1950 թ. Չինաստանն օկուպացրեց Տիբեթը: Այնուամենայնիվ, Չինաստանի հետ հատուկ համաձայնագրով մինչև 1959 թ. Տիբեթը ղեկավարում էր Դալայ Լաման: Վերջինս 1959 թ. փախուստի դիմեց և Հնդկաստանի հյուսիսում Տիբեթի վտարանդի կառավարություն ստեղծեց:
Մինչ օրս այդ կառույցի ղեկավարն ընտրվում է աշխարհասփյուռ տիբեթցիների քվեներով: Ընտրություններն անցկացվում են պարբերաբար:
Տարբեր ժամանակահատվածներում վտարանդի կառավարություն ունեցել են Ալժիրը, Աբխազիան, Բիրման, Բուլղարիան, Վիետնամը, Կամբոջան, Լիտվան, Սերբական Կրաինան, Կորեան, Էստոնիան, Հարավսլավիան, Սիրիան...
Սովորաբար, վտարանդի կառավարություններն արդյունավետ են, եթե ֆինանսական և քաղաքական աջակցություն են ստանում: Այդպիսինները գրեթե միշտ լուրջ մարտահրավեր են նետում, նպատակ ունենալով վերադառնալ Հայրենիք և այնտեղ իշխանություն հաստատել:
Այժմ Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու պահն է:
Ո՞վ է խանգարում այսօրինակ կառավարություն ստեղծել Հայաստանում: Փաշինյան Նիկո՞լը, Պուտին Վլադիմի՞րը: Այդ դեպքում Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում ստեղծեք: Համոզված եմ, որ այնպես, ինչպես Տիբեթի դեպքում, Արցախի վտարանդի կառավարությունը կստանա աշխարհասփյուռ հայերի աջակցությունը: Արցախի խնդիրը լուծելու այլ տարբերակ չկա և չի լինելու:
Սակայն, ի տարբերություն Տիբեթի և մնացածների, Արցախի օրինական իշխանությունները լուծարում են Արցախը, իսկ Արցախի Դալայ Լաման, կներեք, հոգևոր առաջնորդը վաղուց իրական փախուստի մեջ է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ