ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«...ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է, ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՇԱՏ ՉԽՈՍԵԼ, ԺԱՄԱՆԱԿԻՆ ՔՆԵԼ, ՍԽԱԼ ԲԱՆԵՐ ՉՈՒՏԵԼ»

«...ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է, ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՇԱՏ ՉԽՈՍԵԼ, ԺԱՄԱՆԱԿԻՆ ՔՆԵԼ, ՍԽԱԼ ԲԱՆԵՐ ՉՈՒՏԵԼ»
03.12.2010 | 00:00

«Ձեր հրաշալի երկրում շատ բան կա տեսնելու: Կարճ ժամանակով եմ եկել ու չեմ հասցրել շատ բան տեսնել: Որպես զբոսաշրջիկ այցելությունը կթողնենք մյուս անգամ, որովհետև այս հոյակապ երկիրն արժանի է, որ իմ միտքը, որպես երգչի, անջատվի, ու ես վայելեմ այն»,- Հայաստանի մասին այսպես արտահայտվեց իսպանացի օպերային երգիչ, աշխարհահռչակ տենոր ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՆ, որն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ է ունենալու: Ինքնատիպ ձայնային հնարավորություններով օժտված ու համաշխարհային համբավ վայելող Դոմինգոն Հայաստան այցելելու հրավեր դեռ 2005-ին է ստացել, սակայն վաղուց պլանավորված այցը հաջողվեց միայն այս տարեվերջին: «Ինձ համար մեծ պատիվ են Հայաստան այցելելն ու այստեղ երգելը: Այս այցին ես վաղուց էի սպասում: Այստեղ գալու առաջին իսկ պահից մեծ պատիվների եմ արժանացել. երեկ երեկոյան ինձ ընդունել է վարչապետը, այսօր՝ ԱԺ նախագահը»,- լրագրողների հետ հանդիպմանը պատմեց լեգենդար երաժիշտը:
Հայերի հետ Դոմինգոյի ծանոթությունը շատ վաղուց է եղել՝ մանուկ հասակից: «Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, իհարկե, նրանց շարքում են Շառլ Ազնավուրը, ում հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, Լևոն Սայանը, Ալեն Պրոստը, Կարեն Իսայանը։ Իմ ծնողները երկուսն էլ երաժիշտներ են եղել: Երբ փոքր էի, մայրս Փարիզում երգեցողության դասեր էր վերցնում մադամ Բաբայանից: Այդ ժամանակից էլ ես ծանոթ եմ հայերի հետ»,- պատմեց նա: Շուրջ 130 օպերային դեր կատարած Դոմինգոն դժվարանում է առանձնացնել դրանցից այն միակը, որը նրա համար բեկումնային է եղել: Պարզապես զուգահեռներ է անցկացնում. «Ես համեմատականներ եմ անցկացնում հին ժամանակների իտալական և իսպանական ընտանիքների միջև, երբ 8, 10, 12 երեխա էին ունենում, և հարցնում էին, թե որ երեխան է ամենասիրելին: Բոլոր դերերն ու երգերը, որ կատարել եմ, շատ սիրելի են: Ամենակարևորն այն է, երբ դու տվյալ պահին կատարում ես, պիտի հավատալ, ապրել այդ երգով, դերով»: Երգիչը նաև ընդգծեց, թե այն բոլոր կոմպոզիտորները, որոնց ստեղծագործությունները կատարել է, իրեն շատ հոգեհարազատ են՝ Վերդի, Մոցարտ և այլն:
Լրագրողները աշխարհահռչակ երգչից նաև փորձեցին պարզել, թե որն է նրա ձայնի «գաղտնիքը»: «Իսպաներեն ձայնը՝ lavos-ը, իգական սեռի գոյական է, և, ինչպես ցանկացած իգական սեռի ներկայացուցչի, պիտի նրան մեծ խնամքով վերաբերվել: Նա շատ խանդոտ է, պահանջում է շատ չխոսել, ժամանակին քնել, սխալ բաներ չուտել: Այնպես որ, ձայնը պահանջկոտ երևույթ է և համապատասխան վերաբերմունք է պահանջում: Կարծում եմ՝ դա ստացվել է: Ամեն ինչ փոխադարձ է: Այս իրավիճակով, կարծում եմ, կարող եմ ևս մի քանի տարի երգել»:
Իսկ այսօրվա համերգի մասին տենորը նշեց, որ բեմում լինելու է երեք սերունդ. երգելու է Բարսեղ Թումանյանի հետ, կմասնակցեն նաև սոպրանո Ռոսի Սվազյանը, դիրիժորներ Իսրայել Յուրսկին և Էդուարդ Թոփչյանը: Երգչի հետ Հայաստանում է նաև Աննա Մարիան, որն աշխարհի ամենալավ սոպրանոներից է և համերգների ժամանակ մշտապես ուղեկցում է աշխարհահռչակ տենորին: «Հուսով եմ` վաղվա համերգը հայ հանդիսատեսին դուր կգա»,- համեստորեն նկատեց լեգենդը:
Ասուլիսի վերջում տենորի ուշադրությունից չվրիպեց լրագրողական լսարանի գերակշիռ հատվածի իգական սեռի ներկայացուցիչ լինելը, ինչի առնչությամբ երգիչը ժպիտով նկատեց. «Խտրականություն է տղամարդկանց նկատմամբ: Լրագրողները հիմնականում գեղեցիկ կանայք են, այս պահին Հայաստանը լավագույն երկիրն է»:
Ի դեպ, Պլասիդո Դոմինգոն երեկ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ սկզբում լսեց «Փարոս» կամերային երգչախմբին, որը համալրված է սահմանափակ կարողությամբ մարդկանցով: Լսելուց հետո տենորը հորդորեց. «Միշտ ներդաշնակ եղեք երաժշտության հետ, քանի որ դա միավորում է մարդկանց, նոր կյանք ստեղծում: Երբ ամեն առավոտ արթնանում ես երաժշտության հետ ներդաշնակ, կյանքն այնպես լավ է թվում: Շարունակեք այդպես»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ