, թթվայնությունը կարգավորող կիտրոնաթթու, շաքար, բուրավետիչներ» (պարունակում է գլիցերինի և խեժաթթուների եթերներ, օսլայի եթեր և օկտենիլսուկցինաթթվի նատրիումի աղ), ներկանյութեր տատրազին, դեղին «արևի մայրամուտ», քաղցրացուցիչներ՝ կալիումի ացեսուլֆամ, ասպարտամ, կոնսերվանտ՝ նատրիումի բենզոատ: Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր: Պարունակում է ներկանյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների գործունեության և ուշադրության վրա»:

Հիմա մենք բնակա՞ն ինչ-որ բան ենք խմում կամ տալիս մեր երեխաներին, թե՞ քիմիա… Շաքարից բացի, այս ըմպելիքում բնական սննդամթերք հանդիսացող այլ բաղադրիչ չկա, բնական ոչինչ չկա՝ ջրից ու շաքարից բացի:

Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե ըմպելիքը շաքար է պարունակում, ապա էլ ինչու՞ է քաղցրացուցիչներ՝ վտանգավոր ասպարտամ և կալիումի ացեսուլֆամ պարունակում: Բացատրենք. շաքարի պարունակությունն ըմպելիքում շատ քիչ է, իսկ ասպարտամը և կալիումի ացեսուլֆամը շաքարից բավականին էժան են և արտադրողին ձեռնտու՝ իր ծախսերի կրճատման ու դրա հաշվին ավելի մեծ շահույթ ստանալու առումով:

Այն, որ «Լֆիկի» «Սիթի» ՍՊԸ- ի ներկրած վերոնշյալ ըմպելիքի արտադրող «Ֆոնտե Ակվա ՊԿ» ՍՊԸ-ն գրանցված է կամ գործում է ՌԴ Մոսկվայի մարզի Դմիտրով քաղաքի աշխ. գյուղ Դեդենևոյում, բնավ անվտանգության երաշխիք չի տալիս թեկուզ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանում այսօր, ինչպես ասում են, «բարդակ վիճակ» է, ահավոր տարածված է կոռուպցիան, բացի այդ, հասկանալի պատճառով, Ռուսաստանն ունի հնարավորինս շատ ապրանք արտադրելու և իրացնելու խնդիր: Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն են պարտավոր օրենսդրորեն արգելել նմանաբնույթ ապրանքների ներկրումը մեր երկիր:

Ի՞նչ է նշանակում, թե ըմպելիքը «Պարունակում է ներկանյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների գործունեության և ուշադրության վրա»… Այսինքն՝ մենք զգուշացրել ենք, իսկ եթե դուք անուշադիր եք եղել, չեք կարդացել կամ անտեսել եք մեր զգուշացումը, ձեր երեխաների առողջության հերն էլ անիծա՞ծ… Հաշվի չի առնվել, որ բազմաթիվ սպառողներ կարող են իսկապես չկարդալ շատ մանր տառերով գրված այդ զգուշացումը, գնել նշված ըմպելիքն ու տալ երեխաներին, իսկ նրանք էլ խմել այն մեծ ծավալներով, քանի որ տվյալ ըմպելիքը քացր ու նարնջի, մոշի և այլնի համով է, դրան գումարած էլ՝ բարձր գազավորված, ինչը հատկապես երեխաներին գրավող գործոն է…

«Կալինովի լիմոնադ»- ի մակնշման մեջ սպառողին զգուշացնել, որ «Պարունակում է ներկանյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների գործունեության և ուշադրության վրա», նշանակում է չափազանց քիչ բան հայտնել նշված ներկանյութերի վտանգավորության մասին, վտանգավորություն, որն առաջիկայում հանգամանորեն կներկայացնենք:

Լուսանկարում պատկերված մյուս ըմպելիքը Բելառուսում գտնվող «ՄԶԲՆ» ՓԲԸ- ի արտադրած ու դարձյալ «Սիթի» ՍՊԸ- ի ներմուծած «Մուլտիտել տրոպիկ» ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիքն է, որը պարունակում է E 445, E 466, E 440 (i) կայունացուցիչներ, կոնսերվանտ (պահածոյացնող)՝ նատրիումի բենզոատ, ներկանյութեր՝ բետա- կարոտին, E 160 (E), թթվայնության կարգավորիչ՝ տրինատրիումի ցիտրատ, կոնսերվանտներ՝ կալիումի սորբատ և նատրիումի բենզոատ: Բաղադրության մի ահագին մասով՝ դարձյալ քիմիա… Սպառողների ընտրությունն է՝ գնել, խմե՞լ այն, տա՞լ երեխաներին, թե նախընտրել բնական, հատկապես տանը պատրաստած հյութերը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ