ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՉԻՆՉ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՉԻՆՉ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ
06.04.2010 | 00:00

Կանանց միամսյակը, վաղվա սպասվելիք տոնը, Մարտի 8-ի նախօրյակին «Սպարտակ» բալետի ևս մեկ բեմելն առիթ դարձան հայացք նետելու առաջին տիկնոջ ինստիտուտին, նրա փոխկապակցումներին մեր կյանքի հետ: Մանավանդ որ այն շատ հետաքրքիր դրսևորումներ ունի մեզանում:
ՏԵՍԱՆԵԼԻՆ
Բաղրամյան 26-ի այսօրվա տիրուհուն թերևս վիզուալ երկու դրվագով հիշենք: Առաջին, երբ նախորդ տարի մանկատան երեխաներին նա հյուրընկալել էր հենց Բաղրամյան 26-ում: Այդ օրը նա իր հետ նախագահական պալատ էր բերել նաև աղջնակ թոռնիկին: Համենայն դեպս` հետաքրքիր էր: Ոչ միայն «փիար» առումով: Կար նաև ջերմություն: Մշակույթ էլ: Մանկատան երեխաների` հանրային կյանքին նորովի ինտեգրման: Ոչ միայն: Սեր էլ կար: Բայց մի չհաղթահարված բան նույնպես կար: Երևի պալատից էր:
Հաջորդ դրվագն ամենասկզբում տեղի ունեցածն էր: Կարող ենք թերևս չհիշել, թե ինչ պայմաններում ապրիլի 9-ին Սերժ և Ռիտա Սարգսյանները մուտք գործեցին Բաղրամյան 26: Նրանց այնտեղ դիմավորել էին Քոչարյանները:
Երբեք չգրվեց այն մասին, թե ինչ սրտով Քոչարյանները լքեցին Բաղրամյան 26-ը: Ինչ թողեցին նոր տերերին: Պետք էլ չէր: Առանց դրան էլ հասկանալի էր. օդի մեջ ամեն ինչ այնպես կենդանի էր:
Համեմատական չենք անցկացնելու առաջին տիկինների միջև, որովհետև դա նուրբ թեմա է ոչ միայն մեզ, այլև համայն աշխարհի համար:
Հենց միայն Սարկոզին ու Բեռլուսկոնին բավարար են հասկանալու, թե ինչ բարդ ոլորտ է տիկնանց ոլորտը: Չմոռանանք տիկին Պուտինային էլ. նա անվերջ բողոքում էր. «Վլադիմիրը շատ ուշ է տուն գալիս»: Ինչ կատարվեց Սանդրայենց տանը մի քանի տարի առաջ, չարժե հարցնել անգամ Սաակաշվիլուն: Իսկ Յանուկովիչի տիկինն ընդհանրապես հետխորհրդային իրականության ամենանուրբ դրվագն է (նա այնքան «домохозяйка» է, որ Յանուկովիչը նրա հետ որևէ պետական-պաշտոնական-մասնավոր այցի չի գնալու. Յանուկովիչն է ասել):
Այնուհանդերձ, պետք է արձանագրել, որ առաջին տիկնոջ ինստիտուտը, արարողակարգ լինելուց զատ, նաև սիմվոլիկաների հզոր շղթա է: Հանգույց, որը տեսանելին ու անտեսանելին միակցում է իրար: Հայտնի է` կնոջ էներգետիկան անչափ նուրբ է. այդ շաղախի մեջ է հնարավոր եփել ամեն ճիշտ բան: Դե, ոնց չհիշես, թե տիկին Օբաման ինչպես էր ամուսնու երդմնակալության պահին ձեռքերում քնքշանքով պահել փոքրիկ, տարօրինակ պայուսակատուփը (չէ, հո չե՞նք ասում, տուփի մեջ օրհնության-մաղթանքների անգլո-սաքսոնական մասունքներն էին), այնուհանդերձ, ՈՒխտի տապանակի այդ փոքրիկ բեռն ինչ-որ մի պահի անհետացավ, և այլևս Միշելի ձեռքում չէր, երբ նա մեկնում էր...
Դառնալով հայոց մեջ այդ ինստիտուտի դերին ու տեղին (տիկին Լուսյան առանձնահատուկ դեպք է, այն պետք է դիտել առանձին), ասելու ենք, որ ճիշտ է, տիկին Բելլայի շուրջն ստեղծվել էր այնպիսի մտայնություն, որ նա ամուսնուց առավել «ուտելի», ըմբռնելի և, ընդհանրապես, բարձր կին է, այնուհանդերձ, մեկ-երկու տարի առաջ երևանյան հայտնի հիվանդանոցի տնօրեններից մեկն այնքան վրդովված ու փաստացի ներկայացրեց, թե ինչպես է տիկինը մոնոպոլիզացնում առողջապահական ողջ համակարգը` կայացած ոլորտները հավաքելով մեկ տանիքի տակ, այդ թվում և` իրենց հիվանդանոցը (ասում են` կրթական համակարգն էլ այնպես` ոչինչ. դպրոցների տնօրենների նշանակումը ևս անցնում էր նրա սրի տակով), արձանագրենք նաև, որ ոսկրածուծի դոնորների հետ կապված ինչ-որ բան է արվում, սակայն իրականում... ուստի տիկին Բելլային թողնենք առողջապահական համակարգի և ծերանոցների խնդիրների հետ միայնակ ու անցնենք առաջ։
Դառնանք օրվա տիկնոջը. հաջորդ տեսանելի դրվագը (շրջանցելով միջոցառումների, գործունեության ամբողջական ցանկը` դետալների մեջ փնտրենք կարևորը) պետք է համարել թերևս նախորդ տարվա Մարտի ութը. փորձ էր արվել պարզապես տոն ստեղծել` Սերովի մասնակցությամբ: Բայց դե, ոնց ասում էին, ակամա սիմվոլիկա էլ էր եղել: «Շարֆիկներով»: Համերգին մասնակից բոլոր կանանց առաջին տիկինը գլխաշոր էր նվիրել` «սիրով և ջերմությամբ» մակագրությամբ: Զատկական տոներն էլ հաջորդել էին, ու Էջմիածնում, Զորավորում զատկական պատարագին` «սիրով և ջերմությամբ» «շարֆիկ»-գլխածածկոցներով կանայք էին` մանուշակագույն, վարդագույն....
Ի դեպ, այս տարվա Մարտի 8-ն էլ հետաքրքիր էր: «Մեր չպատմած հեքիաթների» սկզբունքով էր կառուցվել օրը: Փորձ էր արվել տալ կանանց այն, ինչի կարիքը նրանք ամենից շատ ունեն: Պրագմատիզմի այս աշխարհում: Ջերմություն և սեր: Դարձյալ: Կանայք այդ օրն «Սպարտակն» էին դիտել. առաջին ներկայացումից հետո շատերն էին ցանկացել այն դիտել, հնարավոր չէր եղել, հնարավորություն ունեցան: Սուրճի մեկ հատիկ բաժակի վրա էլ լիքը դրական էներգետիկա էր «նկարվել»` Ակրոպոլիսի պարիսպների պատկերով, վրան գրված` «Սպարտակ», բաժակի մեջ լիքը ջերմություն ու սեր էին «լցվել», նվիրվել կանանց. նրանք էլ այդ էներգետիկան իրենց հետ տարել էին...
Իհարկե, կարելի էր առաջին տիկնոջ ինստիտուտին անդրադառնալ նաև «կանանց ծրագրերի» տեսանկյունից: Դրանք այն ծրագրերն են, որոնք իրականացվում են պետությունների նախագահների այցերին զուգահեռ` առաջին տիկնանց համար, որոնք կրում են պարտադիր-հումանիտար բնույթ, որոնք մեր ասելիքին գուցե շատ բան չավելացնեին:
Եվ այնուհանդերձ, ամենաթարմ օրինակն օրերս Սիրիա կատարած այցն էր: Այն ինքնին էական էր այն առումով, որ ընթանում էր Հայաստանի, ինչու ո՛չ, նաև Մերձավոր Արևելքի համար վճռորոշ ժամանակահատվածում: Հիշենք` Սիրիան խիստ առանձնահատուկ երկիր է ոչ միայն արաբական աշխարհի, այլև ընդհանուր Արևելքի համար: Հատկապես մշակութաբանական տեսակյունից:
Եվ հետո` ՀՀ երրորդ նախագահի ինստիտուտն արտաքին քաղաքական այնպիսի ակտիվ ու եզակի կուրս է իրականացնում, որ երկու տարվա ընթացքում, եթե պատկերավոր ասելու լինենք, երկիր չի մնացել, որ տեր և տիկին Սարգսյաններն այցելած չլինեն: Այնուհանդերձ, անզեն աչքով իսկ նկատելի էր` սիրիական այցը խիստ տարբեր էր: Նախ և առաջ պաշտոնական ընդունելության բարձր մակարդակի և ապա` ջերմության առումով: Դրսևորված թե՛ սիրիական ժողովրդի, թե՛ հայ համայնքի կողմից:
Տաք Արևելքն իրեն տեսցրել էր նաև առաջին տիկինների ծրագրում: Երկուստեք: Նախ` այցին Ռիտա Սարգսյանը պատրաստվել էր բավականին երկար ու հանգամանալից: Գեղագիտական կենտրոնի երեխաներին խնդրել էր նկարել տաք` վառ գույներով կտավներ, որոնց մեջ կանաչը պետք է շատ լիներ: Կարմիրն ու դեղինն էլ պետք է շատ լինեին: Արև պետք է լիներ: Էլի` շատ-շատ: Նկարող երեխաներն ու ինքն այդ գործն արել էին չափազանց զգուշությամբ, հոգածությամբ ու սիրով... նկարները պետք է նվիրվեին Սիրիայի` քաղցկեղով հիվանդ փոքրիկներին: Տիկին Ասման (Սիրայի առաջին տիկնոջ ծրագրի մեջ է քաղցկեղով երեխաների խնամքը) ասել էր` Հայաստանից, իրոք, արև էր բերվել, տաքություն ու օրհնություն էր բերվել մեր երեխաներին:
Ի դեպ, ոչ միայն: Նույն Հայաստանի առաջին տիկինը մեկ այլ հետաքրքիր նախաձեռնությամբ էլ էր հանդես եկել այդ այցի ընթացքում: Այն կրկին առնչվում էր «Սպարտակին»: Տիկին Ռիտան մտածել էր` պետք էր այնպիսի բան տանել Սիրիա, որը նախ կբացեր հայ կոդը սիրիացիների համար, և հետո` կընդհանրացներ երկու «տաք» ազգերին միմյանց հետ` մշակութաբանական առումով... ՈՒ սիրիացիները կլանված, գամված դիտել էին հայերի «Սպարտակը»:
Հիշենք` Սիրիան բալե՜տ չունի: Էլի նույն տիկին Ասման ասել էր (նա եվրոպաներում կրթված բարձրաշխարհիկ տիկին է). «Այնուհանդերձ, երբեք չէի պատկերացնի, որ երկու ժամ և այդքան կլանված` կդիտեմ այդ բալետը: Շնորհակալություն»:
Ի դեպ, երկու նվագախումբ էր նվագում այդ օրը` հայկական և սիրիական. սիրիացիներն ահավոր զարմացած էին` այդքա՜ն կարճ ժամկետում հայկական նվագախումբը կարողացել էր սիրիական նվագախմբին սովորեցնել «Սպարտակ» կատարել:
Դիտարկենք մեկ հետաքրքիր վիզուալ դետալ ևս և անցնենք բուն գործին: Որքան էլ տարօրինակ, դժվար է պատկերացնել, որ արդարության հետ կապված որևէ մեկը դիմի առաջին տիկնոջը: Այդպիսիք եղան այս դեպքում. Կարինե Խոդիկյանի և Զարուհի Փոստանջյանի նկատմամբ թերթերից մեկի անթույլատրելի դրսևորման առնչությամբ: Նման կարգի մեկ այլ դեպք արձանագրվեց «Եվրատեսիլի» մրցույթի մասով:
Ասել է` ենթագիտակցական պաշտպանության ֆոն կա, ըստ ամենայնի, ՀՀ առաջին տիկնոջ շրջակայքում, ինչն իսկապես հետաքրքիր է, որովհետև բնության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում;
Ավարտելով առաջին տիկնոջ «վիզուալ» թեման, նկատենք, որ փոխառնչությունների առումով հետաքրքիր բան տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ ևս, նույն նախագահականում. տիկինն այս անգամ ընդունելության էր հրավիրել բարձր դասարանցի դպրոցականներին:
Կտրուկ չհնչի, այնուհանդերձ, բեկումի պես բան, ներքին մի ռիթմ կար այդ հանդիպման ժամանակ: Յուրօրինակ տրանսֆորմացիա էր տեղի ունեցել: Սառը աչքերով Սերժը, որը երբեք դուրս չի գալիս իր ներսի «շինելից» (միայն մեկ անգամ` Բանակի 15-ամյակի օրը նրա աչքերը տաքացել էին, ու կարոտն էր վազել նրանցում` դեպ հայոց բանակ ու դեպ հայ զինվոր), այդ օրը նույնպես փոքր-ինչ այլ էր. տեր և տիկին Սարգսյանները մի տեսակ խիստ մարդկային, յուրօրինակ տաք մթնոլորտ էին արտածում (պալատը հաղթահարվա՞ծ էր), ու երիտասարդ դպրոցականներն էլ տանտերերի հետ` կենսունակ, կենսուրախ, իսկ որ կարևորն է` խիստ ներդաշն էին, և այդ աուրան տարածվում էր երկրի վրա:
ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ
Փոփոխվող աշխարհակարգը, արագացող վիբրացիաները նոր իրողություններ ու առաջադրանքներ են պարտադրում: Դեպ «վեցերորդ ռասա» գնացող աշխարհը փայլուն հասկանում է` վիզուալ էներգիան ու շարժն այլևս անկարող են զարգացում ապահովել: Նոր տիպի մարդ, նոր տիպի էներգիա է առաջանում, որն առաջնահերթությունների բոլորովին այլ մոդել է նախընտրում: Նկատենք` վաղուց արդեն քաղաքականությունն ու արվեստը կառուցվում են ենթագիտակցական մակարդակի, հոգևոր գիտականության վրա։ Իրական պայքարն ընթանում է վիրտուալ տարածքում, մարմնից, առարկայացումից դուրս, ուր մատերիան ու գիտելիքն էական, բայց որոշիչ չեն. շնորհն է գերակա, տեսանելին «խփվում» է անտեսի կողմից: Մեզանում նույնպես որսվում է այդ «ալիքը»:
Դառնալով մեր քննության թեմային, ասենք շատ կարևոր մի բան. այնտեղ, որտեղ «վերջանում» է Սերժ Սարգսյանը, սկսվում է Ռիտա Սարգսյանը: ՈՒ երբ վերջնականապես միմյանց «կհանդիպեն» առաջին տիկինն ու նախագահը (խոսքը լոկ ինստիտուտների մասին է), ապա իրական հատման կետը կդառնա այն գեներացիան, որը նոր որակ կբերի երկուսին էլ: Երկրին էլ: Բոլորիս էլ:
Եվ ուրեմն, երբ այսօրվա առաջին տիկինը կհասնի նրան, որ նրա մեջ կարձակվի շնորհի լիարժեք պոտենցիալը, ներհայեցական, թաքնված ներքին ուժը, որն այս պահին ունի անկեղծության, անմիջականության, ջերմության դրսևորում (որը տաք սրտի արտահայտություն է, իսկ սրտին լսելն ամենակարևորն է, Կոելյոն էր ասում), ու երբ ամեն բան կհասնի իր լրումին ոչ միայն դպրոցականների, այլև մնացած ձեռնարկների դեպքում, այդ նոր ռեակցիայից լրիվ նոր հավասարում կստացվի:
ՈՒ թե նախագահականում հաջողեն, ապա նոր հավասարման դեպքում շատ բաների բաղադրություն կփոխվի մեզանում: ՈՒ վստահության հսկա դեֆիցիտ ունեցող, մազե կամրջի վրայով քայլող, ահավոր մարտահրավերների առջև կանգնած, տեսակաբանության փոփոխության դիլեման մաշկի տակ պահող Սերժին, որին որպես «տոլչոկ» տրված են գրեթե դարերի պրոբլեմ-ցավերը` հայ-թուրքական, ղարաբաղյան, որ պետք է նաև կարենա հավաքել նախկին երկու նախագահների` Լևոնի, Քոչարյանի վիզուալ, հորիզոնական, ուղղահայաց կապակցումների ծայրերը, մեծ օգնական է պետք լինելու:
Հիշենք. «ցավերի» կողքին տիեզերքում կա նաև հաղթող ուժը: Դա շնորհի ուժն է: Ազգերը մեծ չեն իրենց տարածքներով ու թվով, ազգերը մեծ են իրենց ներքին ուժով ու էներգետիկայով: Իսկ հայը շնորհի ազգ է: ՈՒ ամենքիս մեջ կա այդ շնորհը` քնած կամ արթուն:
Վերադառնանք խնդրին. և ուրեմն` նախագահական այս զույգի ողջ հմայքն այն է, որ պետք է բացի նոր էներգետիկայի ճամփեն, ապահովի անցումի տրանսֆորմացիան:
ՈՒ, ըստ ներքին «աչքի», այո, Սերժին օժանդակություն կգա հենց «այդ կողմից» (շնորհը, տաք սիրտը նրա տիկնոջ մեջ առկա են. մնում է բարդ անցումով հասունացնել ճիշտ հորդումի «պահը»), իսկ այդ ռեակցիայի բաղդատումից հետո արդեն վրա կհասնի նաև տեսակի օժանդակությունը, որն ամենաուժեղն է տիեզերքում:
Մնում է սպասել:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ