ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

…Եվ անվանակոչեցին նորածիններին՝ Կովիդ, Կորոնա, Լոկդաուն

…Եվ անվանակոչեցին նորածիններին՝ Կովիդ, Կորոնա, Լոկդաուն
03.05.2020 | 09:50

Սկզբում հայտնվեց Կորոնա Կումար աղջիկը, հետո՝ Կովիդ Մարին: Կորոնավիրուսն անկասկած թողնելու է իր հետքը: Ասիայում ավելի ու ավելի շատ ծնողներ են իրենց նորածիններին անվանում Covid-19-ին առնչվող անուններով, որ ճգնաժամ է հարուցել ամբողջ աշխարհի առողջապահական համակարգում: Եվ ակնհայտորեն՝ նրանք դեռ երկար են բախվելու իրենց ընտրության երկարաժամկետ հետևանքների հետ՝ գրել է Le Figaro-ն: Ապրիլի 13-ին Կոլին Տաբեսան Բակոլոդում՝ Ֆիլիպիններ, աղջիկ է լույս աշխարհ բերել: Հոր՝ Ջոն Տուպասի համաձայնությամբ՝ նա վճռել է իր երախտագիտությունը հայտնել հաջող ծննդաբերության համար: «Այս Covid-19-ը վիթխարի տառապանք է բերել ամբողջ մոլորակին»՝ ընդգծել է 23-ամյա Ջոն Տուպասը AFP-ի հետ զրույցում: Ի հիշատակ այս աննախադեպ շրջանի՝ նա և կինը ցանկացել են, որ իրենց դուստրը կրի «անուն, որը մեզ կհիշեցնի, որ Covid-19-ը մեզ խնայեց»՝ Կովիդ Մարի: Մի քանի շաբաթ առաջ այս նույն միտքը ծագել էր երկու մայրիկների գլխում հարավ-արևելյան Հնդկաստանում: Գաղափարը հուշել է հիվանդանոցի բժիշկը, որտեղ նրանք ծննդաբերել են: Աղջիկներից մեկին անվանակոչել են Կորոնա Կումար, մյուսին՝ Կորոնա Կումարի: «Ես նրանց ասացի, որ դա կարող է մարդկանց ուշադրությունը գրավել ու վերացնել մեզ շրջապատող նախապաշարմունքները: Ի զարմանս ինձ՝ նրանք համաձայնեցին»՝ պատմել է հիվանդանոցի բժիշկը: Նույն միտքը ծագել է և հյուսիս-արևելյան Հնդկաստանի աշխատանքային միգրանտ ամուսինների գլխում, որ Ռաջաստհան նահանգի իրենց տնից հազարավոր կիլոմետրեր հեռու են: Նրանք վճռել են իրենց որդուն անվանել Լոկդաուն (lockdown, այսին՝ կարանտին, մեկուսացում): «Մենք նրան անվանակոչեցինք Լոկդաուն՝ ի հիշատակ բոլոր պրոբլեմների, որոնց բախվել ենք այս դժվարին ժամանակներում»՝ պատմել է հայրիկը լրագրողներին:


Այսօր շատ ծնողներ օրացույց թերթելու կամ գոնե իրենց սիրելի սերիալներին տուրք տալու փոխարեն՝ չեն երկնչում անուններ հնարել իրենց զավակների համար: ADN-ի հարցման տվյալներով՝ Ֆրանսիայում հազվադեպ անունները, որ տրվում են տարեկան 6 կամ ավելի քիչ անգամ, 1975-ի 2%-ից դարձել են 10%: Բայց դա կարող է բարդացնել կյանքը մի մարդու, որ կրում է ամբողջ աշխարհում 200000 մարդու կյանքը խլած վիրուսի անունը: Ֆրանսիայում քիչ հավանական է հանդիպել Կորոնա անունով աղջկա կամ Կովիդ անունով տղայի: 1993-ից ֆրանսիացիները իրենց նորածինների համար ազատ են գրանցել ցանկացած անուն, սակայն իրավիճակին կարող են միջամտել քաղաքացիական կացության ծառայության աշխատակիցները՝ դիմելով հանրապետության դատախազին, եթե իրենց կարծիքով՝ անունը կարող է երեխայի շահերին վնասել: Արդարադատությունը կարող է վետո դնել պանդեմիային առնչվող անունների վրա, ինչպես արդեն եղել է Ջիհադ (Jihad), Տիտոֆ (Titeuf կոմիկսների հերոս) կամ Գրիզման Մբապե (Grizmann Mbappé՝ ի պատիվ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Անտուան Գրիզմանի ու Կիլիան Մբապեի):
Le Figaro


Հ.Գ. Դե դա նորություն չէ՝ տատիկս հրաշալի ընկերուհի ուներ, անունը՝ Կոնյակ, հարյուրավոր Իդաներ՝ իրական դարի աղջիկ, ու Կիմեր-երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ, և այլք, և այլք հիմա էլ ապրում են իրենց անուններով, բայց երեխային տալ մարդասպան վիրուսի անուն, ինչ բացատրություն էլ ունենա, նվազագույնը աբսուրդ է: Ակնհայտորեն՝ ծնողների խանդավառությունը պետք է պետականորեն կասեցվի, կամ երեխաները մինչև չափահասություն տառապելով իրենց անվան հետ, փոխելու են անունը անձնագիր ստանալիս: Բայց Հնդկաստանում միլիոնավոր մարդիկ կան, որ անձնագիր չունեն: Միայն թե հետո նրանց զավակները իրենց երեխաներին ի պատիվ ծնողների՝ կորոնա, կովիդ ու լոկդաուն չկոչեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ