ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Օրեր մթնեցնելով նույն ճահճի շրջանակներում

Օրեր մթնեցնելով նույն ճահճի շրջանակներում
16.12.2008 | 00:00

«ԸՍԵՆՑ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ»
Թվում էր` Սուրբ Ծննդյան տոներն ու ֆինանսական ճգնաժամը կշեղեն միջազգային հանրության ուշադրությունը Հարավային Կովկասից, ղարաբաղյան հիմնախնդրից: Բայց` չէ:
Ոնց երևում է, ոչ միայն «Ռուսաստանը երբեք չի նահանջի Կովկասից», այլև Արևմուտքն է նույն ուղղությամբ շարժվում, մանավանդ վերջին օրերին: Սակայն Կովկաս ասելիս` Արևմուտքի «շրթերը ճաքում են»` բացառապես Հայաստանի մասով:
«Նոն ստոպ» տարբերակով Արևմուտքն էմիսարների բավարար չափաքանակ է ուղարկում Հայաստան` «գալու, տեսնելու, հաղթելու»: ՈՒ վիճակն անչափ նման է Ռամբուեի հանդիպման նախօրյակին, և, այնուհանդերձ, այս անգամ «պրեսսինգն» աննախադեպ է` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով:
ա) Չթվենք բոլոր էմիսարներին, բավարարվենք Համմարբերգին ճամփելով, Մարկ դը Բրիշամբոյին (դե համարյա` սամբոյին) դիմավորելով:
բ) Տնտեսական «պրեսսինգ»: «Հազարամյակների» կորպորացիան սառեցրեց հերթական տրանշը: Ի դեպ, «Հազարամյակն», իրեն բնորոշ նրբագեղությամբ, դա անում է, ինչպես մարտի մեկի դեպքերից հետո: Վերջինս այս անգամ գյուղական ճանապարհների ծրագիրը սառեցրել է մինչև 2009-ի մարտ: Ինչո՞ւ։ Այդ մասին` հետագա տողերում:
գ) ՀԲ-ն չտվեց կառավարության խնդրած մեկ միլիոնը: «Զացեպկաներ» հայտնվեցին նույնիսկ դոնորական օգնության ծրագրերում. նկատի ունենք մանուկների պատվաստման ծրագիրը, որով Հայաստանը հայտնվել է առաջին քառյակում և այնպիսի երկրների կողքին, որ չգիտես` խնդա՞ս, թե՞ լաս. Մոզամբիկ, Զիմբաբվե. այդ երկրները փողը վերցրել ու ոչ մի պատվաստում չեն իրականացրել:
դ) Քաղաքական ճնշումը դեռ նոր է սկսվում: Համմարբերգն իր մոնիտորինգային զեկույցում կասի` քաղբանտարկյալներ կան Հայաստանում: Չկասկածեք: Իսկ Բրայզայի նույնատիպ հայտարարությանը, ի տարբերություն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հայտարարությունների, պետք է լուրջ վերաբերվել:
Ոչ թե, որ Բրայզան էլ «good guy» չէ, այլ որ` ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն հենց այս պահին խիստ համակարգված մոտեցումներով են առաջնորդվում` Հայաստան ասելիս. այս մասին` նույնպես ներքևում:
Եվ ընդհանրապես, պետք է Արևմուտքին շատ լուրջ վերաբերվել ոչ այն պատճառով, որ վերջինիս քունը չի տանում մեր երկրում չեղած ժողովրդավարության համար: Այլ որ` արևմտյան քաղտեխնոլոգիաները, ի տարբերություն ռուսականի, շատ ավելի հղկված ու դաժան են. բոլորս ենք հիշում Գուանտանամոյի բանտերը, որտեղ «մարդու հետ վարվելու» նոր մոդիֆիկացիաներ էին մշակվում: Իսկ Իրաքն ու նոր տարվա օրը կախաղան հանված նրա առաջնորդը դեռ մեր «աչքի առջև» են: Իսկ ինչ վերաբերում է ծերուկ Եվրոպայի հենց ժողովրդավար սրտում` անկախացված Կոսովոյում իրականացված տրանսպլանտացիոն վիրահատություններին (մարդու օրգանների բռնի վիրահատություն-վաճառք), նույնիսկ Հաագայի դատարանի նախկին նախագահ Կառլա Դել Պոնտեի գրքում եղած ահազանգերից հետո անգամ, փաստն ամենևին չհետաքրքրեց մարդու իրավունքներով անչափ շահագրգիռ, զարգացած, ուժեղ ժողովրդավար Եվրոպային:
Ինչո՞ւ ենք այս ամենը հիշում: Շատ պարզ. «նոն ստոպ» տարբերակով վերջին «պրեսսինգը» Հայաստանի վրա Արևմուտքն իրականացնում է մեկ նպատակով` Հայաստանից կորզել հնարավորը, ինչը չհաջողվեց անգամ Ռուսաստանին, և Կովկասից չնահանջել բացառապես Հայաստանի հաշվին:
Կհաջողի՞ Արևմուտքը, դեռ կանդրադառնանք, սակայն սխեման հետևյալն է. հասնել նրան, որ Հելսինկիում «տապալվածը» վերակենդանանա առաջիկայում` երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ:
Նախ` հիշենք, որ «Իրավունքը de facto»-ն խիստ ստույգ տեղեկություն ուներ, որ նախնական գրաֆիկով դեկտեմբերի կեսերին Սերժ Սարգսյանը Վաշինգտոն կայցելի: Արտիստ Ամերիկան ունի ընդունված պրակտիկա. երբ երկրի նախագահն արդեն «կաղ բադիկ» է (կներեք, բայց ստացվեց, որ Բուշ Կրտսերն իսկապես և բառացիորեն է այդպիսին` նախորդ օրն իրաքցի լրագրողի` Բուշի վրա կոշիկ շպրտելու «հանգամանքով») և ուրեմն` «կաղ բադիկ» ամերիկյան նախագահներն իրենց երկիր են հրավիրում «հեռու, խեղճ ու կրակ» երկրների նախագահներին, ընդունում նրանց` ցույց տալով, որ կարևորում են վերջիններիս երկիրը, ձեռքի հետ էլ փորձում կոնդիցիայի հասցնել թե՛ նրանց, թե՛ սառեցված մի շարք հարցեր, մեր դեպքում, ասենք` ղարաբաղյան հիմնախնդիրը:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն, գոնե այս պահին, և, թերևս, մինչև ամանորյա տոների ավարտ, տեղի չի ունենա. տեղեկացրին համապատասխան աղբյուրները:
Ըստ ամենայնի, եթե միջազգային հանրությունն իր «պրեսսինգում» հաջողի (ինչը մենք, իհարկե, բացառում ենք), այդ այցը տեղի կունենա, ասենք` հետագայում: Առավել ստույգ, եթե բանը հասնի սկզբունքների շուրջ, այլ կերպ` «ռամոչնի» համաձայնագրի ստորագրմանը, ապա համակարգող երկրների նախագահները, թերևս, այդ փաստաթուղթը կստորագրեն Ամերիկայի սրտում: Հիշո՞ւմ եք, նման մի բան էլ Քի Վեստի շրջանակներում տեղի ունեցավ, և «քարտեզ» նայելու գնացած կովկասցի նախագահները մի քանի րոպեով մտան Բուշենց տուն` վերջինիս հետ վայելելու նույն օդը:
Իսկ այս մի «ռամոչնին» կստորագրվի (եթե) Ամերիկայում, որպեսզի ցուցանվի Ռուսաստանին, որ աշխարհը շարունակում է մնալ միաբևեռ, և որ բանակցային ճանապարհով Ռուսաստանն անկարող է որևէ հարց կարգավորել, և այն էլ` «չնահանջվող» Կովկասում:
Բայց և նրբագեղ Արևմուտքը լուրջ դաս ստացավ վերջերս Հելսինկիում, ինչպիսին որ ստացել էր Քի Վեստում, Ռամբուեում: Այն է` ամենակարևոր պահին Ռուսաստանն ատամներ է ցույց տալիս Արևմուտքին, հիմնականում` Հայաստանին համերաշխ ձևով հետ քաշելով:
Գիտենք, Հելսինկիում, ուր սպասվում էր համապատասխան հռչակագիր, որը, անշուշտ, պետք է մեկ քայլ առաջ լիներ, քան մայնդորֆյանն էր, Ռուսաստանը խափանեց: Իսկ դրանից առաջ էլ Հայաստանը հայտարարեց, թե որևէ հռչակագիր չի ստորագրվելու Հելսինկիում:
Այս և «հարակից» հանգամանքներով պետք է բացատրել արևմտյան աննախադեպ ճնշումը Հայաստանի վրա, չնայած որ Ադրբեջանը նույնպես պատրաստ չէ այս պահին որևէ սկզբունքային համաձայնագրի ստորագրման. Ադրբեջանը չի կարող միանշանակ կողմնորոշվել դեպ Արևմուտք, ավելին` թույլ տալ, որ իրականության վերածվի խոսակցությունը, թե Նաբուկոն անցնելու է Հայաստանով, որովհետև սա նշանակում է, որ Ռուսաստանը Կովկասը կորցնում է «դվա վ ադնոմ» տարբերակով: Ադրբեջանը դեռ չի մոռացել Կովկասում վրացական հնգօրյա բլիցկրիգը:
Սա է պատճառը, որ, ինչպես Նալբանդյանն է ասում, Ադրբեջանը մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ է անում: Ասել է` կրկին ու կրկին հանդես է գալիս ռազմաշունչ ռետորիկայով:
Այսինքն` նույնիսկ այսպիսի «առանձնակի դաժանությամբ» էմիսարների այցերը, այլևայլ ճնշումները դժվար հասնեն իրենց նպատակին:
Հիմա ինչ. կզրկվի՞ Հայաստանը ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում: Ո՛չ: Կզրկվի՞ «Հազարամյակից»: Էլի` ոչ: Կազատի՞ քաղբանտարկյալներին Սերժ Սարգսյանը: Ոմանց, իհարկե, ոչ: Կքնի՞ հանգիստ մայր Եվրոպան` աչքերը հանդարտ փակելով Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վրա: Անշուշտ:
Բա հետո՞: Հետո էն, որ ֆինանսական ճգնաժամի մեջ ցնցվող աշխարհին հեչ պետք չեն Հարավային Կովկասում նոր ցնցում, նոր զարգացումներ. կթողնեն մեզ մոտ մի քիչ էլ վատանա, ու այդպես կմնա:
Արևմուտքի խնդիրն է` լուրջ ճնշել. հաջողեցի՞ն` օքեյ, չհաջողեցի՞ն` թույլ կտան Հայաստանը մնա Զիմբաբվեի, Մոզամբիկի և այլ «բիկերի» կողքին: Մեկ անգամ ևս ապացուցելով, որ խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքին է, իսկ մենք, որպես պետություն, որպես հանրություն, որպես էթնոս և, վերջապես, որպես իշխանություն, վաղուց անտի խառնել ենք օրվա պստիկ պահանջը` արժանապատիվ ապրելու ապագայի հետ, ու աչքներս հառած խալխի որոշումներին` «ըսենց էլ ապրում ենք», օրեր մթնեցնելով նույն ճահճի շրջանակներում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3976

Մեկնաբանություններ