ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը որոշել է պատասխանել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտնի հայտարարությանը:
Լավ է արել, իր իրավունքն է:
Չնայած մի շարք հանգամանքների համադրությունն ակնհայտ են դարձնում, որ Խումարյանի նկատմամբ կոնսոլիդացված պետական ճնշում է իրականացվում:
Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել, մանավանդ, որ «հեղափոխական փնթիների» ավտորիտարիզմն այլևս նորություն չէ:
Գամ հիմնական ասելիքին. Արշակյանն արել է մի հայտարարություն, որ հազվադեպ կհանդիպեք անգամ Ադրբեջանի պաշտոնյաների կատարմամբ:
Նա ասել է.
«Այլևս ցեղասպանված չլինելու՝ տնօրենի ձևակերպած պետական նպատակը միայնակ չի՛ կարող լինել պետության նպատակ, սակայն նույնիսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դադարել լինել լեգիտիմ թիրախ, դադարել նետել մարտահրավեր, որը քոնը չի՝ ուրիշինն է, պետք է դադարել ստրկանալ սեփական ատելությանը՝ ներմուծված ատելությանը»։
Յուրաքանչյուր ագրեսիայից հետո, նույնիսկ Բաքվում են փորձում «արդարացումներ» գտնել, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան, ՔՊ վարչության անդամը բաց տեքստով ասում է, որ Հայաստանը «լեգիտիմ թիրախ» է Ադրբեջանի համար՝ փաստորեն արդարացնելով նաև մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան:
Նման խոսույթն ապալեգիտիմացնում է մեր պետականությունը, լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը:
Չկա՛ ՔՊ, նրա դեմքով գործում է «Ենի Ազրբեջանի» հայկական ֆիլիալ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ