Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բարոյական հաղթանակների լիմիտը սպառել ենք

Բարոյական հաղթանակների լիմիտը սպառել ենք
21.04.2009 | 00:00

ՕՐԵՐ, ՈՐ ՉՑՆՑԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ
Ահա և կիսվեց ապրիլը:
Աստծո անցած յոթ օրերն էլ դարձան ապրիլյան անցյալ, իսկ գարունն այդպես էլ խռոված մնաց ու արևի կարոտ պահեց, նույնիսկ հասցրեց ձյան տեսք ընդունել:
Ապրիլյան այս ամբողջ շաբաթը Հայաստանում էր Անդրեյ Բիտովը: Բացվող էպոխայի ու փակվող էպոխայի միջև հպարտ ու մենակ կանգնած էր նա` Հրանտ Մաթևոսյանը: Եվ Անդրեյ Բիտովը նրա գրչընկերն էր` գրող ու մտածող, ում միջով էլ անցնում է չգիտես որտեղից սկսվող ու որտեղ վերջացող գրականության նյարդը: Պաշտոնապես նրան անվանում են Հայաստանի բարեկամ, իսկ նա արդեն ծեր ու հոգնած մարդ է, որ որոնում է այն, ինչ ամբողջ կյանքում ուզում էր ունենալ` ինքն իրեն, իր ցանկացած ու իր պատկերացրած աշխարհում ու կյանքում: Բիտովը եղավ Արարատում` Վազգեն Սարգսյանի տանը, թանգարանում, Խոր վիրապում, Ահնիձորում` Հրանտ Մաթևոսյանի տանը, գրողների միությունում ու սլավոնական համալսարանում, նաև այլ տեղերում, և միայն Աստված գիտի` ինչ տարավ իր հետ այս անգամ Հայաստանից, որովհետև ոչ միշտ է հասկանալի ու բացատրելի այն, ինչ հետո տող է դառնում գրողի գրչի տակ:
1994-ի ապրիլի 15-ին նա սպանվեց իր տան մուտքում: Քաղաքը ցնցվեց ու չհավատաց, բայց փաստ էր: 1967-ից «Գարուն» ամսագրի առաջին խմբագիր, գրողների միության նախագահ, գրող, հրապարակախոս, պետական մրցանակի դափնեկիր` այնքան շատ են նրա կոչումներն ու տիտղոսները: Նրա վերջին ձեռնարկումը «Երկիր Նաիրին» էր` շաբաթաթերթ, որի մի քանի համար միայն խմբագրեց: Շատերը նրան գրող չէին համարում` խմբագիր, հրատարակիչ, կազմակերպիչ, հրապարակախոս` այո, իսկ նա վերցրեց ու «Կրակե շապիկը» գրեց և... ժամանակի ու տարածության մեջ առաջ անցավ ոչ միայն ինքն իրենից, այլև ժամանակից ու տարածությունից: Թող որ գեղարվեստորեն ոչ կատարյալ, բայց գիրք, որ իրապես կրակե շապիկ է դառնում, երբ մտածելու շքեղությունն ես քեզ թույլ տալիս: Տասնհինգ տարի հետո Աշտարակում Վարդգես Պետրոսյանի շիրմին ծաղիկներ ու պսակներ դրվեցին, դա ևս մասն է հայկական էսքիզների, որ նա արդեն երբեք չի գրի:
Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էր: Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Կենտկոմի առաջին քարտուղարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և ՀՀ Ազգային հերոսի: Մահից տասը տարի անց «Մալիբու» և «Մետելիցա» սրճարանների միջև կանգնած հուշաքարը Մաշտոցի պողոտայում հավաստում է, որ այդտեղ լինելու է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը: Այսպիսին են մեր չափանիշները 21-րդ դարում` հավաստել և ստել: Եվ եթե ինչ-որ մեկին կարող է թվալ, թե մենք դրանով դավաճանում ենք Դեմիրճյանին, այդպես չէ. մենք դավաճանում ենք ինքներս մեզ:
Ոստիկանության օրը ՀՀ նախագահը սրտանց շնորհավորեց ոստիկանապետից մինչև շարքայիններ ու իրավակարգի պահպանության պատասխանատուներ, շնորհավորեց, պարգևատրեց, գովաբանեց, թե պաշտպանում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ինչը հատկապես կարևոր է երիտասարդ ժողովրդավարությունների պայմաններում: «Եթե քաղաքացին վստահում է իրավապահին, ուրեմն վստահում է պետությանը»,- ասաց նախագահը: Նույն, նախորդ ու հաջորդ օրերին Հյուսիսային պողոտայում միմյանց չվստահող ոստիկաններն ու քաղաքացիները շարունակում էին նույն խաղը` «Էս ծառն իմն է» սկզբունքով` ոստիկանները անհեթեթորեն փակում էին փողոցը, քաղաքացիները նույն անհեթեթ համառությամբ ուզում էին հենց այդ փողոցով, այդ պահին անցնել... Եվ վստահությունը շատ նման էր այն հիպոթետիկ քաղաքացուն, ում անդորրը իրական քաղաքացիներից պաշտպանում էին ոստիկանները:
Հայաստանի և Թուրքիայի մեղրամիսն ավարտվեց, և այս հոռետեսական գնահատականը հնչում է հենց այն աննախադեպ օրերին, երբ Հայաստանում էին Թուրքիայի արտգործնախարարն ու Ադրբեջանի փոխարտգործնախարարը: Նրանք չէին ժամանել պաշտոնական այցերով, բայց ընդունել էին Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու հրավերը, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այդ կառույցում նախագահությունը փոխանցեց ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մահմեդգուլիևին:
Հայ-թուրքական սահմանը այս շաբաթ, բնականաբար, չբացվեց, այս ամիս էլ, ինքնըստինքյան, չի բացվի, այս տարի ևս` հավանաբար, որովհետև, բացի խիստ ընթացիկ խնդիրներից, կան նաև խորքային խնդիրներ, որովհետև երկրներից ոչ մեկը պատրաստ չէ պատասխանելու հիմնական հարցերին` ի՞նչ են ուզում միմյանցից ի վերջո: Թուրքիան խաղում է երկու դաշտերում` անցյալի ու ներկայի` դնելով Կարսի պայմանագրի ընդունման, ուրեմն և` սահմանների ճանաչման հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում էլ հայերի «օկուպացրած» տարածքների վերադարձի հարցը, իսկ ապագայի դաշտում խոստանում է բացել սահմանը: Հայաստանը խաղում է, որտեղ կարողանում է. անցյալի դաշտում չպահանջելով` պահանջում է ցեղասպանության ճանաչում, չհրաժարվելով` հրաժարվում է հողային պահանջից, ընդունելով` չի ընդունում Կարսի պայմանագիրը, ներկայի դաշտում չտալով` տալիս է ազատագրված տարածքները, բայց ոչ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, ապագայի դաշտում ո՞ր հայը Վանա ծովը չի երազում, Վանա տառեխի չտեսած համը քիմքով զգալով։ Դե իսկ սահմանը ֆետիշացնել պետք չէ, իրականում շատ ավելի ռեալ են այն սահմանները, որ մենք ենք մեզ համար գծում, քան այն, որ գծված են պաշտոնապես...
Արտաքին գործերի նախկին երկու նախարարներն այս շաբաթ բացահայտ իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Առաջինը ինքնափառաբանման հերթական ասուլիսը տվեց, երկրորդը հետնախարարական կյանքի առաջին գիրքը հանրությանը ներկայացրեց` նախարարական կյանքից:
Բոլիվիայի նախագահը, բարեբախտաբար, դադարեցրեց հացադուլը. ընդդիմությունը քաղաքական հանդուրժողականության բուռն դրսևորման մեջ ընդունեց նախագահի` ընտրություններ անցկացնելու առաջարկը:
Ապրիլի 13-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հենց Թեհրանում էլ նախագահն ասաց այն, ինչ նրանից սպասում էին. «Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է. Ղարաբաղը որևէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին: Ադրբեջանի հավակնությունները Արցախի նկատմամբ չունեն ո՛չ իրավական, ո՛չ պատմական, ո՛չ բարոյական հիմք: Եվ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները»:
Եթե սրան հավելենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հավաստիացումները, թե Թուրքիան իր եղբայր Ադրբեջանի շահերը երբեք չի շրջանցի, իսկ Ադրբեջանի շահն էլ Լեռնային Ղարաբաղն է, ապա հազիվ թե հոկտեմբերին Անկարա մեկնելիս Սերժ Սարգսյանը բաց սահմանով անցնի, ինչքան էլ ասում է, թե «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչև այսօր դրան պատրաստ չի եղել Թուրքիան: Այժմ կարծես թե նախադրյալներ են ստեղծվում դուրս գալու այն անընդունելի վիճակից, երբ հարևան պետությունները չունեն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ»: Առավել ևս, որ նախագահը շեշտել է, թե Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել` չի նշանակում կասկածի տակ առնել ցեղասպանությունը: ...Եվ թող Հիլարի Քլինթոնն իզուր հույս չդնի իր նոր քաղաքականության վրա, միևնույն է, Լավրովը տարածաշրջանում իրեն, չգիտես ինչու, ավելի լավ է զգում:
Ապրիլի 17-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ու հավելեց` ինչպես նաև Հայաստանը: Ասվածի հավաստումն է այն փաստը, որ երկու երկրների միջև 2008-ին 40 տոկոսով աճել է ապրանքաշրջանառությունը, նաև այն, որ Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել և ամբողջ քանակով գնել գազը: Ապրիլի 17-ին նրանք համագործակցության հուշագիր ստորագրեցին: Լրագրողների համար երկու նախագահները նաև ճեպազրույց տվեցին: Անդրադարձեր եղան Լեռնային Ղարաբաղի հարցին. Մեդվեդևի կարծիքով` խնդիրը կարգավորելու հեռանկարներ կան, պետք է հիմնվել միջազգային իրավունքի նորմերի և փաստաթղթերի վրա, որ ընդունել են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության հանգել, կարևոր է, որ առաջխաղացմանը չխանգարեն երկրորդական, երբեմն` շատ բարդ գործոնները: Ալիևը ևս որոշակի առաջխաղացում է տեսել բանակցություններում, պնդելով, որ խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է: Նա համոզված է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է մոտ ժամանակներում: Իսկ այս շաբաթ արդեն Մոսկվայում է Հայաստանի նախագահը:
Սկսվեց. ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Հայաստանին առաջարկում է 2-3 տարվա ադամանդի պաշար կուտակել` ռուսական «ԱԼՌՈՍԱ»-յից գնելով և վճարելով Հայաստանին հատկացվելիք 500 միլիոն դոլար վարկից, այսինքն` գտնվել է տալով չտալու և այդ ընթացքում շահելու էլ տարբերակ: Թե հենց այս պահին ադամանդագործությունը տնտեսական զարգացման առաջնահերթությունների որ սյունակում է, թող որոշի վարչապետ Տիգրան Սարգսյանը, բայց որոշի-չորոշի, ադամանդագործությունը ծաղկում է ապրելու` Կուդրինն արդեն որոշել է։
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ապրիլի 19-ին պատարագի ժամանակ հարգանքի ու հիշատակի խոսք ասվեց 100 տարի առաջ` 1909 թ. Ադանայի կոտորածների զոհերի հիշատակին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով:
Իսկ ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն նախորդ նախագահների, որ խոստանում ու խուսանավում էին, հայերին ուղղված ուղերձում վերջապես կասի կախարդական բառը` ցեղասպանություն, և ամբողջ հայությունը հանգիստ կքնի գիշերը, իսկ ամբողջ Թուրքիան արթուն կմնա:
Իսկ ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբաման, ի շարունակություն նախորդ նախագահների, որ խոստանում ու խուսանավում էին, հայերին ուղղված ուղերձում վերստին չի ասի կախարդական բառը` ցեղասպանություն, և ամբողջ Թուրքիան հանգիստ կքնի գիշերը, իսկ ամբողջ հայությունը արթուն կմնա:
Ո՞ր տարբերակը կընտրի Օբաման` երեք օրից պարզ կլինի: Քանի օր, ամիս, տարի է պետք, որ պարզ լինի` դարերի ընթացքում հայ ժողովուրդը սպառել է իր բարոյական հաղթանակների լիմիտը, իրական հաղթանակները կառուցվում են ռեալ իրավիճակից, հնարավորություններից ելնելով ու ձեռք են բերվում սեփական ուժերով: Իսկ ամենակարևորը` իրական հաղթանակների համար հարկադրված ես բոլոր ուժերդ կենտրոնացնել ու ընտրել ճիշտ նպատակ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ