ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գիտեմ, թե զուռնի ձայնը որտեղից է գալիս. Վահե Լոռենց

Գիտեմ, թե զուռնի ձայնը որտեղից է գալիս. Վահե Լոռենց
12.10.2022 | 07:28

Այսօր Նորավանքում ակամայից լսեցի ռուս տուրիստի հեռախոսային խոսակցությունն իր ընկերոջ հետ։ Նստած էի նստարանին, նա իմ թիկունքում բարձր ձայնով խոսում էր իր տպավորությունների մասին։ Անծանոթը, մինչև Նորավանք բարձրանալը, Թռչունների քարանձավում էր եղել։ Մոտավորապես ասում էր հետևյալը․ «Հայաստանում ամեն ինչ լավ է, շատ սիրուն երկիր է, սնունդը՝ ընտիր, մարդիկ շատ հյուրընկալ են։ Բայց այն, ինչ տեսա ու լսեցի՝ ցնցող էր։ Պատկերացնու՞մ ես, քարանձավ ունեն, որտեղ մի քանի հազար տարի առաջ մարդկանց են զոհաբերել, մորթել, գլուխները կտրել, ծիսական թաղումներ կատարել։ Ռոբինզորի ֆիլմը դիտե՞լ ես, երևի կերել էլ են զոհերին...» (այստեղ՝ քահ-քահ ծիծաղ)։
«Հա, Վիտյոկ, ճիշտ եմ ասում, գիդը պատմեց։ Այնպես որ, Մարտիրոսյանին կասես՝ շնորհակալ եմ, որ Հայաստանը խորհուրդ տվեցիր, բայց հին քաղաքակրթությունից չխոսես, դուք՝ հայերդ, մարդ եք զոհաբերել, գլուխները կտրել։ Իսկապես ցնցված եմ...»:


Մնացածը չլսեցի, այսինքն, թեմային չէր վերաբերում։
Բայց պատկերացրեք, թե օրական քանի հարյուր զբոսաշրջիկներ են դառնում Թռչունների քարանձավի և Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտնականների զոհը։ Քանի-քանիսն են նման տպավորություններ տարածում արտերկրում։ Քանի-քանիսն են սխալ ինֆորմացիա և սուտ տարածում, ինչ է թե՝ ոմանք էժանագին սենսացիաների սիրահար են։
Այս մասին մի քանի անգամ խոսել եմ տեղի զբոսավարների հետ։ Նրանք արդարացան, թե իրենց այդպես են սովորեցրել՝ նման նյութերով։ Իհարկե, գիտե՛մ, թե զուռնի ձայնը որտեղից է գալիս։ Ու, ձեր տարակուսանքները փարատելու համար, մեջբերեմ տարիներ առաջվա իմ, Փիլիպոսյան Աշոտի և Ավետիսյան Պավելի միջև մասնավոր խոսակցությունից հատված։
Երբ ցանկանում էին Գառնիի տաճարի տարածքում սրճարան կառուցել, և մենք ընդդիմանում էինք, Հ1-ը հեռուստաբանավեճ կազմակերպեց, ուր մեզ ընդդիմացողների թվում էին (որոնք կողմ էին սրճարանի կառուցմանը) վերը նշյալ անձինք։ Բանավեճից հետո դրսում մոտավորապես նման խոսակցություն ունեցանք։ Հարցրեցի՝ ո՞րն է հիմքը, թե Արենիի քարանձավում մարդկային զոհաբերություններ են կատարվել (ի դեպ, ինստիտուտի պատվերով ժամանակին «Շանթ» հեռուստաընկերությունն անգամ ընդարձակ ռեպորտաժ էր պատրաստել. ժամանակին խոսում էին նաև մարդակերության մասին)։ Ստացա պատասխան, թե որևէ հիմք չկա, դա միայն տեսակետ է։


Ավելին չասեմ, այս խնդրին բազմիցս անդրադարձել եմ։ Բայց պատկերացրեք, թե նման տեսակետները որքան են վնաս հասցնում մեզ։ Երբ խոսում ենք, հյուրերին պատմում, թե հնագույն քաղաքակրթություններից մեկի սկզբնավորողն ենք, և հանկարծ կողքից՝ բա դուք մարդ եք զոհաբերել, երբեմն ավելին՝ մարդակեր էիք, ի՞նչ քաղաքակրթությունից եք խոսում...

Դիտվել է՝ 11665

Մեկնաբանություններ