ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աստուծո իշխանությամբ է, որ Հայաստանում կկայանան քաղաքացիականհասարակություն ու արդարություն

Աստուծո իշխանությամբ է, որ Հայաստանում կկայանան քաղաքացիականհասարակություն ու արդարություն
03.04.2009 | 00:00

ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱԲՌՆԱԿԱՆ, ԱՅԼ ԾԱՌԱՅԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի իրա՛վ ինքնիշխանությունը, իրա՛վ անկախությունն ու իրա՛վ ժողովրդավարությունը հնարավոր են միայն Հայաստանում Աստուծո իշխանության հաստատմամբ: Որովհետև Աստուծո իշխանությամբ է, որ Հայաստանում կկայանան քաղաքացիական հասարակություն ու արդարություն, իշխանության պատասխանատվություն ու հաշվետվություն և անկախ ու անկաշառ իրավական գործառնություն, ինչպես նաև ամեն տեսակի անկաշառ հարաբերություններ:
Յոթանասուն տարի Հայաստանի բնակչությունն իր իշխանության նկատմամբ բողոքի դեպքում արդարության համար դիմում էր Մոսկվա՝ որպես վերջին և գերագույն հանգրվան: Արցախը դիմում էր Բաքվին, հետո՝ Մոսկվային: Այժմ Հայաստանի քաղաքացու համար գերագույն, բայց ոչ վերջին հանգրվանը Երևանում իր նախագահի նստավայրն է, Արցախի բնակչի համար՝ ԼՂՀ նախագահը՝ Ստեփանակերտում: Իսկ վերջին հանգրվանը՝ արտագաղթի ճամփան:
Ո՞վ, ո՞ր ուժը, ո՞ր իշխանությունն է հսկում կամ հսկելու է Հայաստանի ու Արցախի իշխանավորներին՝ վստահ լինելու համար, որ նրանք լրիվ և լավագույնս կատարում են իրենց պարտականությունները: Այն է՝ բացի երկրի անվտանգությունը, ամբողջականությունը և անկախությունը, նաև պաշտպանում են իրենց քաղաքացիների ազատությունը, իրավունքներն ու արժանապատվությունը՝ զերծ պահելով նրանց ամեն տեսակ կոռուպցիայից, ապահովելով բոլոր մակարդակների արդարադատություն, բոլոր բնագավառների բարգավաճում և ազգի ու երկրի վիճակի մասին ժամանակին հաշվետու լինելով նրանց ճշգրիտ տվյալներով, որպեսզի նրանք կարողանան ճիշտ և ժամանակին գնահատել իրավիճակը և, ըստ այդմ էլ, գնահատել իշխանությունների գործունեությունը՝ ըստ այդմ հետագա ոչ միայն ազատ, այլև իրազեկ ընտրություն կատարելու համար, թե իրենց բախտն ում են հանձնելու:
Նման պարտաճանաչությունն ու դրա անվրեպ կատարման պատրաստակամությունը ծանր, անտանելիորեն ծանր գայթակղության բեռ են որևէ իշխանության համար և տվյալ դեպքում՝ հայկական երկու իշխանությունների համար: Մարդկայնորեն անհնար է տանել այդ բեռը, այդ ճնշումը, ինչպես չկարողացան տանել պատմության ընթացքում շատ իշխանություններ և չկարողացան տանել նաև խորհրդային իշխանավորները (ինչն էլ, ըստ մեր ըմբռնումների, հիմնական պատճառը եղավ նրանց կործանման), չկարողացան տանել և Հայաստանի առաջին իշխանությունները, չեն կարողանա տանել նաև այժմյան իշխանությունները, եթե նրանք չճանաչեն ու չենթարկվեն Աստուծո իշխանությանը:
Հայաստան աշխարհում իշխանության ամենավերջին և գերագույն հանգրվանը պետք է դառնա Աստուծո իշխանությունը: Այն այդպես էլ կա՝ ամբողջ աշխարհում ու տիեզերքում: Բայց հայ մարդիկ ու Հայաստանը կօգտվեն, եթե այդ իշխանությունն ընդունեն ու ենթարկվեն ինքնաբուխ կամավորությամբ: Այն ժամանակ Հայաստանն իրապե՛ս կունենա իշխանություն: Հայաստանն ու հայությունը կունենան Գերագույն Տեր, Պաշտպան ու Առաջնորդ: Աստուծո իշխանությունը ճանաչած, Նրան դաշնակցած և Տիրոջ բացառիկ գերակայությունն ընդունած հայկական իշխանությունն է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը և դեռ շատ ավելին կարող է երաշխավորել: Այդ կարող է անել, որովհետև պարտականություն կզգա և դրա կատարման համար նաև շնորհք ու կարողություն կստանա Հայաստան աշխարհում ձևավորելու և պաշտպանելու արդար, զարգացած, կենսունակ և գործուն քաղաքացիական հասարակություն: Այդ հասարակությունը կլինի ապահով, կայուն ու բարգավաճ և կունենա բազմաթիվ բարեկամներ, դաշնակիցներ ու նաև հիացողներ և ընդօրինակողներ ամբողջ աշխարհում:
Հայ ազգը «դատապարտված» է այդպիսի՛ հասարակություն՝ սո՛ւրբ հասարակություն ստեղծելու և ապրելու աստվածայի՛ն իմաստավորմամբ պետական կյանքով՝ մարդկային, ազգային ու անձնական չափանիշներով անգերազանցելի:
ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՍՏՈՒԾՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգը, Հայաստանը պատմական ներկա հանգրվանի խնդիրներին ու պահանջներին համապատասխան ղեկավարների և առաջնորդների կարիքն ունի:
Իսկ այդպիսի՛ ղեկավար ու առաջնորդ դառնալու համար պետք է ծառա դառնալ: Ուրեմն` պետք է ծառաներ ձևավորվեն մեր ազգի մեջ...
Հայ ազգն ու Հայաստանը կերտվել, զարգացել ու հարատևել են իրենց զավակների անձնուրաց ծառայությամբ: Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր է պատասխանատվությունը, ինչքան բարձր է պատասխանատվությունը, այնքան բարձր է ծառայության մակարդակը: Հայ ազգը փառավորվել է, երբ իր որդիների ազգային ծառայության պարտաճանաչությունն ու պատրաստակամությունը բխել է նրանց հավատքից, արմատավորված է եղել նրանց նկարագրում և կազմել է նրանց էության հոգևոր ու բարոյական հենքը:
Սակայն մեր նախնյաց ազգային ծառայության նախանձախնդրությունը, պարտաճանաչությունը, պատրաստակամությունը, նաև հմտությունը և հասարակական շահագրգռությունը երեկ ու այսօր մեծ մասամբ աղավաղվել են: Դա հիմնականում արդյունք է գոռոզամտության, եսասիրության, ինչպես նաև փառասիրության՝ հաճախ ուղեկցվելով անազնիվ, ապօրինի և ի վնաս ազգի ու հայրենիքի շահերի գործունեությամբ:
* * *
Հարկ է, որ սահմանվի ընդհանրապես հայ քրիստոնյա մարդու և մասնավորապես հայ քրիստոնյա ղեկավարի կերպար-օրինակը, ըստ ազգային տոհմիկ նկարագրի, որպեսզի այդ կերպար-օրինակի չափանիշներով կատարվի հայ ազգի բոլոր աստիճանների պատասխանատվությամբ աշխարհիկ ու հոգևոր ղեկավարների ընտրությունը:
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐ
Միշտ չէ, որ անձն ազնիվ է լինում իր բոլոր հարաբերություններում: Լինում է անհատական ազնվություն: Այսինքն՝ անհատն ազնիվ է իր անձնական հարաբերություններում, բայց անազնիվ է իր հանրային հարաբերություններում՝ հանրության նկատմամբ: Հատկապես ոչ շարքային անձնավորության դեպքում հանրային մասշտաբի անազնվությունը գլխավորաբար արտահայտվում է պարտազանցությամբ՝ ժողովրդի, պետության ու ազգային հաստատությունների նկատմամբ: Եվ այդ պարտազանցությունն արտահայտվում է ոչ միայն տալիքի կամ մասնակցության թերացումով, այլև յուրացումներով, շորթումներով, անիրավ որոշումներ կայացնելով, անարդար, վնասակար կողմնակցություններով, հարաբերություններով՝ կոռումպացումով:
Անձնական զգացումների վերաբերմունքի, դիրքորոշման և արարքների ազնվությունն էական լինելով նախ` տվյալ անձի համար, իրական է նաև նրա անմիջական հարազատների, անմիջական շրջանակի, ինչպես նաև ամբողջ ազգի ու մարդկության համար: Եվ այդ հանգամանքը մեր ազգի կրթական և բարոյագիտական համակարգում պետք է որոշակիացվի բոլոր ձևերով ու միջոցներով՝ տանը, փողոցում, դպրոցում, աշխատավայրում և ընդհանրապես կյանքում: Այն պետք է ուսուցանվի ու դաստիարակվի եկեղեցու, պետության և հասարակության, տարբեր կառույցների կողմից՝ ազգի կազմակերպված գիտակցությունն արտահայտող մտավորականության գործուն մասնակցությամբ:
Այս հենքի վրա, մասնավոր մոտեցմամբ, մեթոդներով ու միջոցներով անհրաժեշտ է պարզաբանել, ուսուցանել և կրթել անհատի (մանավանդ` հասարակական, պետական, կրոնական որոշակի պատասխանատվություն ստանձնելու հավակնությամբ անձի) հասարակական լայն մասշտաբի ազնվության գիտակցությունը, դրանից բխող պարտաճանաչությունը և դրա կիրառման կենսական կարևորությունը, դարձյալ անձի ընտանիքի, ազգի ու մարդկության համար այն հասկացողությամբ, որ ազնվությունը կյանքի ակտիվության կենսանյութն է:
Ակտիվությունն առանց այդ կենսանյութի, ինչքան էլ պրոֆեսիոնալ լինի ու փայլուն թվա, ամուլ է: Այն չի կարող սնել, բավարարել կյանքի պահանջը, վերջին հաշվով կաղավաղվի հենց ինքը՝ այդ ակտիվությունը և տարբեր աստիճանի (կախված աղավաղման սաստկությունից ու պայմաններից) կործանարար չարիք կդառնա:
Հայությանը ոչ թե իշխանաբռնական, այլ ծառայակա՛ն ղեկավարություն է պետք: Ծառայական ղեկավարության հայեցակարգը, ծառայական ղեկավարության արդարամտությունը, ինչպես նաև ծառայական ղեկավարության զորությունը և արդյունավետությունը, որպես հայ հասարակության, հայ ազգի և Հայաստանի գոյատևման ու զարգացման գրավական, պետք է հստակ, հասկանալի դառնա և այդպիսին դարձվի թե՛ ղեկավարների և թե՛ ղեկավարվողների համար:
Ազգի երեք հաստատությունների՝ պետական իշխանության, հոգևոր իշխանության և կազմակերպված մտավորականության գերագույն պարտականությունը և իրենց գործունեության գնահատման չափանիշը պետք է լինի ազգային կյանքի այն դրվածքի և մթնոլորտի ապահովումը, որում ազնվությունը, վեհանձնությունը, առաքինությունը և ընդհո՛ւպ ասպետությունը խրախուսվում են: Որում հայ մարդու, Հայաստանի քաղաքացու հասարակական պատվի, հասարակական վստահության, ինչպես նաև գործնական ու նյութական հաջողության և անձնական երջանկության հասնելու աստիճանը համեմատական է նրա ազնիվ, բարի, վեհանձն ու ասպետական զգացումների, խորհուրդների, վարվելակերպի ու արարքների աստիճանին:
Սա հայ ազգի երեք հաստատությունների թիվ մեկ խնդիրն է: Սրանից է կախված նրանց կենսունակ գոյությունն ու զարգացումը: Հետևապես և՝ ազգի ու հայրենիքի կենսունակ ապագան:
Այս խնդրի կատարման բանալին Աստուծո հավատքն է, հույսը և սերը: Դուռը դրանցից բխող և դրա վրա հիմնված Հայ ազգային գաղափարախոսությունն է (ՀԱԳ), որը հայ անհատին ու ազգին տանում է քրիստոսանվեր կյանքին, այն է՝ երկրային կյանքի իմաստալից արդյունավորմանը և երկնայինի գերագույն և հավիտենական կատարելությանը՝ երանությանը:
Բանալին՝ հավատքը, հույսը և սերը, Աստված շնորհել է հայ ազգին և ցույց տվել ազգի փրկության ու փառքի դուռը՝ ՀԱԳ-ը, 1700 տարի առաջ: Հայ ազգի հոգևոր իմաստության՝ աստվածասիրության, և իր փրկության՝ քրիստոսանվեր ինքնագիտակցության ճառագայթումը կառաջացնի ազգի ու հայրենիքի կյանքի սրբացումը:
Հարկ է, որ ազգի վերոհիշյալ երեք հաստատությունները Աստուծո, մարդկության և ազգի առաջ ամենօրյա հարատև պատասխանատվության գիտակցությամբ անհապաղ սկսեն նախապատրաստել Ազգը բոլոր միջոցներով և ձևերով, մանավանդ անկեղծ հավատով ու բարոյականության անձնական օրինակով: Քանզի Աստվածային լույսը, Աստվածային շնորհը, Աստվածային կամեցողությունը և նրա հաճությունն են էականը՝ իրական կյանքին արժանանալու համար:
Հայ ազգը, Հայաստանը քրիստոնեորեն ասպետականացած կյանքով կարող է քրիստոսափառ լույսը տարածել թե՛ իր բարեկամների և թե՛ իր հակառակորդների վրա:
Աստուծո և մարդկության նկատմամբ՝ ազգային ծառայության ի՜նչ փառավոր առաքելություն...
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 2896

Մեկնաբանություններ