Այս չար ժամանակնեում մեր մեջ հաճախ ենք լսում ազգի ապաշխարության մասին կոչեր: Իհարկե անհրաժեշտ է յուրաքանչյուրս էլ առանց վերապահության գիտակցենք մեր կյանքի ընթացքում գործած անհատական, առանձին մեծ կամ փոքր մեղքերը, որոնք պետք է անպայման խոստովանել ու ապաշխարությամբ ազատվել դրանց բեռից: Սակայն այժմ հարկ է խոսենք մեղքերի այն խմբի մասին, որոնք գործել ենք ու, ցավոք, շարունակում ենք գործել հավաքական, միասնական կերպով և որոնցից էլ պետք է հրաժարվենք միասնաբար ու հավաքականորեն:
Դարերի խորքերից ենք ժառանգել դրանց զգալի մասը և, ավա՜ղ, վերջին ժամանակների մեր պատմության մեջ չենք հանդիպում հիշատակություններ այն մասին, որ մեր նախնիները փորձել են ազատվել այդ ճնշող բեռի ծանրությունից ու կաշկանդումից:
Հավաքական մեղքերը խոստովանելու և Տիրոջ ողորմությունն ակնկալելու լավագույն օրինակներ է մեզ ներկայացնում Աստվածաշունչը՝ Նէեմի 9, Հովնան 3, Յուդիթ 4:7-12, Գ Մակաբայեցոց գրքերում:
Հավատացյալ ժողովրդի մի ստվար հատվածի մոտ համոզմունք է ձևավորվել, որ մեզ հետ վերջին հարյուրամյակների ընթացքում պատահող շարունակական պատուհասների ու արհավիրքների հիմքում ընկած է մեր ազգի հավաքական մեղանչական վարքն ու բարքը:
Հետադարձ հայացք ձգելով մեր ոչ այնքան վաղ անցյալին` սկսած սուլթան Համիդի ժամանակներից մինչ օրս, կարելի է մտաբերել.
- համիդյան կոտորածները,
- 1915-1923 թթ. եղեռնն ու կոտորածը,
- 1920 թ. Կարսի անառիկ ամրոցի հանձնումը, պետականության, մարդկային, տարածքային կորուստները,
- 1920 թ. խորհրդայնացումը և հաջորդող տարիների ընթացքում ժողովրդի հանդեպ կատարված բռնություններն ու հալածանքները,
- 1930-37 թթ ժողովրդի անաստվածության, բարոյազրկման արդյունքում խրախուսված մատնիչների, ազգադավների հոծ բազմությունը, նրանց կեղծ մեղադրանքներին հաջորդած զանգվածային բռնությունները, աքսորը, գնդակահարություններն ու ոչնչացումը,
- 1941-1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մինչև 300 000 հայ ընտրյալ զանգվածի զոհաբերությունը,
- 1949 թ. հայրենադարձներին ընտանիքներով Սիբիր աքսորելը,
- արհամարհանքը հայոց լեզվի ու դպրոցների հանդեպ, ռուսական կրթության քարոզչությունը,
- 1988 թ. ավերիչ երկրաշարժի պատճառած կորուստները, Սումգայիթի և 1990 թ. Բաքվի ջարդերը,
- 1990 թ. առ այսօր արցախյան պատերազմում մեր տված մարդկային և տարածքային կորուստները, ամոթալի կապիտուլյացիան, Արցախի խայտառակ հանձնումն ու դրան հաջորդող անորոշությունն ու քաոսը,
- սփյուռքի խոշոր գաղութների քայքայումը, սփյուռքահայության մեջ տեղի ունեցած պատուհասները` պատերազմները Լիբանանում և Սիրիայում, Բեյրութի պայթյունը և այլն:
Արդյոք մեր հավաքական մեղքերը չե՞ն դրանց պատճառները, որոնցից առավել ցցուններն են.
- Տիրոջ պատվիրաններից հեռացումը, հավատի ուրացումը, անաստվածությունը, սնահավատությունը, հոգևորականության հալածանքները, սպանությունները, մատնությունները, եկեղեցիների ավերն ու քանդը, քանդված եկեղեցիների տեղում գանձերի որոնումը, պղծումը, ոչ թե արդարության, այլ ուժի մեջ Աստծո որոնումը,
- պատմական որոշակի ժամանակներում Քրիստոսի եկեղեցու տրոհումը, մի փոքր ազգի համար շռայլորեն, միաժամանակ մի քանի` մինչև չորս հայրապետական աթոռների, ներկայումս էլ երկու աթոռների գոյությունը,
- Տիրոջ, եկեղեցու և մարդկանց առջև արված ուխտերի բացահայտ դրժումը, որոնցից մեկն է կուսակրոնության ուխտը։
(Եթե ուխտ ես անում քո Տեր Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածը պահանջելով պահանջելու է քեզնից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ (Երկրորդ օրենք 23:21):
Հանցավոր է այն մարդը, որ լսում է մեկի երդումը, վկա է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղյակ է լինում և այդ մասին չի հայտնում։ Այդ մարդը մեղքի տակ է ընկնում Ղևտական 5։1),
- ազգային ավանդական արժեքների ու շահերի ուրացումն ու դավաճանությունը,
- թագավորների և հայրապետների սպանությունը, նրանց օրինական իշխանության վերացումը (ս. Տրդատ Մեծ, Խոսրով մեծ, Արտաշես Արշակունի, Գագիկ Բ Բագրատունի, ս. Ներսես Մեծ, ս. Հուսիկ, ս. Սահակ Պարթև, Խորեն Մուրադբեկյան…),
- բազմահազար աբորտները, մանկասպանությունը,
- ազգային ունեցվածքի ու երկրի թալանը, գողությունը,
- կաշառակերությունը որպես կենսակերպ ընդունելը, հանդուրժելն ու խրախուսելը (Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը և ավերում արդար գործերը, Ելք 23:8),
- մեղքի, պղծության ու այլասերման, ուրացման, դավաճանության հանդեպ հանդուրժողականությունը, չհիմնավորված ներողամտությունը, դրանց արդարացումը, գոյության իրավունքի հաստատումը,
- խոսքի մեջ անեծքի ու հայհոյանքի տարածված կիրառումը, մանավանդ հաճախ լսվող Տիրոջ Մորը հիշելու հայհոյական արտահայտությունները,
- ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դիմաց ձայն կամ ավելի ճիշտ խիղճ առնելն ու վաճառելը, սեփական զավակների ապագան վտանգելը և խորտակելը:
Ցանկացած իրադարձության մեջ փորձենք հասկանալ Աստծո ծրագիրը և, թե ինչու Նա թողեց, որ տեղի ունենա այս կամ այն երևույթը:
Այս մտքով պետք է հարց տանք ինքներս մեզ, թե.
- ինչու՞ մեր վրա եկավ 1915 թ. եղեռնը,
- ինչու՞ կորցրինք մեր պատմական հայրենիքը,
- ինչու՞ թուրքին հանձնվեց անառիկ Կարսը,
- ինչու՞ մտանք բոլշևիկյան պետության մեջ,
- ինչու՞ ենթարկվեցինք սովետական հալածանքներին,
- ինչու՞ երկրորդ համաշխարհայինի ժամանակ մենք կորցրինք մեր ժողովրդի արական սեռի զգալի հատվածը,
- ինչու՞ ունեցանք եկեղեցիների ավեր ու թալան խաղաղ տարիներին,
- ինչու՞ 80-ականների թվացյալ ազգային զարթոնքի հենց ամենաթեժ պահին ունեցանք ավերիչ երկրաշարժ,
- ինչու՞ Արցախյան պատերազմի ընթացքում՝ անկախության տարիների առաջին տասնամյակում, մեր միջից վերցվեցին ամենանվիրյալ, լայնախոհ ու ազատատենչ ռազմական, պետական, քաղաքական և ազգային գործիչները,
- ինչու՞ Նախախնամությամբ մեզ ընձեռված անկախության տարիների ողջ ընթացքում շարունակ վատնում, փոշիացնում ենք առաջընթաց, զարգացում ունենալու բոլոր միջոցներն ու հնարավորությունները,
- ինչու՞ կորոնավիրուսի ժամանակ առավել ջերմեռանդ աղոթք անելու փոխարեն փակվեցին եկեղեցիների դռները, պատարագները կատարվում էին արևածագին, որ որքան հնարավոր է քիչ մարդ մասնակցեր, իսկ գլխավոր հովվապետն էլ Սուրբ Հարության պատարագի արարողության ժամանակ «մարգարեանալով» հայտարարեց, թե ինքը պատարագ է մատուցում առանց հավատացյալների` կարծես կասկածի տակ դնելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևորականի զգեստներով բոլոր ներկաների հավատացյալ լինելու հավանականությունը,
- ինչու՞ ուղիղ 100 տարի անց մենք կրկնեցինք Կարսի ամրոցի հանձնման դավադրական գործողությունները` այս անգամ Շուշիի և հետո էլ ողջ Արցախի տեսքով։
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ