Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
03.04.2020 | 01:35
...Մերթ ընդ մերթ, պատեհ-անպատեհ առիթներով փորձում ենք ինչ-որ կերպ հասանելի դարձնել մեր պատմական հուշարձան-կոթողների, եկեղեցիների ու խաչքարերի նկատմամբ տեղի ունեցող վայրագության ցանկացած դրսևորում։ Եվ դա ճիշտ է, հեռուն գնացող, բայց ոչ բավարար։
Եղած ժառանգությունը պահել-պահպանելու առումով, բացի ամենատարբեր հարթակներում հուզմունքախառը հայտարարություններ անելուց, ի՞նչ ենք արել կամ անում, և ինչի՞ ենք ընդունակ ընդհանրապես։
Տարակուսելի չէ. մեծ հաշվով կորուստներ ենք տվել ու շարունակում ենք նույնը, և միայն առանձին դեպքերում հաջողել, երբեմն ոչ այնքան մեր, որքան ուրիշների բիզնես ծրագրերի շնորհիվ։ Իմա` Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։
Մտահոգություններս պարզաբանման ենթաշերտերով սպառված չեն. ի՞նչ վիճակում են պատմական արժեք ներկայացնող մեր վանքերն ու եկեղեցիները, բերդ-ամրոցները, երեկվա և այսօրվա կառույցները, դրանց կարգավիճակն ու պատասխանատվությունը։ Ոչ պակաս կարևոր է պատկանելության գործոնը. ովքե՞ր են իրական տերերը` պետությու՞նը, թե՞ մասնավոր հատվածը, ինչպիսի՞ հարաբերություններ և պատասխանատվության մակարդակներ կան այս երկուսի միջև և էականը` միջոցների տիրապետումն ու բաշխվածությունը` ինչպես ֆինանսական, այնպես էլ օրենսդրական։
Կարծում եմ, մեծագույն ցանկության դեպքում արձագանքները չեն կարող գոհացուցիչ լինել։ Զերծ մնալով կրակի վրա յուղ լցնելու մտադրությունից, բազում անմխիթար օրինակներից նշենք 4 տասնյակի հասնող բնակարաններից երևացող հերթական մեկը։ Այն մայրաքաղաքային է, ուշագրավ վայրում և, ի ցավ բոլորիս, դարձել է թուրքական ձեռագրի զոհ։ Խոսքը Նորքի բարձրադիրում, խրոխտ պահվածքով լեռնացած Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքարերի մաս կազմող հուշարձանի մասին է։
Մկրտչյան եղբայրների հեղինակած մարդասիրական այս գործը` նվիրված 2006 թ. Երևան-Սոչի չվերթի զոհերի հիշատակին, դիմահայաց է Մասիսներին և ձգվում է դեպի երկինք` հավերժություն։ Կատարողական արվեստով հրաշալի է. բովանդակությամբ` նույնպես։ Բայց հուշ-օծյալի ներկայիս տեսքն ու շրջակայքը քիչ է թե ասել ամոթի խորհրդանիշն է, խայտառակությունը, թե սրտացավության սովի արդյունքը, միևնույն է։
Անծանոթ են ինձ. ովքե՞ր են Մկրտչյան եղբայրները, կա՞ն, թե՞ չկան, տեսնես վերջին անգամ նրանք ե՞րբ են այցելել։ Այդուհանդերձ, աներկբա է` ցանկացած նորմալ մարդ չի կարող չսարսափել, խռովահույզ ապրումներից գլուխը չառնել ձեռքերի մեջ ու...
Նման պահի ականատեսը եղա երկու օր առաջ։ Տարեց մի տղամարդ, որ հուշարձանի չորս կողմը լցված աղբակույտից դուրս էր հանել լաթի մի կտոր և ջանում էր հնարավորինս մաքրել եռալեզու գրառումները, գլխի չէր ընկել, որ իր հայհոյանքներն արդեն լսելի էին դարձել հեռվից։ Իսկ այլանդակ «գրատախտակ» հիշեցնողը բովանդակում էր տարբեր թեմաներ` աթեիստական բնույթի, հավատքի դեմ ուղղված ձևակերպումներ, քաղաքական գնահատականներ, սիրո խոստովանություններից սկսած, գնու՜մ, շարունակվում և դառնում էին սեռական օրգանների «նկարազարդումներ», անգամ ֆիզիկական հաճույքից ստացած տպավորություններ։ Ահա թե ինչու թոշակառուի հոգեվիճակը փոխանցվեց ինձ, ու խնկխնկալով ես նույնպես առաջինը հիշեցի մարդկային նկարագիրը կորցրած և իրենց ընտանեկան դաստիարակության արգասիքները հուշարձանին դրոշմածների ծնողներին` մեկ առ մեկ։ Եթե հարյուրավոր անցորդներ վաղը հետևելու են օրինակիս, դա, իհարկե, հարցի լուծում չէ։ Փրկությունը պետք է փնտրել այլ տեղ։ Այնտեղ, որտեղ թաքնված են անհոգի վերաբերմունքն ու անգործությունը, մեկը մյուսի վրա պատասխանատվությունը բարդելու երևույթը։ Եվ ուրեմն` որտե՞ղ են համայնքների ղեկավարները, քաղաքապետարանը, բնապահպանության, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունները, պետական, հասարակական այն բոլոր կազմակերպությունները, որոնց համար թանկ են հայրենիքի քարեղեն պատմության վկաները, և, իհարկե, հայ լինելու ինքնությունը։ Էլ չենք խոսում նոր Հայաստանի հպարտ և անկախ հարյուրհազարավոր քաղաքացիների մասին, որոնցից յուրաքանչյուրը երկու տարի առաջ ինքն էր վարչապետը, հետո դիրքերը զիջելով դարձավ լսող ու հավատացող. «Փռելու ենք ասֆալտին, ծփելու ենք պատերին, թաթիկներ ենք կտրելու», վերջերս էլ` «կկտրենք գլուխները նրանց, ովքեր...»։
Ասվածը բառացիորեն չենք ընդունել, հասկանում ենք զգաստացման հրամայական և պատժելիության կիրառում։ Հենց այս նույն փիլիսոփայությամբ առաջարկում ենք. նախ` գլուխները հարվածի տակ դնեն նրանց, ովքեր ուղեղներից չեն հանել ստախոսությունը, պոպուլիզմը, ոչ արժանահավատ խոստումները, գործ անելու աղքատությունը, ապա նոր կտրել գլուխները նաև նրանց, ովքեր անտարբերության են մատնել հուշարձանների պահպանության և վերականգնողական գործընթացները, ինչի պատճառով թուրքական ձեռագրերը օր օրի տարածում են ստանում։
Դժվար չէ կռահել իշխանության առանձին կառույցների ինքնագոհ և մեղադրական պատասխան-պատճառաբանությունները. «Այդ կարգի դրսևորումները նոր չեն, դրանք ձևավորվել են նախորդ իշխանությունների օրոք, կաշառակերության, ալան-թալանի և ամենաթողության պայմաններում»։
Ճիշտն ու սխալը թողած կշեռքի նժարին, հորդորում եմ. «Տարբեր տրամաչափի անսխալական պաշտոնյաներ, անփորձ, անկաշառ ու ազնիվ, բայց և հազարավոր դոլարների հաշվեվճար ստացողներ, օգտվեք հանրային տրանսպորտից և շրջեք Երևանով մեկ, այցելեք մարզեր, որպեսզի մոտիկից տեսնեք ու ճանաչեք Հայաստանի ամեն մի քար ու թուփը, ճշտեք` որքանո՞վ է բարեփոխվել ժողովրդի կենսակերպը։ Իսկ մյուս կողմից, Ձեր այս քայլով մասնակցություն բերած կլինեք ներտուրիզմի խթանմանը, հետո նոր կմտածեք իտալիաներ, ֆրանսիաներ, եվրոպաներ ու ամերիկաներ գնալու մասին»։
Հաճելին օգտակարի հետ ունի թաքնված մի գաղտնիք ևս։ Դա ֆինանսական աջակցությունն է ինքներս մեզ։ Իսկ հանրությունն ամենևին էլ զրկված չէ իր ընտրյալներից հաշվետվություն պահանջելու իրավունքից։
Միլիոնավոր դոլարների գործուղումները որքանո՞վ են իրավաչափ, արդյո՞ք չինովնիկական շրջագայությունների օգտակար գործողության գործակիցը կարող է միանշանակ դրական գնահատվել։ Ի՞նչ եք շահել մինչև հիմա։ Ժողովրդին հարցրե՞լ եք։ Օրինակ, սիսեռաչափ կազմակերպության` «Կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 3-ամյա ժամանակավոր պաշտոնակատարուհի Շուշանիկ Միրզախանյանի այցերն աշխարհով մեկ, տուրիստի տպավորություն են թողնում։ Մեզ փոխանցված գործուղումների ոչ ամբողջական պատկերն ուշագրավ է, նախանձելի, ինչու ոչ` նաև դիտարկման արժանի։
2018 թ. դեկտեմբերի 1-8-ը` Վրաստան (Թբիլիսիի միջազգային փառատոն),
2019 թ. հունվարի 23-ից փետրվարի 3-ը` Նիդերլանդներ (Ռոտերդամ. «Կինոյի տաճար» միջոցառում),
2019 թ. փետրվարի 7-17-ը` Գերմանիա (Բեռլինալե կինոշուկա),
2019 թ. մայիսի 14-25-ը` Ֆրանսիա (Կաննի կինոշուկա),
2019 թ. սեպտեմբերի 4-8-ը` Իտալիա (Սուլենտոյի կինոփառատոն),
2019 թ. հոկտեմբերի 13-18-ը` Ֆրանսիա (Լիոն, Ստրասբուրգ, Եվրիմաժ հիմնադրամի 30-ամյակի միջոցառում),
2020 թ. փետրվարի 20-27-ը` Գերմանիա (Բեռլինալե կինոշուկա, որտեղ վարձակալված տաղավարն արժեցել է ավելի քան 20 հազար եվրո, իսկ 4-5-հոգանոց մեր պատվիրակության գործուղման ծախսը` շուրջ 10 մլն ՀՀ դրամ),
2020 թ. փետրվարի 29-ից մարտի 6-ը` ԱՄՆ (Վաշինգտոն, Նյու Յորք, մասնակցություն ֆիլմերի ցուցադրության):
Ի դեպ, տնօրենի ԺՊ-ին մշտապես ուղեկցել է ընկերության հաստիքային թարգմանիչ Նաիրա Գևորգյանը, որի վերջին գործուղման գումարը կազմել է 2 մլն ՀՀ դրամ` արտաբյուջետային եկամուտների հաշվին` 600 հազարով ավելի Շուշանիկ Միրզախանյանից։ Իսկ թե ինչու՞մն է կայանում այս տանդեմի իմաստը. ՊՈԱԿ-ից ասացին, որ տիկինը չգիտի անգլերեն, չի տիրապետում համակարգչային տարրական գիտելիքների... բայց դեռևս տնօրեն դառնալու հույսեր է փայփայում։
Ինչ կա որ։ Գուցե տիկին Շուշանիկի շնորհիվ (նաև գործողումների) Հայաստանի ազգային կինոկենտրոնը կամ «Հայֆիլմը» թեկուզ զուտ ճանաչողական առումով կրիաքայլ առաջընթաց է արձանագրել, պարզապես մենք ենք անտեղյակ։ Բայց փոխարենը գիտենք, որ գործուղումախառն այցերը մեզանում ամենուր են, և դա մեր իշխանությունների մենաշնորհն է, ինչը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել ոչ շռայլությունների և ոչ էլ չարդարացված ծախսերի շրջապտույտում։
Հուսանք, որ, անկախ կորոնավիրուսից, մեր պետական այրերի մեջ այսուհետև շրջանառության մեջ կդրվի արժեքների գնահատման կուլտուրան, կբարձրանան հոգատարությունն ու ուշադրությունն ինչպես մեկս մյուսի, այնպես էլ պատասխանատվությունը շրջապատի, այդ թվում և հուշարձանների նկատմամբ։ Բազում քայլերի թվում դա կլինի առաջինը, ամենահեշտն ու արդյունավետը թուրքական ոտնձգությունները հաղթահարելու գործում։
Ականջդ կանչի, հուշարձանագետ Սամվել Կարապետյան…
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ