Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցնում է՝ գիտի, թե Շուշիում ինչ է կատարվել, ու իր հարցերի պատասխանները, վաղ թե ուշ, պահանջելու և ստանալու է: Խոսքը, նշենք, Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծման հետևանքով զոհված ոստիկանների մասին է, որոնց, ըստ շրջանառվող լուրերի, խաբեությամբ ցանկացել են առաջնագիծ տանել:
«Չէի ասի՝ խաբեությամբ են տարել, պարզապես բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում: Որովհետև երբ սպաների, գեներալների գործողություններին խառնվում են քաղաքացիներն, ու նրանց քմահաճույքներն իրականացվում են, կամ, օրինակ, ոստիկանի են ծեծում, ամեն բան իրար է խառնվում, քաոս է ստեղծվում: Իհարկե մարդիկ պետք է պատասխան տան: Իհարկե ճիշտն են այն լուրերը, որ ոստիկանների զոհվելու հանգամանքը թաքցվել է: Ավելին ասեմ՝ տղաներին առանց զինվորական հարգանքի տուրք մատուցելու են հուղարկավորել, ինչը, կարծում եմ, պետք է վիրավորական լինի ոչ միայն ամբողջ համակարգի, այլ նաև ցանկացած նորմալ մարդու համար: Նույնիսկ անունները չեն հրապարակվել»,- մանրամասնում է Գասպարյանը:
Դիտարկմանը, թե Շուշին վաճառվել է, ինչպես նաև 5 միլիարդ դոլարի մասին է խոսվում, Վլադիմիր Գասպարյանն արձագանքում է՝ ծեծված թեմաներ են: Հիշեցնում է՝ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ 6 միլիարդ դոլարի մասին է խոսակցություն եղել: Նմանատիպ խոսակցությունները, հավելում է, նաև երկրորդ ու երրորդ նախագահների ժամանակ է եղել. «Հիմա չգիտեմ` ինչո՞ւ է 5 միլիարդ դարձել: Դրան հավատալ-չհավատալու խնդիր չկա: Պետք է քննություն լինի, այդ ամենը պետք է քննվի, թե չէ փողոցային խոսակցություններով, լուն ուղտ կամ ուղտը լու դարձնելով՝ չի լինի»: