«Սերգո ջան»-ը նորից ուզում է լավ ապրել
Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Սերգո Երիցյանը «ցավալիորեն» զրկվեց պետության առաջին դեմքին գիտակրթական խորհուրդներ տալու բարձր իրավունքից։ Ի տարբերություն էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի մյուս խորհրդականների և աշխատակազմի մի խումբ անդամների, Երիցյանին այդպես էլ որևէ պաշտոն չառաջարկվեց։ Ամիսներ շարունակ աչքը ջուր կտրած սպասելուց հետո նախկին խորհրդականի «համբերանքի չիբուխը» պարպվեց, ստիպելով նրան «վիզ ծռել» նախկին պատրոնի՝ Քոչարյանի առաջ, հույս ունենալով, թե վերջինս անձամբ կդիմի գործող նախագահին՝ գիտակրթական ոլորտում իր «գաբարիտներին» հարմար մի փափուկ աթոռ հաջողացնելով։ Նախագահամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանը «Սերգո ջան»-ի խնդրանքը գետնով չի տվել, իրոք էլ դիմել է Սերժ Սարգսյանին՝ վերոհիշյալ հարցն ինչ-որ միջանկյալ լուծմամբ վերջակետելու առաջարկով, ինչն էլ խիստ է զայրացրել երկրիս ղեկավարին։ «Սերգոն այնքան վարկաբեկված է թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում, որ դժվար է պատկերացնել նրան ու Արթուր Բաղդասարյանին կողք կողքի՝ պետական կառավարման նույն համակարգում»,- մոտավորապես այս է ասել իր վաղեմի զինակցին հանրապետության ղեկավարը։ Մի կողմ թողնելով այն իրողությունը, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը քաղաքական և հասարակական շրջանակներում վարկաբեկվածության առումով պակաս ողբալի վիճակում չէ, որքան իր նախկին կուսակիցը, ընդամենը փաստենք, որ իշխանամետ թերթերից մեկն օրերս կոմպրոմատային «նայեզդ» արեց Սերգո Երիցյանի դեմ, պարզ հասկացնելով ընդամենը մեկ բան. եթե չես ուզում կոմպրոմատների ջրից դուրս գալ՝ ջրհեղեղն ընկնել, հույսդ վերջնականապես կտրիր նոր պաշտոն ստանալու հույսից, Սերգո՛ ջան։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ
Միջնորդը
Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս մահացավ մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի մայրը։ Իշխանությունները թույլատրել էին նրան մասնակցելու թաղմանը։ Սակայն, ըստ հավաստի աղբյուրների, այդ օրը Ջհանգիրյանին հաջողվել է նաև բավականին երկար շփվել Լևոն Տեր-Պետրոսյանի և գեներալ Մանվել Գրիգորյանի հետ։ Նրանք երեքով մի քանի ժամ տևողությամբ առանձնազրույց են ունեցել թաղումից հետո։ Հիշեցնենք, որ հենց Գագիկ Ջհանգիրյանն էր հանդիսանում Տեր-Պետրոսյանի և Մանվել Գրիգորյանի փոխհարաբերությունների միջնորդը։ Հիմա, փաստորեն, նախկին նախագահի և պաշտպանության նախկին փոխնախարարի հարաբերությունները վերականգնվել են։
Ուզեցել են վատ, ստացվել է` ինչպես միշտ
Հայաստանի Հանրապետության նախագահ: Այսպես է անվանված նախագահականի կայքէջը: Ասել է՝ ներկայացվում է ոչ թե անձը, այլ առաջին հերթին ինստիտուտը:
Ինքնին հասկանալի է` այնտեղ առյուծի բաժինը պետք է հատկացված լինի գործող նախագահին: Թող որ:
Բացում ես «ՀՀ նախագահներ» պատուհանը: Ընդամենը կենսագրություններն են: Եվ նկարները:
Սերժ Սարգսյանի՝ մոտիկից արված դիմապատկերն է:
Ռոբերտ Քոչարյանը ոտքի է կանգնել (իր նախագահության պատվին երևի), հենվել է աթոռին` երեսունականների ոճով ու խորախորհուրդ նայում է աշխարհին, ժամանակներին, մարդկությանը` գրեթե ողջ հասակով մեկ, իսկ առավել ստույգ` գոտկատեղից վեր (խնդրում եմ` որևէ այլ ասոցիացիա չապրել, եթե անգամ դա վերաբերում է անձամբ պարոն Քոչարյանի մտքերին):
«Թերթում ենք»:
Ահա Տեր-Պետրոսյանը: Նկարը, մյուս երկուսի համեմատ, շատ փոքր է: Թող որ:
Բայց ողջ աբսուրդն այն է, որ ոչ թե նախագահ Տեր-Պետրոսյանի ժամանակվա նկար է, այլ այս օրերի: Իսկ որ ամենաաբսուրդն է` միտինգի տեղից արված. կադրի հետևում էլ լիքը ժողովուրդ` իր իրավունքի, արդարության համար պայքարի ելած:
Փաստորեն, նախագահականում նույնպես կարևորում են ժողովրդական պայքարն ու դրա համար ոտքի կանգնած առաջին նախագահին ու նրա հետևում կանգնած ժողովրդին: Թե՞ համ էլ ինչ-որ բան են հասկացնում... Սերժ Սարգսյանին:
Ի՜նչ իմանաս. անքննելի են նախագահականի գործերը:
Կ. ԴԱՎԹՅԱՆ
Ամերիկյան ներթափանցումն ուժգնանում է
Եկող տարվա հունիսին Ղազախստանում անցկացվելու է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի հերթական գագաթաժողովը։ Կենտրոնական Ասիայի երկրներում դա լինելու է առաջին անգամ, բնականաբար, ամերիկյան նախաձեռնությամբ։ Ի դեպ, հենց ՆԱՏՕ-ի «հովանոցն» է մտադիր օգտագործել ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի երկրների հետ իր հարաբերությունների կառուցման հեռանկարում, թեկուզ և պաշտոնապես տարածաշրջանի պետություններից ոչ մեկը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Այնուհանդերձ, ԱՄՆ-ը մտադիր է կենտրոնասիական երկրներն աստիճանաբար ընդգրկել տարբեր զորավարժությունների և այլ ՆԱՏՕ-ական նախագծերի շրջանակներ, ինչի շնորհիվ էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերը լրջորեն կամրապնդվեն։ Առայժմ միայն Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում է 2001-ից տեղակայված ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համատեղ ռազմաբազան։ Այդ բազայի գործունեությունը պաշտոնապես ուղղված է Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի զորքերի թիկունքի ապահովմանը, սակայն, փորձագետների գնահատմամբ, այն վարում է ինչպես ռազմական, այնպես էլ հատկապես ընդհանուր հետախուզական գործունեություն։ Այս համատեքստում շատ բնութագրական է, որ Վաշինգտոնը տարբեր զիջումներ է արել Ղրղզստանի ղեկավարությանը, բազմիցս ավելացրել բազայի կենսագործունեության համար նախատեսված վճարների չափը։ Միաժամանակ կարծես կանոնավորվում են նաև ԱՄՆ-ՈՒզբեկստան հարաբերությունները, որ լարվածության հասան Անդիջանի հայտնի դեպքերից հետո։ Ճիշտ է, առայժմ չի խոսվում ռազմական համագործակցության վերականգնման մասին, սակայն ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հակված է մեծացնելու իր երկրի դերակատարությունը ՆԱՏՕ-ի աֆղանական օպերացիայի շրջանակներում։ Ըստ այդմ, չի բացառվում, որ ամերիկացի զինվորականներն առաջիկայում վերադառնան ՈՒզբեկստան։ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է նաև Թուրքմենստանի հետ՝ օգտվելով այդ երկրի նախագահ Բերդի Մուհամեդովի կողմից հնչեցված առաջարկից, որ Աշխաբադը պատրաստ է օժանդակելու ՆԱՏՕ-ի գործողություններին Աֆղանստանում։ ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են Կենտրոնական Ասիայի համար, այս տարի արդեն այցելել են Թուրքմենստան և առաջարկել թուրքմենական կողմին՝ ակտիվացնել փոխադարձ կապերն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ուղղակի Պենտագոնի հետ համագործակցությանg գծով։
Ս. ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչո՞ւ է կառավարությունը թաքցնում Վրաստան մուտք գործող գազի գինը
Չնայած Ռուսաստանի ու Իրանի՝ ադրբեջանական գազը միջազգային գներով գնելու գայթակղիչ առաջարկներին, Բաքուն կողմերից ոչ մեկին չընդառաջեց։ Ավելին, Ադրբեջանը հնգամյա պայմանագիր է ստորագրել Վրաստանի հետ այն մասին, որ Թբիլիսիին գազ է մատակարարվելու միջազգայինից երկու անգամ ցածր գներով։ 2007-ին Ադրբեջանը Վրաստանին մատակարարել է օրական 1,3 մլն խմ գազ՝ 100 խմ-ն 120 ԱՄՆ դոլարով։ Այս տարվա գները չեն հրապարակվում, և այդ կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ-ներն աղմուկ են բարձրացրել, թե ինչու է կառավարությունը թաքցնում Վրաստան մուտք գործող գազի գինը։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ է ստանալու Ադրբեջանը դրա փոխարեն։ Սակայն Բաքվում իրենց հաշիվը շատ լավ գիտեն և դեկտեմբերին պատրաստվում են Վրաստանի հետ ևս մի համաձայնագիր ստորագրել, համաձայն որի` երկրի գազաբաշխման ամբողջ համակարգը տրվելու է Ադրբեջանին՝ հավատարմագրային կառավարման։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. «Մենք ներգրավել ենք մի միջազգային ընկերություն՝ Վրաստանի գազաբաշխման համակարգի կառավարման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստելու ուղղությամբ»։ Միաժամանակ ադրբեջանական կողմը մտադրություն ունի մեծացնելու Վրաստանում գազից օգտվող աբոնենտների քանակը ևս 250 հազարով։ Այդ նպատակով ադրբեջանցիները Վրաստանի գազաբաշխման համակարգում կներդնեն մոտ 40 մլն դոլար։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ