Մինչ ՈՒկրաինայից ամեն օր բղավում են սպառազինության մատակարարման պատճառով իրենց խնդիրների մասին, Արևմուտքն իր հարցերն է լուծում` սեփական քաղաքացիների բարօրությունը բերելով առաջին պլան։ Եվ դա բնական է. յուրաքանչյուր պետության առաջին և ֆունդամենտալ պարտականությունը նախ սեփական ժողովրդի բարօրության մասին մտածելն է (Հայաստանի ներկայիս պետական մտածելակերպը ասվածի հետ աղերս չունի):
Իսկ ՈՒկրաինա՞ն։ ՈՒկրաինան պետականության վերջնական և անշրջելի ձախողման առաջ է կանգնած, ինչն անընդհատ խորանալու է։
Պատահական չէ, որ ՌԴ նախագահը հայտարարում է, թե ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ պատերազմի չի պատրաստվում` հիմնավորելով թե՛ ռազմական ծախսերի, և թե՛ ռազմական պատրաստության հանգամանքներով։ Սա ՌԴ կողմից, թերևս, առաջին ազդակն է, որ կարող են պայմանավորվել Արևմուտքի հետ, ու ի վերջո կպայմանավորվեն։ Իսկ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին։ Վստահաբար՝ այն երկրների, որոնք դարձել են դիմակայության թատերաբեմ, ու առաջին հերթին խոսքը 4 երկրների մասին է` ՈՒկրաինա, Պաղեստին, Սիրիա և, իհարկե, Հայաստան։ Ժամանակին այս ցանկի առաջին տեղում Վրաստանն էր, սակայն, մերժելով սաակաշվիլիական պետականակործան քաղաքականությունը, Վրաստանն այժմ գնում է հարաբերությունների բալանսավորման ճանապարհով, ինչն այս պայթյունավտանգ իրավիճակում Վրաստանին օգուտով դուրս գալու հնարավորություն է տալիս։
Հայաստանը և ՈՒկրաինան, թերևս, առավել տուժող կողմն են լինելու, և եթե այս պահին ՈՒկրաինայի պետականության վերջնական ճգնաժամը տեսանելի է, ապա Հայաստանը դեռևս չնչին հնարավորություն ունի հաղթահարելու քաոսային ճգնաժամերի վտանգը, եթե գնա հարաբերությունների հավասարակշռման ճանապարհով, ինչը միանշանակ և աներկբա հնարավոր չէ թշնամահպատակ վարչակարգի առկայությամբ։
Արա Պողոսյան