ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե ճգնաժամը 2-3 տարի տևի, վախճանը պատերազմներն են»

«Եթե ճգնաժամը 2-3 տարի տևի, վախճանը պատերազմներն են»
12.05.2009 | 00:00

«ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ` ՎԱՂԸ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ, ՄԵՆՔ ԷԼ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆՔ, ՀԵՏՈ՞...»
«Ֆինանսատնտեսական ճգնաժամը մնում է միջազգային մակարդակով թիվ 1 տնտեսական խնդիրը: Ձեր կարծիքով` Հայաստանն ունի՞ ճգնաժամի դիմակայման բավարար միջոցներ»,- այս հարցով սկսեցինք զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՐԻՑ ՄԱՐՔՍ ՈՒ «ԿԱՊԻՏԱԼ» Է ԸՆԹԵՐՑՈՒՄ` ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԳՏՆԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ»
-Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, բնականաբար, Հայաստանի վրա ևս պիտի ազդեր,- փաստեց պարոն Սահակյանը:- Կարծում եմ` Հայաստանում և ընդհանրապես փոքր պետություններում ճգնաժամն ավելի հեշտ հաղթահարելի կլինի, և մենք ճգնաժամից ավելի շուտ ենք դուրս գալու, մանավանդ առաջիկա ծրագրերի կատարումով. նոր ատոմակայանի շինարարությամբ, որ ոչ միայն աշխատատեղեր կստեղծի, այլև ֆինանսական մեծ հոսքեր կբերի, Իրան-Հայաստան ՀԷԿ-երի կառուցմամբ, որ արդեն նախագծային վիճակից դուրս է եկել, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությամբ... Առաջիկա տարիներին մենք բավականին լուրջ տնտեսական զարգացումներ կունենանք: Այդ ծրագրերը 1,5-2 տարուց կսկսեն իրականացվել:
-Այդ 1,5-2 տարին դիմանալու համար մեզ ի՞նչ է պետք:
-Բյուջեի սոցիալական մասը միշտ ապահովված կլինի` ժամանակին կստացվեն նպաստները, թոշակները, աշխատավարձերը: Գյումրիում մինչև 2012 թ. շինարարությունը մեծ թվով աշխատատեղեր կապահովի: Շինարարական նպատակներով բյուջեից 20 միլիարդ դրամ է հատկացվել, որ կիսակառույցները ավարտին հասցվեն: Մենք նաև գյուղատնտեսական ծրագրեր ունենք, որոշակի ներդրումներ է կատարում «Եվրասիա» բանկը, ֆինանսական շրջանառությունն ավելի արագ ընթացք կստանա, ինչը իսկապես կնպաստի տնտեսության զարգացմանը:
-Եթե Ռուսաստանից խոստացված վարկերն ուշանան կամ չստացվեն, կարո՞ղ ենք մեր ռեսուրսներով տարին փակել` նկատի ունենալով, որ առաջ արտերկրից բավականին գումարներ էինք ստանում, հիմա ճգնաժամի պատճառով գումարներ ուղարկողներն են վերադառնում ու համալրում գործազուրկների թիվը:
-Վստահաբար արդեն աշնանը որոշակի տնտեսական հաջողություններ կունենան եվրոպական երկրները, նաև ԱՄՆ-ը, նոր զարգացումներ կլինեն տնտեսության մեջ, Ռուսաստանում` մի քիչ ավելի ուշ... Շատ լուրջ խնդիր ունենք ոչ միայն դրսից եկած գումարների նվազման առումով, այլև մեր շատ հայրենակիցներ Ռուսաստանում աշխատանք չունենալու պատճառով այսօր Հայաստանում են և փորձում են իրենց գոյության խնդիրը լուծել: Խնդիրների լուծման ճանապարհները տարբեր են, պիտի մեր ռեզերվներն օգտագործելով` ծայրը ծայրին հասցնենք: Իհարկե, ճգնաժամն ավելի շատ խփելու է սոցիալապես անապահով խավին: Ես կարծում եմ, որ շատ ծանր վիճակներ կունենանք, բայց կհաղթահարենք, այնպես պիտի անենք, որ ժողովուրդը պաշտպանված լինի:
-Արդյո՞ք ֆինանսատնտեսական ճգնաժամը հետևանք չէ հասարակության արժեհամակարգի փլուզման, երբ կառավարման մեխանիզմները ջարդվում են, չեն կարողանում կանոնակարգել կամ կառավարել: Սովորաբար ճգնաժամի մեջ տեսնում են միայն վատը, բայց ճգնաժամը դառնում է տնտեսական, քաղաքական զարգացման խթան` բերում է անխուսափելի փոփոխություններ, կառավարման նոր համակարգ...
-Սովորաբար ճգնաժամերի պատճառով ստեղծվում են նոր իրավիճակներ, անցյալում հաճախ ճգնաժամը հանգեցնում էր պատերազմի: Այս ճգնաժամը պատերազմի վտանգ չունի: Ես կարծում եմ, որ ճգնաժամը տարեվերջին արդեն չի լինելու, և սկսվելու է տնտեսական զարգացում, ընդդիմախոսներս փորձում են հաստատել, որ դա 2-3 տարի կտևի: Եթե այդքան տևի, վախճանը պատերազմներն են... Աշխարհի մեծ պետությունները բավականին լուրջ բանաձևերի մասին են մտածում, տնտեսական ճգնաժամն առաջացավ ֆինանսական ճգնաժամից, 20-րդ դարի սկզբների ճգնաժամը գերարտադրության ճգնաժամ էր, այս ճգնաժամը ֆինանսական փոխհարաբերությունների, արժույթի փոփոխությունների հետևանք էր և տնտեսության վրա ազդեցություն ունեցավ: Ժողովրդավարությունը հասցրեց նրան, որ պետությունը տնտեսության մեջ իր դերակատարումը պիտի չունենա, հիմա աշխարհը գնում է հակառակ ճանապարհով` պետությունը պիտի վերահսկի տնտեսությունը... Ժամանակին ասացին` Մարքսի «Կապիտալը» շատ վատն է, հիմա ամբողջ աշխարհը նորից Մարքս ու «Կապիտալ» է ընթերցում` ինչ-որ բան գտնելու հույսով: Յուրաքանչյուր ժամանակաշրջան դատապարտում է անցյալը, բայց այն դեպքում, երբ նոր մոդել է գտնում:
«ՄԵՆՔ ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԵՆՔ ՈՒԺԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԳՆԱԼՈՎ ԿԹՈՒԼԱՆԱ, ԵԹԵ ՉՈՒՆԵՆԱ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
-Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրն էլ ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալն էր: Քաղաքական դաշտում ի՞նչ փոխվեց, դաշնակցությունը, Ձեր գնահատականով, հայտնվելու է ընդդիմադի՞ր դաշտում, թե՞ լինելու է միջանկյալ դիրքում:
-Այսօր ՀՅԴ-ն տարբեր հարվածներ է ստանում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Մենք նորից գնացինք հին ճանապարհով, որ մեր հավատամքից էր բխում: Հիշում եք 1999-ը, երբ Հանրապետականն իշխանության եկավ, մենք նույնիսկ կոմունիստ նախարար ունեինք, փորձեցինք իշխանության մեջ նաև ընդդիմադիրներին ներգրավել:
-Որքան հիշում եմ` «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո խորհրդարանում միակ դեպքն էր, երբ ընդդիմադիր հանձնաժողովների նախագահներ են եղել:
-Այո՛, մենք միշտ պատրաստակամ ենք միասին գործելու, այսօր ոչ թե ՀՅԴ-ն հանձնաժողովների նախագահների տեղն ապահովելու միտում ունի, այլ մենք ինքներս զսպման մեխանիզմներն ուժեղացնելու համար գնացինք այդ ճանապարհով: Քաղաքական մեծամասնությունն արտահայտված է բոլոր հանձնաժողովներում, պատգամավորներն աշխատավորներ չեն, և հանձնաժողովի նախագահն էլ նրանց պետը չէ: Այս քայլը եվրոպական երկրներում էլ են օգտագործում: ՀՅԴ-ն ևս մի հայտարարությամբ հանդես եկավ` որպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ, որ իրենք այլընտրանք են, այսինքն` տարաձայնությունները վերաբերում են ծրագրերին, իսկ դա կլրացնի քաղաքական դաշտի բացը: Ըստ էության` մենք հիմա Հայաստանում ունենք ուժեղ իշխանություն, որը գնալով կթուլանա, եթե չունենա ուժեղ ընդդիմություն: Տա Աստված, որ ընդդիմադիր ուժերը լինեն ավելի կառուցողական, ավելի ուժեղ: Շատ դեպքերում մարդիկ կառուցողական ընդդիմությունը շփոթում են արմատական ընդդիմության հետ, այսինքն` Հայաստանում թույլ են ծրագրային մարտերը, ավելի շատ անձնական մարտերի դաշտում են իրադարձությունները, քան այլընտրանքային ծրագրերի: Ես կարծում եմ` դաշնակցությունը որպես դասական կուսակցություն կկարողանա այդ դերը ստանձնել, բայց և ակնկալում եմ առողջ ընդդիմություն, որը ոչ թե մարտնչում է հեղափոխությունների ճանապարհով ինչ-որ բանի հասնելու համար, այլ կոնկրետ ծրագրերի ճանապարհով: Երբ 3-րդ գումարման խորհրդարանում ընդդիմությունը տարիուկես բոյկոտեց աշխատանքը, ամենածանր տարիներն էին, որովհետև քո ստանձնած դերակատարմանն ավելանում էր մեկ ուրիշ դերակատարություն ևս` ինքդ պիտի ստանձնեիր քո ընդդիմության դերը: ԱԺ-ում այս պահին ՀՅԴ-ն գնում է դեպի ընդդիմություն, չորրորդ գումարման ԱԺ-ն ձևավորվեց առանց ընդդիմության:
-Իսկ «Ժառանգությո՞ւնը»...
-«Ժառանգությունը» նոր իրավիճակի երևույթ էր, երբ ժողովուրդը որոնում էր նոր ընդդիմություն, բայց այդտեղ էլ քաղաքական գործիչներ չկան, ավելի շատ վանկարկում են, քան ռեալ որևէ բանի մասին են խոսում: Օրենք են ներկայացնում Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին և ոչ մի քաղաքական ուժի հետ չեն ուզում քննարկել, թե ինչ արդյունքներ է բերելու: Կամ` Սումգայիթը ցեղասպանություն համարելը... «Ժառանգությունը» դեռևս ոչ փորձառու քաղաքական ուժ է, որի թուլությունը տրամաբանորեն հարվածում է հենց մեզ: Մենք ուժեղ ընդդիմության հետ ենք աշխատել, և դրանք երանելի ժամանակներ են եղել, որովհետև բանավեճ կար, քննարկումների թեմաներ կային, ու բանավեճն էլ առարկայական էր, դա նաև հզորացրեց երկիրը:
«ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ ՀԱՅԸ ՊԻՏԻ ՓՈԽԻ, ՈՐՊԵՍԶԻ ՎԱՆՆ ԷԼ ՈՒԶԻ, ԱՆԻՆ ԷԼ ՈՒԶԻ»
-Ձեր կարծիքով` հայ-թուրքական հարաբերություններում հնարավո՞ր են փոփոխություններ մինչև տարեվերջ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում... Եվ ի՞նչ գնով, ի՞նչ է իրենից ներկայացնում «ճանապարհային քարտեզը», ա՞յն, ինչ «Սաբահը» հրապարակել էր:
-Այդ ամենը, նախ, գին չունի: Որևէ նախապայման արդեն դուրս կբերի հարաբերությունների այլ դաշտ. մենք կհայտնվենք «ինչ ունենք` ունենք» վիճակում. կորուստներ չենք ունենա, բայց չենք ունենա արդյունքներ: Մենք գնում ենք առանց նախապայմանների մոտեցման ճանապարհով, մեծ պետություններն էլ ողջունում են այդ դիրքորոշումը: Միամիտ պիտի լինել` կարծելու, թե բոլոր խնդիրները միայն Հայաստանից և Թուրքիայից են կախված: Սա աշխարհի հրամայականն է` փակ ճանապարհներ չեն կարող լինել: Թուրքիան բավականին լուրջ խնդիրներ ունի երկրի ներսում, այնտեղ էլ դեմ արտահայտվողներ կան, այստեղ էլ դեմ արտահայտվողներ կան:
-Հայ-թուրքական սահմանի բացումը մեզ համար տնտեսական վտանգ չի՞ ներկայացնում:
-Չեմ կարծում: Հիմա Հայաստանի տնտեսության վրա և՛ դրական, և՛ բացասական իմաստով ամենամեծ ներգործություն կարող է ունենալ Վրաստանը, ամռանը վրաց-օսական հակամարտության մի քանի օրը արդեն մեզ ճգնաժամի էր տանում, բեռնափոխադրումների 70 տոկոսը այդ ճանապարհով է... Մենք կունենանք ճանապարհ, էներգետիկ մեծ հզորություն, մենք էներգիա արտադրող և վաճառող երկիր ենք, որը բավականին լուրջ տնտեսական և քաղաքական լծակ է: Մենք Թուրքիան այսօր դիտարկում ենք որպես ճանապարհ: Բարիդրացիական հարաբերությունների մասին խոսքերը, ցեղասպանության ժամանակ բարի թուրքերի մասին հիշատակումները, որոնք հայերի կյանքն են փրկել, այդ բոլորը ես լիրիկա եմ համարում: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող են վերաբերել ճանապարհներին և տնտեսական ինչ-որ գործընթացի, իսկ բարիդրացիական հարաբերությունները հազիվ թե շուտ հաստատվեն, նույնիսկ եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Մենք պիտի շփումներ ունենանք, որպեսզի անվանենք բարիդրացիական: Իսկ որ մարդիկ մտածում են` թուրքերը կգան, կլցվեն Երևան, չեմ կարծում` ազգային արժեհամակարգի հետ կապված խնդիրներ կան: Երբ ասում ենք` 1,5 միլիոն զոհ ենք ունեցել, մարդիկ չեն մտածում, որ հենց սկզբից Թուրքիայի պահանջը իրենց կրոնն ընդունելն էր, և ամեն ինչ նորմալ կլիներ, բայց մարդիկ չընդունեցին: Մեր ազգային արժեհամակարգը շատ բարձր է, և ձուլման վտանգ չի կարող լինել:
-Ցեղասպանության ճանաչումն ինչպե՞ս եք պատկերացնում` Թուրքիան ընդունի, մեզնից ներողություն խնդրի 1915 թ. համար ու հարցը համարենք փակվա՞ծ, թե՞ կան այլ խնդիրներ: Ի վերջո, ցեղասպանության ընդունումը հանգեցնելո՞ւ է փոխհատուցման` բարոյական, նյութական, տարածքային: Արդյո՞ք այն, ինչ մենք ուզում ենք, ցանկանալով տրվում է... Օրինակ, ես Վանն եմ ուզում...
-Միշտ էլ մեր երազները պիտի գնան դեպի 420000 քառակուսի կիլոմետրը, Սևրի պայմանագրով դրա ճիշտ կեսն էր: Այդ տեսլականը միշտ պիտի ունենանք: Մնացած խնդիրներին հասնելու համար պիտի հզոր երկիր ունենալ, հզոր պետություն, քո պահանջատիրական զգացումները պիտի փոխես դեպի հայրենատիրական գաղափարախոսությունը: Իսկ դա նշանակում է` տնտեսությունը պիտի զարգացնես, մարդիկ պիտի կարողանան երակներում վերականգնել հայի մոռացված արյունը, որովհետև սոցիալապես անապահով մարդը կամաց-կամաց կոսմոպոլիտ է դառնում: Այդ պատճառով էլ այսօր Հայաստանում շատացել են աղանդները, փող են բաժանում, մարդկանց դարձնում են աղանդավոր, այս աղանդավորական կեցվածքը հայը պիտի փոխի, որպեսզի Վանն էլ ուզի, Անին էլ ուզի... Այդ ուզելն էլ չպիտի երազային լինի, պատկերացրեք` վաղը մեր հողերը տալիս են, մենք էլ ուրախանում ենք, հետո՞... Մենք այս տարածքի վրա շատ հզոր պիտի լինենք...
«ՄԱՄՈՒԼԻ ՕՐԳԱՆՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՄՏԱՅԻՆ ԿԼԻՄԱՔՍԻ ՄԵՋ ԵՆ»
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը և ռազմավարական գործընկերը, ՀԱՊԿ-ի անդամ, ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ ունենա... Տարբեր տեղերում առաջացող լոկալ կոնֆլիկտները մեծացնում են առճակատումների վտանգը...
-Աշխարհը նոր մոդելավորման կարիք ունի, պատահական չէր ճգնաժամը, ժողովրդավարության մեխանիզմներն այսօրվա հասարակություններին չեն բավարարում: Աշխարհը գնում է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման ճանապարհով: Աշխարհը նաև ոչ պատերազմի դրական ուղղվածություն է ստացել: Ժողովրդավարական ինստիտուտների մի մասը արդեն սպառել է իրեն, աշխարհը սկսել է արդեն ճաքեր տալ և պիտի բնական ճանապարհով նորացման գնա: Աշխարհը կոռեկտության կարիք ունի: Առավել ևս` նոր զարգացող երկրները: Մեզ մոտ ամեն ինչ պրովինցիալ դատողություններով է արվում. ազատ մամուլ` ամենաթողության ու հայհոյանքի մամուլ, մամուլի օրգաններ կան, որ մտային կլիմաքսի մեջ են, առաջ շարժվել չեն կարողանում, ամեն ինչ սևացնում են, որպեսզի հետաքրքրություն առաջացնեն և ընթերցող գտնեն: Ամեն ինչը խառնվել է. դա պիտի կարողանանք արձանագրել, որ հեշտ լինի առաջ գնալը:
«ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՂԲԱՀԱՎԱՔ ՀԱՄԱՐՈՂ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՎ PR ԵՆ»
-Ձեր կարծիքով` հունիսի 1-ին Երևանի քաղաքապետն ո՞վ է լինելու:
-Հունիսի 1-ին ով կլինի Երևանի քաղաքապետը, այս պահին հնարավոր չէ ասել, որովհետև նախընտրական գործընթացներ են գնում, բայց այն, որ հունիսի 1-ին ՀՀԿ-ն մեծ դերակատարում կունենա, ես շատ բնական եմ համարում:
-ՀՀԿ-ի համար քանի՞ տոկոսն է նախընտրելի...
-Տոկոսների մասին ժամանակից շուտ խոսելն ավելորդ է: Համենայն դեպս, մենք ստեղծեցինք դաշտ, որ հնարավորինս դրական ընտրություններ լինեն, կոալիցիան առանձին թեկնածուներով է հանդես գալիս, քաղաքական թիմեր կան: Այսօր մեզ մեղադրում են, որ շատ շտաբներ ենք բացել, չմտածելով, որ դա այն գործիքն է, որով մեր ծրագրերն ենք ներկայացնում: Մենք շարունակում ենք իրագործել մեր ծրագրերը, մյուսները հասել են այն եզրակետին, որ ասում են` ոչ մի երևանցի չի լինի, որ աշխատանք չունենա, Երևանը երևանցիներինը պիտի լինի... Սոցիոլոգիաներից խոսող մարդիկ չեն մտածում, որ ամիսներ առաջ Երևանում ընտրվեցին միայն ու միայն ՀՀԿ-ի պաշտպանած թաղապետի թեկնածուները:
-Ընտրությունների վերաբերյալ շատ ծայրահեղ են տեսակետները` կամ Երևանի քաղաքապետը գերքաղաքական պաշտոն է, կամ աղբահավաք` քաղաքի մասշտաբով։ Ի վերջո` ի՞նչը պիտի լինի քաղաքապետի գործունեության առանցքում, ի՞նչ ենք ակնկալում նրանից, ու ի՞նչ կարող է նա անել:
-Գլոբալ իմաստով սա քաղաքական ընտրություն չէ, որովհետև արտաքին-ներքին քաղաքականության խնդիրներ չկան, բայց յուրաքանչյուր համակարգված գործողություն արդեն իսկ քաղաքականություն է: Քաղաքապետի գործունեության մեջ մտնում է քաղաքի նորմալ կենսագործունեության կազմակերպումն ու ապահովումը: Երբ թեկնածուներն ասում են` աշխատատեղեր ենք ստեղծելու, համայնքները ոչ գործարաններ են բացում, ոչ խանութներ, ոչ էլ աշխատատեղեր, պարզապես ներդրումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում... Իսկ քաղաքապետին աղբահավաք համարող խոսակցությունները սև PR են: Մեր կարգախոսներում մենք ասում են` մաքուր քաղաք, կանաչ քաղաք, աշխատանքի քաղաք, բարեկարգ քաղաք, կարգուկանոնի քաղաք, հարմարավետ քաղաք, ավանդույթների և ապագայի քաղաք... Մենք արժեքավորում ենք բոլոր թիմերին, որոնք մասնակցում են ընտրություններին, դա մեծացնում է ընտրության տարբերակները, աշխատելու ենք ամեն ինչ անել, որ հաճելի ընտրություններ լինեն, և եթե ընտրությունները հետևանքներ ունենան` միայն դրական:
-ԱԺ-ում հունիսի 1-ի հանձնաժողով չի՞ ստեղծվի...
-Չեմ կարծում, այն ժամանակ այդքան բարդ չէինք տեսնում իրավիճակը և պատրաստ էլ չէինք, որովհետև անսպասելի էր, որ նման երևույթները կարող են գզվռտոց առաջացնել, պետությունը պատրաստ է ոտնձգություններից պաշտպանելու իր յուրաքանչյուր քաղաքացու` ընտրությունների հետ կապված:
Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ