ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երևանցուն ներկայանում ենք որպես գործընկեր

Երևանցուն ներկայանում ենք որպես գործընկեր
05.05.2009 | 00:00

«ՄԵՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿՈՒՆ, ԲԱՐԳԱՎԱՃ ԵՐԵՎԱՆՆ Է»
Ընտրությունները մեկնարկեցին: Քարոզարշավի առաջին իսկ օրից ակնհայտ դարձավ` բոլոր կուսակցությունների ծրագրերը «երջանկորեն» նման են միմյանց, իսկ Երևանն ու երևանցուն իրենցով անելու նրանց պայքարը կընթանա յուրովի ու խիստ անողոք:
ԲՀԿ-ն ընտրությունների մեկնարկն սկսեց «Արմենիա-Մարիոթից»: Կուսակցությունը, որ բառի ամենաիսկական իմաստով բավականին երիտասարդ է, տրանսֆորմացիոն առումով հետաքրքիր ամպլիտուդ է գրանցում: Հեռու գնալ պետք չէ. «նայենք» ընդամենը 2007-ի խորհրդարանական ընտրությունները և կհամոզվենք, որ ԲՀԿ-ին հաջողվեց դառնալ երկար ճանապարհի խաղացող` ռեալ գործոն հայաստանյան քաղաքական զարգացումների շրջափուլերում: Այդ թվում և ա՛յս:
Մայրաքաղաքային քարոզարշավն սկսած ԲՀԿ-ն որսացել էր ռիթմը (հայերեն ասած` «դուխը»), որը հստակ դինամիզմ կապահովի վերջինիս համար` նախընտրական ողջ մարաթոնը ճիշտ լադի վրա պահելու համար: «Արմենիա-Մարիոթում» ապագա մայրաքաղաքի տեսլականը ներկայացնող կուսակցությունը` ա) նախկին ռոմանտիկը չէր. ժամանակակից կուսակցություններին, հասարակություններին բնորոշ պրագմատիկ ու պրակտիկ արագությամբ եկավ, ասաց` սկսում ենք, աշխատելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ Երևանը դառնա բոլորիս երազած քաղաքը, ապահովելու ենք քաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացումը, կատարելագործելու ենք կառավարումը, ներդրումային գրավիչ միջավայր ենք ստեղծելու... «ու սրանք խոսքեր չէ, որ հնչում են, այլ գործ, որին, ԲՀԿ-ին ընտրելու դեպքում, ականատես ու մասնակից եք լինելու բոլորդ»:
Հենց էսպես` արագ ու դինամիկ:
բ) Կուսակցության մարտավարության հաջորդ տարրը նույնքան հետաքրքիր էր. ամեն ինչ արված էր պոպուլիզմից հնարավորինս զերծ մնալու համար: Ծրագիրը ներկայացնող տեխնոկրատների խումբը, որը, ի դեպ, շատ լավ գիտեր Երևանի զարգացման առանձնահատկություններն ու հեռանկարային հնարավորությունները (թիմը 2004-ին մասնակցել է Երևանի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարաբնակեցման կոնցեպտի մշակման աշխատանքներին), Երևանի զարգացման ԲՀԿ ծրագիրը կառուցել էր բացարձակապես իրատեսական կոնտուրների վրա` փորձելով իրական լուծումները զուգահեռել դրանց իրականացման մեխանիզմների հետ:
Գերխնդիրը մեկն էր` ունենալ Երևան, որում մտահոգությունները մինիմումի հասցված կլինեն, իսկ առավել «մեծ» ժամանակ ու աշխատատար խնդիրների «մեջքը», ինչպես թիմն արտահայտվեց, «կոտրված կլինի», իմա` կստեղծվեն դրանց լուծման ռեալ նախադրյալներ ևս:
«Երևանը շատ բարդ քաղաք է, ինչ-որ առումով` նույնիսկ անկառավարելի, պետք է կարողանալ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները համադրել քաղաքի ինովացիոն ներուժին, և երկուսը միասին ծառայեցնել քաղաքի ինքնատիպ ու հայկական դեմքի պահպանմանը»,- կարծում է թիմի անդամներից Վարդան Բոստանջյանը:
«Պետք է ամեն ինչ անել, որ փոքր ու մեծ որևէ ներդրում չփոշիանա մայրաքաղաքում, Երևանը պետք է առավելագույնս օգտագործի իր ֆինանսական ու մտավոր ուժը, մենք անչափ շատ ենք կարևորում Երևանի բյուջետային եկամուտների մեծացումը, անհրաժեշտ ենք համարում տեղական հարկերի, տուրքերի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաև համայնքային փոխառությունների այնպիսի համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա կենտրոնացնել դրամական ազատ միջոցները և դրանք ուղղել համաքաղաքային ծրագրերի ֆինանսավորմանը». չէ, սա Վարդան Բոստանջյանը չէ, այլ տնտեսագետ-պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Հարություն Քուշկյանն էլ ի հավելումն իր գործընկերների, կարճ-կոնկրետ ասաց. «Ինձ վստահված է գլխավորել ԲՀԿ համամասնական ցուցակը: Ես գիտակցում եմ այդ բարձր պատասխանատվությունը և վստահեցնում եմ` մենք կունենանք մեր երազած մայրաքաղաքը, և դա կլինի մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Ես երևանցի եմ, լավ գիտեմ երևանցիների հոգսերը. համոզված եմ` երևանցին կապրի հպարտ, շեն ու ծաղկուն մայրաքաղաքում, և այդ մայրաքաղաքը կլինի համայն հայության համար գեղեցիկ, լուսավոր, խաղաղ ու մարդկային. ԲՀԿ ծրագիրն այդ հնարավորությունը տալիս է»:
Տեխնոկրատների թիմին քիչ հետո փոխարինեց իրավաբանների` նույնքան դինամիկ-պրագմատիկ թիմը: Ասելու. ԲՀԿ ծրագիրն ու գաղափարախոսությունը «պտտվում» են մարդու շուրջը, ԲՀԿ-ն վարելու է նախընտրական քաղաքակիրթ պայքար, և` «կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին` կենտրոնանալ Երևանի խնդիրների և ոչ միմյանց վրա ցեխ շպրտելու վրա. ապա և` երևանցին չպետք է մտածի, թե ամեն ինչ արդեն իսկ որոշված է. ո՛չ, ամեն բան որոշվելու է մայիսի 31-ին»:
Այսպիսով` գ) ԲՀԿ-ն, ինչպես երևում է, վարելու է դասական և ոչ ընդգծված քաղաքական պայքար, ինչը գոնե այս պահին առավելություն է մի շարք առումներով.
1) երբ երկուսը կամ երեքը կռվում են, չորրորդի բախտն է մշտապես բերում.
2) հասարակությունը հոգնել է քաղաքական անվերջանալի գզվռտոցից, «տուն է ուզում, ծառ տնկել ու որդի մեծացնել»:
Եվ վերջապես` դ) քարոզարշավի հենց առաջին օրերից ակնհայտ դարձավ, որ սպասվող պայքարում «համապատասխանների» կողմից իրականացվելու է հետևյալ քաղտեխնոլոգիան. ՀԱԿ-ը «լվացվելու» է «ընդդիմադիր» ՀՅԴ-ով, որպեսզի փոշիացնի ընդդիմադիր էլեկտորատը, իսկ ԲՀԿ-ն «լվացվելու» է ՕԵԿ-ով. առաջին «ծիծեռնակներն» արդեն «բույն են շինում, և՛ շինում են, և՛ երգում»:
Բայց դա, ոնց երևում է, չի խանգարում ԲՀԿ-ին, ինչն առավել արտահայտված դրսևորվում է նրա որդեգրած կարգախոսներում: Մինչ կարգախոսները տեղեկացնենք, որ բավականին ճաշակով էր նաև «Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում տեղակայված ԲՀԿ-ի գովազդային ցուցավահանակը:
ԲՀԿ-ի կարգախոսներին անդրադարձավ կուսակցության առաջնորդը. «Ընտրություններում մենք առաջնորդվելու ենք երկու կարգախոսով` «Մեր խոսքը գործ է», «Բարգավաճ Հայաստան, բարգավաճ Երևան»։ Այսպիսով, տրվեց քարոզարշավի մեկնարկը, և երևանցին առաջին անգամ հնարավորություն ունի ընտրելու իր քաղաքապետին ու ավագանուն. ասել է` երևանցին է որոշում իր վաղվա օրը: Ծրագիրը, որը ներկայացնում ենք երևանցիներին, կազմված է ոչ միայն մասնագետների, այլև երևանցիներից ստացած մտահոգություն-առաջարկությունների հենքի վրա: Այդ ծրագրով մենք հանդիպելու ենք յուրաքանչյուր երևանցուն` վերջինիս տող առ տող ներկայացնելու իր խնդիրների` մեր լուծումները: Մենք գնում ենք երևանցու մոտ` հավատալով նրան, հավատալով մեր գործին, գնում ենք երևանցու հետ, որպես գործընկեր, որովհետև մեր և երևանցու միասնական ու վերջնական նպատակը ծաղկուն, բարգավաճ Երևանն է՝ ապրելու, վայելելու, շենացնելու համար»,- արձանագրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Քարոզարշավի հաջորդ օրը հենց էդպես էլ վարվեցին:
ԲՀԿ-ն գնացել էր գործընկերոջ` երևանցու մոտ, Արաբկիր համայնք, ներկայացրել իր ծրագիրը, որ քվե ստանալու դեպքում կդառնա իրականություն։ «Եկեք հավատանք ու վստահենք այս հսկային` ԲՀԿ-ին, ժողովո՜ւրդ»,- Մերգելյանի պուրակում հորդորել էր Վանուշ Խանամիրյանը` դիմելով հավաքված մոտ յոթ հազար երևանցիներին, որից հետո «մետրը» ժողովրդի ծափողջույնների տակ պարել էր` իր հավատն ու վստահությունն ապագա Երևանի հանդեպ բաշխելով ներկաներին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ