Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Էնթոնի Բլինքեն. Լուծումը պետք է երաշխավորի ԼՂ անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը

Էնթոնի Բլինքեն. Լուծումը պետք է երաշխավորի ԼՂ անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը
22.01.2021 | 21:39

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ԱՄՆ ի պետքարտուղարի փեկնածու առաջադրված Էնթոնի Բլինքենը 3 օր առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներից հետո նաև գրավոր է վերահաստատել դիրքորոշումը նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Հայաստանի անվտանգային կարիքների և Արցախի պաշտպանության հարցերում Բլինքենի աջակցությունը: Համբարյանի համոզմամբ, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ ամիսներ շարունակ անտարբերությամբ է արձագանքել Ադրբեջանի անողոք ագրեսիային:
«Ջո Բայդենի և Քամալա Հարիսի վարչակազմից ակնկալում ենք կառուցողական և պատասխանատու ներգրավում ծագումով հայ ամերիկացիներին և նրանց գործընկերներին առավել հուզող հարցերում»,- ասել է Արամ Համբարյանը:


Բանավոր լսումների ընթացքում Բլինքենին հարցեր է ուղղել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, նա դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա և Թուրքիայի սադրիչ գործողություններն այդ պատերազմում: Պետքարտուղարի թեկնածուն նշել է, որ շատ հարցերում Թուրքիան դաշնակցի պես չի գործում: Բլինքենը նույնիսկ «այսպես կոչված դաշնակից» եզրույթն է կիրառել, որ ինքնին աննախադեպ է դիվանագիտական ասպարեզում: Մենենդեսը նաև արծարծել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, նշելով, որ ԱՄՆ օրենսդիր իշխանության երկու պալատներն արդեն ընդունել են համապատասխան հայտարարություններ, և հերթը գործադիրինն է:


Բանավոր լսումներից հետո Մենենդեսին ներկայացրած գրավոր պատասխաններում Բլինքենը վերահաստատել է դեմոկրատական կառավարումը և տնտեսական աճը խթանելու նպատակով Հայաստանին անվտանգության աջակցություն և օգնություն տրամադրելու կարևորությունը, քանի որ դեմոկրատիան և տնտեսության աճը կնպաստեն երկրի դիմացկունությանը:


Անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմին` պետքարտուղարի թեկնածուն գրել է, որ նոր վարչակազմը կվերանայի անվտանգության ասպարեզում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: Բլինքենի փոխանցմամբ, հարկ եղած դեպքում նոր ադմինիստրացիան պատրաստ կլինի վերականգնել հայտնի 907 բանաձևը:
1992-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ազատության աջակցության հռչակագիրը, որով պետք է քաղաքական կայունությունը և տնտեսությունը խթանող օգնություն տրամադրվեր Ռուսաստանին և նորանկախ նախկին խորհրդային այլ երկրներին:


ԱՄՆ-ի հայ լոբբիստների ջանքերով1992-ին ընդունվել է 907 բանաձևը, որն արգելել է Ադրբեջանի մասնակցությունն այդ ծրագրին, քանի որ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է վարել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ և տնտեսական շրջափակման է ենթարկել Հայաստանը:
2001-ին Սենատն ընդունել է հատուկ լրամշակում, որով նախագահին վերապահել է 907 բանաձևը սառեցնելու և հետևաբար Ադրբեջանին նույնպես օգնություն տրամադրելու հնարավորություն: Ուստի, Բլինքենը նկատել է տալիս, որ համապատասխան փաստարկների և ապացույցների պարագայում Բայդենը կարող է չեղարկել 907 բանաձևի սառեցումը:
Պետքարտուղարի թեկնածուն գրավոր պատասխաններում նաև նշել է, որ «Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ համագործակցելով` նոր ադմինիստրացիան կհստակեցնի Հայաստանի ու տարածաշրջանի կարիքներն անվտանգության բնագավառում»:


Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, որ ինքը նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը: Այդ նպատակով, ըստ Բլինքենի, «ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք կատարի՝ կասեցնելու համար երրորդ կողմերի հնարավոր միջամտությունները»։

Դիտվել է՝ 3169

Մեկնաբանություններ