Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Բայդենի վարչակազմը փորձում է ուրվագծել Իրանի հետ հարաբերություններում հետագա քայլերի շրջանակը

Բայդենի վարչակազմը փորձում է ուրվագծել Իրանի հետ հարաբերություններում հետագա քայլերի շրջանակը
09.02.2021 | 20:07

«Ամերիկյան նոր վարչակազմը առայժմ փորձում է Իրանի միջուկային ծրագրի հարցում հստակ քաղաքականություն մշակել», - գրում է Reuters-ը՝ դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։ Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը մի քանի տարբերակներ են քննարկում՝ չկարողանալով կանգ առնել որևէ մեկի վրա։ Ամենահավանական տարբերակը, ըստ գործակալության, «փոքր քայլերի քաղաքականությունն է»։

«Դրա իմաստը այն է, որ կողմերից ոչ մեկը ամբողջությամբ չի վերադառնա 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը` միաժամանակ փոքր զիջումների գնալով և ժամանակ շահելով», - Reuters-ին են փոխանցել խնդրին ծանոթ մ երեք դիվանագիտական աղբյուրներ։ Նման միջանկյալ լուծումը մի կողմից հնարավորություն կտա կանխել Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների սրընթաց վատացումը, որը սկիզբ առավ 2018-ին, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն լքեց Իրանի հետ կնքված բազմակողմ համաձայնագիրը։ Մյուս կողմից «փոքր քայլերի քաղաքականությունը» կարող է ստիպել Իրանին դադարեցնել ուրանի հարստացման գործողությունները՝ փոխարենը որոշակի զիջումներ կորզելով Վաշինգտոնից։ Խոսքը Իրանի դեմ խստագույն տնտեսական սահմանափակումների որոշակի մեղմացման մասին է, որ շատ հեռու կլինի պատժամիջոցների վերջնական վերացումից։


Reuters-ի աղբյուրները պնդում են, որ զիջումների թվում կարող է լինել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին տրամադրվելիք վարկը, մի գաղափար, որին Թրամփի վարչակազմը տարիներ շարունակ կտրականապես ընդդիմանում էր՝ պնդելով, որ դա ոչնչով չարդարացված միակողմանի զիջում կլինի։


Զիջումների թվում կարող է լինել նաև Իրանի համար միջազգային շուկայում մարդասիրական նշանակության ապրանքներ ձեռք բերելու սահմանափակումների մեղմացումը, առևտրի հատուկ մեխանիզմի ստեղծման եվրոպական առաջարկին չընդդիմանալը։ Այս վերջին տարբերակը խնդրին քաջածանոթ արևմտյան դիվանագետներից մեկն անվանել է «խելամիտ և իրատեսական»՝ չբացառելով նաև ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրման հավանականությունը։ Սպիտակ տանից հնչող տեսակետը հիմնականում նույնն է՝ «գնդակը Իրանի դաշտում է», և իրադարձությունների հետագա զարգացումը կախված է բացառապես Թեհրանից։ Նախօրեին այս տեսակետը ևս մեկ անգամ վերահաստատեց Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։ «Կարծում եմ, որ նախագահի, ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող մեր թիմի մոտեցումը հետևյալն է՝ Իրանից է կախված կվերադառնա այն միջուկային համաձայնագրի դրույթների և դրանցով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը, թե ոչ։ Այդ դեպքում արդեն մենք կարող ենք առաջ շարժվել մեր քննարկումներում», - հայտարարել է Փսակին։


Թեհրանում տրամագծորեն հակառակ տեսակետը ունեն։ Իրանի իշխանությունները պնդում են, որ միջուկային համաձայնագրից առաջինը հրաժարվել է Վաշինգտոնը, և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է առաջին քայլը կատարեն։ «Եթե նրանք ցանկանում են, որ Իրանը շարունակի կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ԱՆժՄՆ-ը պետք է ամբողջությամբ վերացնի մեր երկրի դեմ սահմանված պատժամիջոցները։ Եվ դա պետք է իրական գործողությունների, ոչ թե խոստումների կամ թղթի մի կտորի մակարդակի գործողություն լինի։ Նրանք պարտավոր են վերացնել պատժամիջոցները, և երբ մենք տեսնենք ու զգանք, որ այդ ամենը իրոք կատարվել է, կվերադառնանք միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը», - կիրակի օրը երկրի բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։


Արևմտյան աղբյուրները Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների ամբողջական վերացման հնարավորությունը քիչ հավանական են համարում, բայց չեն բացառում։
«Այս պահին Սպիտակ տանը լուրջ քննարկումներ են ընթանում, և շրջանառության մեջ գտնվող տարբերակներից մեկը ուղղակի վերադարձն է 2015-ին կնքված համաձայնագրի կատարմանը», - Reuters-ին փոխանցել է քննարկումներին ծանոթ աղբյուրներից մեկը։
Գործակալությունը ենթադրում է, որ Բայդենի վարչակազմի նման քայլը լուրջ քննադատության կարժանանա հատկապես հանրապետական կոնգրեսականների կողմից, որոնք համոզված են, որ Թեհրանի հանդեպ Թրամփի քաղաքականությունը Վաշինգտոնին Իրանի դեմ ճնշումների հավելյալ լծակներ է տվել։ Reuters-ի փոխանցմամբ այս պահին դիվանագիտական շրջանակներում գլխավոր մտավախությունները վերաբերում են ժամանակի սղությանը։ Փետրվարի 21-ին ուժի մեջ է մտնում Իրանի խորհրդարանի կողմից ընդունված որոշում, որով ՄԱԿ-ի կազմում գործող ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները զրկվում են Իրանի տարածքում ազատորեն տեսչական այցեր իրականացնելու իրավունքից։
Եվրոպացի երեք դիվանագետներ, որ զրուցել են Reuters-ի հետ, գրեթե նույն բառերով են նկարագրել ստեղծված կացությունը՝ «հնարավորությունների պատուհանը փակվում է»։ «Սա անհապաղ լուծման կարոտ խնդիր է։ Եթե այսօր մենք չօգտվենք հնարավորությունների այդ պատուհանից, դժվար է պատկերացնել, որ առարկայական բանակցություններ կլինեն մինչև աշուն», - նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը։


Հունիսին Իրանում նախագահական ընտրություններ են, որոնց ընթացքում հաղթելու ամենամեծ շանսեր ունեն Վաշինգտոնի հանդեպ կոշտ քաղաքականության որդեգրած ուժերը։

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ