Եվրոպան դեռ Հին Հռոմի ժամանակներից բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացներ է վերապրել` քիչ թե շատ հաջողված սրբազան Հռոմեական կայսրությունից սկսած մինչև արյունալի Երրորդ ռայխի ձևավորումը։ Իսկ այսօր մենք ականատես ենք դառնում Հին աշխարհամասի միավորման ավարտական փուլին։ Դա հնարավոր դարձավ Չեխիայի առաջնորդ Վացլավ Կլաուսի գրչի շարժումով, որը երկարատև կասկածներից հետո ստորագրեց Լիսաբոնյան համաձայնագիրը և դրանով իսկ հիմք դրեց նոր համաշխարհային տերության ծնունդին` Բրյուսել մայրաքաղաքով։ Ընդ որում, խորհրդանշական էր, որ դա տեղի ունեցավ Բեռլինի պատի փլուզումից ուղիղ քսան տարի անց, իսկ այդ պատը մայրցամաքի տարաբաժանման երբեմնի խորհրդանիշն էր։
Վերլուծաբաններն այժմ կրկին խոսում են «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծելու հնարավորության մասին, իսկ Լեհաստանի նախագահն ինտերնետով 6300 դոլարով վաճառեց իր այն գրիչը, որով ստորագրել էր Լիսաբոնյան համաձայնագիրը։ Գումարը կհատկացվի շարժունակության պրոբլեմներ ունեցող երեխաների բուժմանը։ Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս բոլոր պետությունների ղեկավարները ողջունեցին Եվրամիության լիազորությունների ընդլայնման փաստը համաշխարհային թատերաբեմում, քանի որ Լիսաբոնյան համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտվեց, և Եվրամիության ռեֆորմը մտնում է վերջնական փուլ։ Ինչպես հայտնի է, Լիսաբոնյան համաձայնագիրը փոխարինելու եկավ Մաաստրիխյան համաձայնագրին և Հռոմի պայմանագրին։ Այս փաստաթուղթը փրկօղակ էր 2007-ին եվրոպական սահմանադրության տապալումից հետո և նպատակ ունի Եվրամիությունը վերածել քաղաքական գործունակ ինստիտուտներ ունեցող միավորման։ Լիսաբոնյան համաձայնագիրը ենթադրում է կենտրոնացված կառավարում, կառավարման համակարգի համապատասխանեցում Եվրամիության բոլոր երկրներում, նոր լիազորություններ է ընձեռում եվրոպական խորհրդարանին, հաստատում է Եվրամիության նախագահի և արտաքին քաղաքականության հարցերով կոմիսարի պաշտոնները, որոնցից վերջինն ունի արտգործնախարարի լիարժեք գործառույթներ։
Նոր պաշտոնատար անձինք իրավունք կունենան խոսելու միասնական Եվրոպայի անունից, մշակելու ընդհանուր պաշտպանական և արտաքին քաղաքականություն։ Այսինքն, Եվրամիությունը վերջապես պատասխան տվեց Հենրի Քիսինջերի «ճակատագրական» հարցին, թե Եվրոպայում հայտնի չէ` ո՞ւր և ո՞ւմ զանգահարել անհրաժեշտության դեպքում։ Այսպիսով, հաստատվում են խաղի նոր կանոններ, երբ եվրոպական խորհրդարանի որոշումներն այլևս ընդունվելու են ձայների մեծամասնությամբ, այլ ոչ թե նախկինի պես մասնակից երկրների միջև կոնսենսուսի ձևավորմամբ։ Եվրոպական խորհրդարանի լիազորությունների ընդլայնումը, անկասկած, ամրապնդելու է ժողովրդավարությունը Եվրամիությունում, որովհետև դա միակ մարմինն է, որ ձևավորվում է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների ուղղակի ընտրությամբ։ Քաղաքացիների իրավունքները ևս ընդլայնված են, ու այսուհետ եվրոպական ցանկացած երկրում մեկ միլիոն ստորագրություն հավաքող նախաձեռնությունն ինքնաբերաբար քննարկվելու է Եվրոպական հանձնաժողովում, վերջինս էլ պարտավոր է պաշտոնական որոշում ընդունել այդ կապակցությամբ։ Որպես նորույթ, ամրագրված է այն, որ Եվրամիության անդամ յուրաքանչյուր երկիր հնարավորություն ունի դուրս գալու միության կազմից։ Այսուհետև գոյություն է ունենալու Եվրամիության ներքին շուկա, ինչն իր հետ շարքային քաղաքացիների համար բերելու է մի շարք դրական ձեռքբերումներ. գործազրկության կրճատում, սոցիալական առաջընթաց, բնապահպանության բարձր մակարդակ, ազգային խտրականության բացառում, սոցիալական արդարության հաստատում, երեխաների իրավունքների պաշտպանություն և այլն։
Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ Լիսաբոնյան համաձայնագրի ստորագրման գործընթացում ի հայտ եկավ այնպիսի ճկուն մոտեցում, ինչպիսին է` նպատակն արդարացնում է զիջումները։ Միասնական Եվրոպայի գաղափարի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունք ունեցող Մեծ Բրիտանիան, մտնելով Եվրամիության մեջ, չի հրաժարվելու իր ազգային արժույթից` ֆունտից։ Կաթոլիկ Իռլանդիան ու Լեհաստանը բանակցությունների ընթացքում իրենց իրավունք են վերապահել շարունակելու արգելել աբորտները և միասեռ ամուսնությունները։ Իռլանդիան նաև իրեն իրավունք է վերապահել սեփական կոմիսարն ունենալու Եվրամիությունում, կարող է առանց մյուսների հետ համաձայնեցնելու արտոնյալ հարկային ռեժիմ սահմանել իր տարածքում, ինչպես նաև շարունակել ռազմական չեզոքության իր վաղեմի քաղաքականությունը։ Չեխիան և Սլովակիան որոշ փոփոխություններ են պահանջել մարդու և քաղաքացու իրավունքների եվրոպական խարտիայում։ Բացի այդ, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը երկար ժամանակ չէր ստորագրում համաձայնագիրը` մտավախություն արտահայտելով, որ դրա դրույթները հնարավորություն կտան վերանայելու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և բազմամիլիարդ պահանջներ ներկայացնելու Չեխիային` սուդետական գերմանացիների արտաքսման հետ կապված։ Երկրորդ համաշխարհայինից հետո, այսպես կոչված, «Բենեշի օրենքով» Չեխիայից արտաքսվել է երեք միլիոն գերմանացի, և այս գործընթացն ուղեկցվել է նրանց մարդկային ու գույքային իրավունքների կոպիտ ոտնահարումով։ ՈՒ թեպետ այն ժամանակ Եվրոպայի սահմաններն էլ զգալի փոփոխության ենթարկվեցին, այնուհանդերձ, որպեսզի չեխերին հանգստացնի, Գերմանիան հայտարարեց, որ Չեխիայից որևէ պահանջ չունի։
Եվ ահա մի քանի օր հետո, նոյեմբերի 11-12-ին, Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության ղեկավարների արտահերթ հանդիպում, որտեղ կընտրվեն Եվրամիության նախագահը և արտաքին գործերով եվրոպական կոմիսարը։ Ըստ այդմ, այսօրվա գլխավոր ինտրիգը հենց այն է, թե ովքեր կզբաղեցնեն այդ կարևորագույն պաշտոնները։ Միասնական Եվրոպայի ապագայի նկատմամբ վերապահություն ունեցողները համարում են, որ դա պետք է լինի չափավոր ու համեստ քաղաքական գործիչ` պատրաստ դառնալու Եվրամիության բոլոր երկրների հավատարիմ ծառան։ Միավորման գործընթացը ոգևորությամբ ընդունողները, հակառակը, համարում են, որ պետք է լինի ուժեղ անհատ, ով պատրաստ է գործադրելու ստորագրված պայմանագիրը և կոնսենսուս ապահովելու բոլոր եվրոպական երկրների միջև։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, օրինակ, ցանկանում է այդ պաշտոնում տեսնել ծանրակշիռ քաղաքական գործչի` Անգլիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին։ Այս գաղափարը ողջունում է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով թեկուզ և ուղղակի առնչություն չունի Եվրամիության հետ, սակայն կարող է որոշակի ճնշում գործադրել։ Եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ նախընտրում են Եվրամիության նախագահի պաշտոնում տեսնել ավելի «փափուկ» գործիչների, ինչպես, օրինակ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը, Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆինլանդացի Մարտի Ախտիսաարը։ Եվրամիության արտգործնախարարի պաշտոնը, մի շարք փորձագետների կանխատեսմամբ, առանց խոչընդոտների կարող է զբաղեցնել Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։ Վերջինս, ի դեպ, ռուսական «Հյուսիսային հոսք» գազամուղի նախագծի մոլի հակառակորդներից է և սուր քննադատում էր Ռուսաստանին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։
Սակայն պրոբլեմն ակնհայտորեն միայն այն չէ, թե ինչպիսին է լինելու Եվրամիության արտաքին քաղաքականությունը։ Ներքին խնդիրները ևս քիչ չեն։ Չեխիայի նախագահը նախադեպ ստեղծեց` համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարելով, որ չնայած Սահմանադրական դատարանի դրական եզրակացությանը, Չեխական Հանրապետությունը, միևնույն է, դադարելու է ինքնուրույն պետություն լինելուց, և դա միանգամայն օրինական է դարձնում հասարակության այն հատվածի ջանքերը, որը հանդես է գալիս Եվրամիությունից առհասարակ դուրս գալու օգտին։ Եվրոպայի փոքր երկրների մտավախությունները շարունակում են խմորվել։ Կա հակադրություն նաև Եվրոպայի արևմտյան ու արևելյան հատվածների միջև. արևմտյան մասը մեծ ցանկություն չունի բարձր կենսամակարդակ ապահովելու «արևելաեվրոպական հացկատակներին»։
Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերն արդեն ակնարկել են, որ մտադիր են իրագործել երկմակարդակ Եվրոպայի գաղափարը։ Այսինքն, նրանք, ովքեր Փարիզի և Բեռլինի առաջնորդությունը կընդունեն, իսկապես առաջ կգնան, իսկ ովքեր` ոչ, կարող են մնալ սեփական գավառական գոյության մեջ խեղդված։ Մանավանդ որ առայժմ շատ բան չի հաջողվում արևելաեվրոպական երկրների տնտեսությունն արևմտաեվրոպական հատվածի մակարդակին հասցնելու ուղղությամբ։ Եվ դա էլ իր հերթին կարող է տապալել միասնական ու համաչափ զարգացած Եվրոպա ունենալու այնքան դուրեկան գաղափարը։
Մյուս կողմից, Եվրամիության նոր անդամների միջև դեռևս մնում են չլուծված բազմաթիվ խնդիրներ։ Եթե Արևմտյան Եվրոպայում ազգայնականությունը չեզոքացված է կամ ընդունել է բոլորովին այլ դրսևորումներ, ապա այդպես չէ աշխարհամասի արևելյան հատվածում։ Սլովակիայի և Հունգարիայի հարաբերություններն այսօր գրեթե պատերազմական են, Հունգարիայում հարևան պետության հյուպատոսություններն են ջարդուփշուր անում, իսկ սլովակյան հունգարները հանդես են գալիս բողոքի ցույցերով։ Եվ դա միասնական Եվրոպայում, ուր գործնականում սահմաններ արդեն չկան։
Ջոն Կրեմպը` անգլիական իմպերիալիզմի այդ դասական ներկայացուցիչը, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին գրել է. «Մեծ ազգերն իրենց ճակատագիրը կերտելիս հենվում են առաջին հերթին սեփական ուժերի, ոչ թե միությունների, կոալիցիաների կամ պայմանագրերի վրա, որքան էլ դրանք ամուր ու անքակտ թվան։ Աղետի պահին ցանկացած ազգի սրտում արթնանում է առողջ, գազանային բնազդը»։ Այս իրողությունից ելնելով` չպետք է անտեսել նաև Եվրամիությունում առկա բանավեճերն ընդլայնման կապակցությամբ։ Բայց, այնուհանդերձ, այն կարող է վերածվել բոլոր եվրոպացիների համար ընդհանուր տան, և ինչպես ժամանակին ասել է Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը, «Եվրոպան, ի վերջո, պետք է կարողանա շնչել երկու թոքերով»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ