ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԼՈՒՅՍԸ ԿԲԱՑՎԻ» ՀԵՏՈ՞ ԻՆՉ

«ԼՈՒՅՍԸ ԿԲԱՑՎԻ»   ՀԵՏՈ՞ ԻՆՉ
22.12.2009 | 00:00

Իսկ դուք գիտե՞ք` ինչ է նշանակում մենակ մնալ դատարկ, մաքուր մաքրված սենյակում:
Իսկ դուք կարո՞ղ եք:
Դատարկ: Մաքուր: Մաքրված: Մենակ: Սենյակում:
Տարիներ հետո, շատ տարիներ հետո դուք գուցե դա կիմանաք, բայց, միևնույն է, կդժվարանաք կարենալ...
Ներկայացման կեսին զգում ես, որ նստած ես բաց մաշկով, ոտքից գլուխ մի նյարդ դառած և այդ մի նյարդը... Հա, որպես լքված թավջութակի ձգված մի լար խփում ու խփում է ներսիցդ:
Սովորական պատմություն: Հարյուր հազար ու հազար հազար կրկնությամբ: Ամուսինը հեռացել է ու հիմա ուրիշի հետ է: Բնական օրենքներից ոչ մեկը չի բացատրում նյութի գոյության այդ վիճակը` երբ ժամանակը մեկի համար կանգ է առնում, բոլոր մյուսների համար շարունակվում է: Նաև հասարակական օրենքներից ոչ մեկը չի բացատրում` նրանցից ո՞վ է իրականում ժամանակի մեջ, ո՞վ` դուրս:
Ամուսինը հեռացել է, արդեն ութ ու կես ժամ, ու դրանից հետո բոլոր ժամերը պետք է ապրել: Ապրելու իմաստը: Ապրելու ձևը: Ապրելու հնարավորությունը: Ապրելու ժամանակը` երբ դատապարտված ես ապրելու:
Ամուսինը հեռացել է, որովհետև վերջապես ուզում է երեխա ունենալ:
Անգլիացիներն են ասում, կարծեմ, յուրաքանչյուրը պահարանում իր կմախքն ունի: Գուցե զուտ անգլիական է, բայց հումոր չէ:
Մի հարված միայն, որ անցյալի բոլոր հարվածները վերադառնան ու ներկայանան ամբողջ հմայքով. բալետի պարուհու ավտովթարով խորտակված կարիերա, մայր դառնալու ավտովթարով խորտակված հնարավորություն, երկուսով երջանկության խորտակված պատմություն:
Սովորական պատմություն: Ինչ-որ մեկից հեռացել ենք մենք, ինչ-որ մեկը հեռացել է մեզնից, ու մեր պահարաններում նույնքան կմախքներ կարող ենք հաշվել, ինչքան կախիչներ: Սովորական պատմություն: Իսկ ներկայացման կեսից բաց մաշկով նստած, ոտքից գլուխ մի նյարդ` ուզում ես միայն մի բան հասկանալ, հիշել` որտե՞ղ ես լսել այս կիսախզված, կիսահեգնական, կիսաերգեցիկ ձայնը, որտե՞ղ ես տեսել այս կնոջը... ՈՒթ ու կես ժամ, գուցե և ավելի ժամանակ է պետք հասկանալու համար, որ դու լսում ես հենց քո ձայնը ու նրա մեջ տեսնում ես ինքդ քեզ: Համարյա ժամուկես բեմում ինչ-որ տեղ հայելի է դրված, ու դու տեսնում ես քեզ: Համենայն դեպս` քո կմախքները: Որովհետև երկրորդ, առավել ևս երրորդ մարդու մասին ու ներկայությամբ ինքդ քեզ երբեք չես ասի այն, ինչ հնչում է բեմից: Չես համաձայնի այդքան մերկանալ, այդպես բացվել, անվավեր դարձնել բոլոր տաբուներդ, որ քո հարմարության համար կոչում ես սկզբունք, գաղափար, նպատակ, հավատարմություն, իսկ իրականում ապրելու վախն է հիմքում: ՈՒ ոչ այն պատճառով, որ դա, գրողը տանի, պատշաճ չէ ու ցավոտ է, այլ որ ինքդ քեզ էլ չես խոստովանում այն, ինչ ներսումդ մեկ մարած, մեկ ժայթքած լավա է: Խելահեղությունը միշտ էլ ունեցել է պատճառներ ու հետևանքներ, երբեմն` նույնիսկ բացատրություն, բայց երբեք` սահմաններ:
Թատրոնում այս ժանրը դժվարագույնն է: Մենակ: Մեն մենակ: Բեմում: Մեծ բեմում: Մենակ: Անհասկանալի խավարի մեջ նստած մարդիկ ոչնչով չեն լցնում քո մենակությունը, որ երբեք իրավիճակի հետևանք չէ, ներսիդ մենակությունն է, քո մեծ սարսափն է ապրելու դատապարտված այս կյանքում, կյանքի ու մահվան ափերի միջև այն կամուրջն է, որ միայն քո փորձով կարող ես պարզել` բաժանո՞ւմ, թե՞ միացնում է: Գրեց Կարինե Խոդիկյանը, բեմադրեց Արթուր Սահակյանը, ապրեց Կարինե Ջանջուղազյանը: Պետական երաժշտական կամերային թատրոնում: Մենախաղ` Կարինե Ջանջուղազյանի համար` «Լույսը կբացվի»: Դե, իհարկե, լույսը կբացվի: Լույսը միշտ էլ բացվում է, որովհետև բնության օրենքն է` գիշերվան հաջորդում է ցերեկը, ցերեկին` գիշերը, ու իրարահաջորդումի այդ 24-ժամյա խաղը 365, երբեմն 366 օրվա հանրագումարում նույնիսկ տարի է դառնում: Լույսը կբացվի: Բայց այս կնոջ գիշերային աուտոդաֆեից հետո բացվող լույսը լո՞ւյս է բերելու, թե՞ լույսի հիշողություն, որից ուզում ես կուրանալ, թե՞ լույսի հնարավորություն, որից ծիծաղդ է գալիս: Մի երկար, ավշազրկող, արնաքամող ծիծաղ... Շատ ազնվազարմ մի ցեղ աֆրիկյան ջունգլիներում հազվադեպ է բնական մահով մեռնում. նրանք հանկարծ սկսում են ծիծաղել, ու երբ 48 ժամ անդադար ծիծաղից հետո այլևս սպառվում են օրգանիզմի ռեսուրսները, նրանք մեռնում են ծիծաղը շուրթերին` սպանիչ ծիծաղը:
Մտածելու ու վերլուծելու կարողության բացարձակ անարժեքությունը սա է, լավի ու վատի, ճշտի ու սխալի, տաքի ու պաղի խայտառակ նույնություն: Կան իրավիճակներ, երբ ամեն ինչ արդեն միևնույն է, և միայն լքված թավջութակի ձգված մի լար ներսումդ անընդհատ խզզում է, որ պետք է ապրել` 8 ու կես ու մնացած բոլոր ժամերը: Ապրել է պետք:
Ինչպե՞ս է այդ ժամուկեսը միայն իրենով ու իր ցավով լցնում բեմը Կարինե Ջանջուղազյանը: Շատ պարզ` նա դադարում է մտածելուց, հիշելուց, հասկանալուց. մեր գոյությունից դուրս ու մեր կամքից անկախ կա համամարդկային երջանկության մի լայն շերտ, ու կա համամարդկային դժբախտության մի լայն շերտ: Այդ շերտերը մեր կողքին են ու անընդհատ մեզ հետ են, բայց մենք չգիտենք` ինչպես նրանց միանալ: Միայն ժամանակ առ ժամանակ, պահ առ պահ, երբեմն առ երբեմն մեզնից ոմանց հաջողվում է հպվել այդ շերտին ու երջանկությունից մոռանալ հողը, զգալ միայն երկինքը, և առավել հաճախ, ժամ առ ժամ հարկադրված ենք լինում խրվել դժբախտության շերտի մեջ ու ոչ միայն ոտքերով, ներսում զգալ հողի ողջ սառնությունն ու կարծրությունը և երկնքի ողջ անհասկանալի հեռավորությունը: Կարինե Ջանջուղազյանը գիտի` ինչպես և երբ միանալ այդ շերտերին: Դա, իհարկե, կարող էր կոչվել և դերասանական վարպետություն, բայց դերասանական վարպետությունը արտաքին կողմն է և համարյա ոչինչ է, երբ կա ներքինը` սահմաններ չունեցող այն խելահեղությունը, որին երբեմն առ երբեմն հարկադրված են լինում ապաստան տալ մեզնից ոմանք:
«Ինչո՞ւ այդքան դաժան», չհարցրի, մեղադրեցի Կարինե Խոդիկյանին։ Ծիծաղեց, ու ես հիշեցի ազնվազարմ աֆրիկացիներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ