ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Այսպիսի փաստաթղթի ընդունումը Հայաստանի քաղաքական օրակարգից դուրս է թողնում ցեղասպանության խնդիրը»

«Այսպիսի փաստաթղթի ընդունումը Հայաստանի քաղաքական օրակարգից դուրս է թողնում ցեղասպանության խնդիրը»
08.09.2009 | 00:00

«ԶԻՆՎԱԾ ԽՈՒՆՏԱ ՉԿԱ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐ ԳՆԱ»
Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված վերջին փաստաթուղթը հայաստանյան քաղաքական ուժերից հատկապես ՀՅԴ-ն խիստ բացասական վերաբերմունքի արժանացրեց։ Այն դեպքում, երբ և՛ միջազգային հանրությունը, և՛ երկրում առկա քաղաքական այլ շրջանակներ ողջունեցին այն։ Արդյոք փաստաթղթում ՀՅԴ-ն ոչ մի դրական միտում չի՞ տեսնում` հարցրինք ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ։
-ՀՅԴ-ն հարաբերությունների հաստատմանը դեմ չէ, այն պարզ տրամաբանությամբ, որ հարևան երկրներն իրար հետ պետք է ունենան բարիդրացիական հարաբերություններ,- ասաց պարոն Շահբազյանը։- Ի դեպ, հիշեցնեմ, որ մենք թուրքերի հետ բանակցել ենք նաև 1918-20 թվականներին, երբ իշխանության գլուխ էինք, այսինքն` չունենք այդպիսի բարդույթ։ Խնդիրն այլ է` պետք է կարողանանք բանակցություններում պաշտպանել մեր շահերն այնպես, որ հայ ժողովուրդն անդառնալի կորուստներ չունենա։ Իսկ կորուստները միայն փոխզիջումները չեն։ Խորհրդային իշխանության տեսքով ռուսական կայսրության վերականգնումից հետո այլ կոնֆլիկտների հետ սառեցվեց նաև հայ-թուրքական հակամարտությունը։ Խնդիրները լուծվեցին մեզ ոչ ձեռնտու իրավիճակում, որովհետև կային ռուս-թուրքական մեծ շահեր։ Վերջիններս լուծեցին հարցն այնպես, ինչպես իրենց էր հարմար` մեզ պայմանագրեր պարտադրելով։ Հակամարտություններն ուղղակի կոնսերվացվեցին։ Քանի որ շատ խնդիրներ բաց մնացին, թուրքերն այսօր անհանգստանում են, որովհետև աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունքում մի օր այդ ամենը ջրի երես դուրս կգա։ Բայց և չպետք է պատրանք ունենալ, թե թուրքերը վախենում են հայերից։ Այսօր այնպիսի վիճակում ենք, որ ինքներս մեզ պաշտպանել չենք կարող, էլ ուր մնաց... Անկախության առաջին օրերից Թուրքիան մտավախություն է ունեցել, որ հայկական գործոնը կարող է օգտագործվել։ Կարսի պայմանագիրը, որ անօրինական էր, քանի որ երկու պետություններ երրորդի համար որոշումներ են կայացրել։ Հիմա թուրքերն անընդհատ ուզում են վերահաստատել այս պայմանավորվածությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչել տալ և այլն։ Հաջորդ վտանգավոր սողանցքներն առնչվում են ղարաբաղյան հիմնախնդրին և ցեղասպանությանը։ Ժամանակին Տեր-Պետրոսյանն էլ մեծ հավաստիացումներ էր տալիս, թե պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Այդ տարիներին տարբեր հանդիպումների ժամանակ թուրքերը միշտ հարցադրում են արել` իսկ դուք պատրա՞ստ եք հրաժարվել ցեղասպանությունից, ԼՂՀ-ից ու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Վերջին տարիներին, կոնկրետ 2009-ին, կրկին թուրքերից ու ադրբեջանցիներից անընդհատ լսում ենք, թե մենք նույն ժողովուրդն ենք, հայ-թուրքական հարաբերություններում չի կարող որևէ խնդիր լուծվել` առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու։ Անգամ, երբ նախաստորագրված պայմանագրի փաստն ակնհայտ դարձավ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ պայմանագրի ստորագրումից թեկուզ մեկ րոպե առաջ անհրաժեշտ է պայմանավորվածություն ձեռք բերել Ղարաբաղի հարցում։ Պետք չէ, որ փաստաթղթում հստակ գրված լինի Ղարաբաղի մասին, որ հասկանանք, թե նախապայման կա։ Պատահական չէ, որ երբ ապրիլին հայտարարություն ստորագրվեց, սկսեց ակտիվանալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը` հրապարակ հանելով մադրիդյան սկզբունքները։ Բայց այս ամենը դեռ փաստաթուղթը չէ, որովհետև նրանում արդեն կոնկրետ կետեր կան` վերահաստատել պարտավորությունները սահմանի վերաբերյալ, տարածքային ամբողջականության ճանաչում, որն ուղղակիորեն առնչվում է ղարաբաղյան հիմնախնդրին։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնական և ոչ պաշտոնական այն տեսակետները, թե արձանագրությունում ո՛չ Ղարաբաղի հարց, ո՛չ Կարսի պայմանագիրը, և ո՛չ էլ ցեղասպանության գործընթացի սառեցման խնդիր կա։
-Թուրքերն այնպես պետք է պայմանագիր կնքեն, որ հայ ժողովրդին խաբեն, կոպիտ ասած, «ֆռռացնեն»։ Եթե պատմական հարթության վրա ենթահանձնաժողովի ստեղծման մասին է խոսքը, նույնը չէ՞, թե պատմաբանների հանձնաժողով է ձևավորվելու։ Խնդիրները երկու երկրների միջև պաշտոնական մակարդակով քննարկվելու են, դրա անունը ենթահանձնաժողով, թե ենթաենթահանձնաժողով կդրվի, ի՞նչ է փոխվելու։
-Փաստորեն, Հայաստանի իշխանությունները գիտակցաբա՞ր են խաբվում։
-Իրենք շատ լավ հասկանում են ստեղծված իրավիճակը։ Գուցե միջազգային ուժերի կողմից նրանց վրա մեծ ճնշո՞ւմ կա։ Որպես աշխարհի կարևորագույն խաչմերուկներից մեկը, Կովկասն այս կամ այն ազդեցության գոտում ներգրավելու խնդիր է դրված։ Սրա համար էլ մրցակցություն է գնում։ Ռուսաստանն իր շահերն ունի, ԱՄՆ-ը` իր։ Անհրաժեշտ է նաև, որ այստեղ կոնֆլիկտներ չլինեն, քանի որ հակառակ պարագայում հնարավոր չէ վերահսկել կամ ուղղորդել դրանք։ Ռուսներն այսօր մերձենում են թուրքերի հետ։ Պատմության ընթացքը ցույց է տվել, երբ նման մերձեցում է լինում, մենք ողբերգություն ենք ապրում կամ կորուստներ ենք տալիս։ Միասնական Կովկաս է ուզում տեսնել նաև ԱՄՆ-ն։ Վերջինս անիմաստ է համարում այստեղ ռուսական զորքի ներկայությունը, եթե բացվում են սահմանները։ Հայ ժողովուրդն էլ, որ պետք է երջանիկ-երջանիկ առևտուր անի Թուրքիայի հետ, մեկ ամիս հետո, երբ կտեսնի, որ ոչ բռնաբարում են, ոչ մորթում, թուրք ասկյարներն էլ Երևանի կառավարության առջև նստած պահպանում են շենքը, կսկսի կամաց-կամաց բթացնել զգոնությունը։ Այս պայմաններում հեշտ է նաև կողմնորոշման փոփոխությունը։ Ասել է` չպետք է չափանիշ դարձնել, որ փաստաթղթի հանդեպ կա միջազգային հանրության դրական կարծիքը։ 1915-ին էլ նույն այդ հանրությունը լռում էր ու դրանով աջակցում թուրքերին։ Հիմա էլ ասում ենք` բա դրսերից էս խելոքներն այսպես են ասում։ Ինձ համար չափանիշ չէ նաև այն, թե երկրի ներսում ով է փաստաթղթին կողմ արտահայտվում, որովհետև նախ պետք է տեսնել, թե ասողն ո՞վ է, ի՞նչ գործի է, իր կենսագրությամբ որևէ հետաքրքրություն ցուցաբերե՞լ է հայկական կորուստների նկատմամբ։ Այնպես որ, այսպիսի փաստաթղթի ընդունումը Հայաստանի քաղաքական օրակարգից դուրս է թողնում ցեղասպանության խնդիրը։ Այն շրջանակներն էլ, որոնք մեզ պաշտպանել են այս հարցում, արդեն տարակուսանքի մեջ են` եթե դուք ձեր դատը չեք պաշտպանում, ինչո՞ւ եք պարտադրում, որ մենք պաշտպանենք։
-Փաստաթղթում առկա վտանգները կանխելու համար ո՞րն է ՀՅԴ-ի դեղատոմսը։
-Նախ պետք է փոխել փաստաթուղթը։ ՀՀ իշխանությունները բանակցությունների ժամանակ պետք է կարողանան իրենց վերապահումները ներկայացնել։ Չեմ կարող ասել, թե իշխանությունները դա կանեն, բայց անհրաժեշտ են ճնշում, քաղաքական խորհրդակցություններ, բանավեճեր, բանակցություններ, ինչին մենք պատրաստ ենք։ Որոշ արտահայտություններ, որ ՀՀ արտգործնախարարությունն է անում, այնպիսի տպավորություն են թողնում, թե ձևական է քննարկումներ ծավալելը, ամեն ինչ արդեն որոշված է։ Ո՛չ, պետք է լինեն իրական քննարկումներ, որպեսզի նախաձեռնություններ ներկայացնենք փաստաթուղթը փոխելու վերաբերյալ։ Եթե իշխանական կողմն այս պահանջներին, անհանգստություններին չարձագանքի, ժողովուրդը պիտի ճնշման միջոցով պարտադրի։
-Նախատեսված է, որ արձանագրությունը պետք է վավերացնի ԱԺ-ն։ ՀՅԴ-ն, չլինելով մեծամասնություն, կկարողանա՞ տապալել դրա ընդունումը։
-Խնդիրը պարզ քվեների մեջ չէ։ Սա քաղաքական ներքին հարց չէ, որ մոտեցումները տարբեր լինեն, այլ ազգային նշանակության խնդիր։ Եթե մի հնչող ձայնն էլ ճիշտ է, պետք է այն լսել։ Կա մի նկատառում ևս. այնպես չէ, որ խնդրով միակ անհանգստացածը ՀՅԴ-ն է, այս հարցի շուրջ պառակտվեց նաև ՀԱԿ-ը, անգամ այդ ճամբարում մարդիկ միատեսակ չեն մտածում։ Այլ խնդիր է, որ մեր հասարակությունն անցած երկու տասնյակ տարիների ընթացքում հոռետեսական տրամադրվածություն ունի, թե շատ բան ինքը չի կարող փոխել։ Խորհրդարան ներկայացնելը նշանակում է նաև քննարկումներ ծավալել ու վտանգավոր կետերը դուրս թողնել փաստաթղթից։
-«Ժառանգությունը» ևս անընդունելի համարեց այդ փաստաթուղթը։ Հնարավո՞ր է ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությունն այս հարցի շրջանակում։
-Համագործակցությունները ճիշտ են լինում հենց կոնկրետ հարցերի շրջանակում։ Իհարկե, հնարավոր է նման համագործակցություն ոչ միայն «Ժառանգության», նաև այլ ուժերի հետ։
-ՀՅԴ-ի հանրահավաքում չբացառվեց, որ ինչ-որ պահի հնարավոր է պահանջեք նախագահի հրաժարականը։ Փաստորեն, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը` ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն», այս հարցի առնչությամբ ունեն ընդհանուր մոտեցում։ Այս հարթության մեջ կստացվի՞ համագործակցությունը։
-Որոշ ուժերի համար կա մի «հրաշք» նպատակ, որ մեր ժողովրդի «փրկությունն» է, «փարոսը»` օր առաջ իշխանափոխություն իրականացնել։ Այնինչ սրանից շատ ավելի կարևոր հարցեր կան։ Կուզենայիք այդ ուժերի տեսակետները լսել մեզ համար կենսական շահերի առնչությամբ։ Հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իշխանության և ՀԱԿ-ի մոտեցումները, կարծես թե, շատ էլ տարբեր չեն։ Ժողովրդավարության հարցում էլ լուրջ կասկածներ կան։ Ասել է` համագործակցենք հանուն ինչի՞։ Էս բոլոր հարցերը մի կողմ դնենք, օգտվենք այն առիթից, որ այսօր իշխանության հանդեպ դժգոհություններ կան ու իշխանափոխությո՞ւն անենք։ Այս ընթացքում վեց շաբաթն էլ կանցնի, այլ-այլ պայմանագրեր էլ կկնքվեն, Ղարաբաղի խնդիրն էլ ուշադրությունից դուրս կմնա։ Զինված խունտա չկա երկրում, որ խմբավորումների միջև պայքար գնա, ու մեծ խնդիրները թողած իրար միս ուտենք։ Այդ մեծ խնդիրները պետք է լուծել։ Ա՞յս իշխանությունն է այսօր երկրի գլուխը, նրա միջոցով պետք է փորձենք խնդիրները լուծել։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ