ՀՀ օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական օդանավերի համար՝ հայտարարել են Քաղավիացիայի կոմիտեից: Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր առավոտյան Հայաստանի օդային տարածքով տեղի է ունեցել Թուրքական ավիաուղիների թռիչք Բաքվի ու Ստամբուլի միջև, ավելին` այն որակվում է «պատմական»:
Քաղավիացիայի պարզաբանման մեջ ասված է. «Օդային տարածքը կարգավորվում է միջազգային ավիացիոն կազմակերպությունների կանոնակարգերով, ինչը բացառում է որևէ խտրականություն։ Տվյալ ընկերությունը և բազմաթիվ այլ ընկերություններ կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից, և դրանում որևէ արտառոց կամ նոր բան չկա»: Կոմիտեն նշում է, որ վերոնշյալ կարգավորումները կիրառելի են նաև այլ անդամ պետություններում, ուստի Հայաստանի քաղաքացիական օդանավերը նույնպես անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել Թուրքիայի օդային տարածքից։