ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար

Թող այսուհետ աշխարհում ոչ ոք  չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար
20.04.2018 | 01:04

Չարշամա Սարե Սալե, Չարշամա Սոր, Այդա Տաուսի Մալակ անուններով հայտնի այս տոնը եզդիները նշում են ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթի օրը «Հին տոմարով», որպես Նոր տարի:


Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը դարձել են տոներ և տոնակատարություններ: Այդպիսի տոներից է Չարշամա Սորը` «Կարմիր չորեքշաբթին», որը, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Սա շատ հին տոն է, որը եզդիները տոնում են իրենց հազարամյա պատմության ընթացքում: Սոր («կարմիր») բառը միաժամանակ նշանակում է տոն: Եզդիական ցանկացած տոնից առաջ սկսում են նախապատրաստվել: Բոլորը պարտադիր պետք է զբաղվեն իրենց և տան մաքրությամբ: Հնարավորություն ունեցողները մատաղի պատրաստություն են տեսնում: Տան անդամները տարբեր գույներով գունազարդում են տունը, պատրաստում են ազգային տարբեր ճաշատեսակներ: Պատրաստված սեղանը, որպես կանոն, մինչև երեկո չի հավաքվում: Ազգականները, բարեկամները, համագյուղացիները միմյանց շնորհավորելուց հետո գնում են գերեզմանատուն, իրենց հետ տանելով մրգեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Ինչպես մյուս տոները, այնպես էլ Նոր տարին առիթ է, որ խռովածները հաշտվեն, ցանկանում են, որ տարբեր հիվանդությունները, աղքատությունը և փորձությունները մնան հին տարում և Նոր տարին սկսեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ:


Եզդիները այս տոնը տոնում են գարնանը, համարելով, որ Աստծո կամոք Մալակե Տաուսը ստեղծել է երկիրն ու կյանքը, գարնանը ամենուր կյանքը նորանում է: Եզդիները ապրիլ ամիսը դիտում են նորահարսի «Բուկա Սալե» ամիս: Դրա համար եզդիները ապրիլ ամսին, որպես կանոն, հարսանիքներ չեն անում:
Այս տոնի ժամանակ եզդիների հոգևոր առաջնորդանիստում` Լալշա Նուրանիում, կատարվում են տարբեր ծեսեր, որոնք ուղեկցվում են տարբեր աղոթքներով, իսկ երեկոյան վառում են ձեթի լամպերը: Մարդիկ հավատում են, որ Լալշա Նուրանին, նրա դրախտ աղբյուրները իրենց կպաշտպանեն չար ոգիներից, տարբեր հիվանդություններից, և աշխարհում կհաստատվի խաղաղություն ու համերաշխություն: Ինչպես միշտ, այս տարի նույնպես հայաստանաբնակ եզդիները տոնակատարություններն անցկացնում են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդիների Զիարատ սրբատեղիում:


Ցավոք, 2014 թ. օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրին մինչև Աֆղանստան: Ահավոր ցավով և թափված արցունքներով մենք սպասում ենք, որ դադարեցվի եզդիների ցեղասպանությունը և վերջնականապես ազատագրվի Շանգալը: Մենք սպասում ենք ճշմարտության ձայնին և արդարության հաղթանակին, աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք նրանց թափած արյան համար:


«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստականների վրաններում գտնվող եզդիներին Նոր տարվա, Այդա Տաուսի Մալակ տոնի առթիվ: Ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Թող իրականանան մեր բոլորի երազանքները, եզդիները այլևս երբեք ցեղասպանություն չապրեն, իրենց բնօրրանում ապրեն ազատ և անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար, իսկ բոլոր տոներն անցնեն խաղաղության, համերաշխության և ուրախության պայմաններում:
Աստված ապավեն։

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ